HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերում կկառուցվեն համայնքի արտաքին ջրագծից սնվող աղբյուրներ

Մեծ Այրում համայնքի մեջ մտնող Փոքր Այրում գյուղում փաստացի բնակվում է 50 ընտանիք՝ 150 բնակչով: Նրանք հիմնականում Բաքվի և Կիրովաբադի փախստականներ են: Գյուղապետ Սահակ Նազարյանի խոսքով` փոքրայրումցիները աշխատասեր մարդիկ են: Նրանք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Փոքր Այրումի գյուղացիները օրեր առաջ «Հետք»-ին ահազանգել են խմելու ջուր չունենալու մասին:

Սեպտեմբերի 7-ին գյուղի հազիվ ծորացող, միակ աղբյուրի մոտ հանդիպեցինք Հասմիկ Փարսադանյանին: Հասմիկը երկու փոքր երեխա ունի, սպասում է երրորդին: Երեխաներից մեկը՝ 3, փոքրն էլ՝ 1 տարեկան 2 ամսական է:

«Առավոտից իրիկուն ջուր եմ կրում, որ հաջորդ օրը կարողանամ լվացք անել»,- բացատրեց նա: Վերջինս պատմեց, որ փոքր երեխային քնեցնելուց հետո է կարողանում ջուր կրել: Ամեն անգամ աղբյուրի մոտ կուտակված հերթում Հասմիկը բացատրում է, որ երեխան քնած է և խնդրում է իրեն անհերթ ջուր տան: Մարդիկ  ընդառաջում են Հասմիկին: «Ես ընդհանրապես չգիտեմ մեր գյուղում ինչ է սպասվում՝ ջրի հետ կապված: Երանի տեղեկություն ունենամ, գոնե ես ինքս ինձ հույս տամ, որ երբևիցե ջուր կունենանք»,-ասում է Հասմիկը:

Գյուղի փոստային բաժանմունքի աշխատող Ժաննա Հովսեփյանն ասում է, որ արդեն երկու ամիս է գյուղում ջրի համար վեճեր են լինում. «Հերթ չի հասնում գոնե 2 դույլ ջուր վերցնենք: Եվ ամեն օր մեր գյուղում նույն խնդիրն է, նույն վեճերն են»,- ասում է Ժաննան:  

Զոյա Սահակյանը աղբյուրից էշով է ջուր կրում, գյուղի ամենավերջին տանն է ապրում: «Շատ կներեք, կոպիտ ա, բայց ճիշտ եմ ասում, մի հատ էշ ունեմ, եթե էդ էշս սատկի, իմ վիճակը ոնց կլինի: Էշով գալիս եմ աղբյուրը, ջրի հերթ կանգնած ժողովրդի սիրտը սևանում ա, ասում  են՝ Զոյան եկավ»,- պատմում է նա: Էշին բարձած  80 լիտրանոց ջրի տարաներով` Զոյան ջուր է կրում անասուններին ջրելու, լվացքի եւ տան մաքրության համար:

Ակոբ Ծատուրյանը սկզբում զայրացած հրաժարվեց խոսել։ «Ջղայն եմ խոսում, որովհետև երեք գեղապետ իրենց տեղը էսքան նստել են, ոչ մեկը չի լուծել մեր ջրի հարցը։ Կգրես, որ Փոքր Այրումում ամեն ինչ լինում ա՝ նուռը, թուզը, ամեն ինչ: Բա խի չեք ջուր տալիս, որ ժողովուրդը էդ ամենը աճեցնի: Էն էլ կգրես, որ գեղըմը փոքր երեխեք կան, երեխեն պտի մաքուր լինի, ուր ա, ոչ ջուր կա, ոչ բան»,- զայրույթն արտահայտեց նա:

Անասնապահ Կառլեն Գաբրիելյանի հաշվարկով գյուղում ամեն բնակչին օրական մեկ լիտր ջուր է ընկնում: «Պիտի բաժակները բերենք, էստեղ բաժակով ջուր խմենք, գնանք: Տեսնու՞մ չեք ինչ վիճակում է գտնվում մեր գյուղը»,- ասաց 83-ամյա Կառլենը: Նրա 3 կովերն էլ աղբյուրի  դատարկ նովի հատակն են լիզում: «Էդ կովը ինչ արդյունք կտա, դրանք կաթ կտա՞ն, եթե ջուր չխմեն։ 90 ոչխար ունեմ, ամեն ոչխարին, որ օրը 2 լիտր ջուր տաս, ինչքան ջուր պտի բերես: Ինչքան ա հնարավոր բերել, ոչ մեկը չի հետաքրքրվում: Մեր իրավունքները խախտվում ա ամեն րոպե, մենք չենք կարողանում մեր իրավունքները վերականգնել»,- բացատրեց Կառլենը, ապա «Հո՜, հա՜» գոռալով` սաստեց աղբյուրի ծորակից լցվող դույլի վրա հարձակվող կովին:

«Ցավդ տանեմ, մեր գյուղում ինչը չի խնդիր, բայց հիմա միայն անասունի համար եմ մտածում: Էսա կովերս ու ոչխարը կգան ստեղ, նովումը ջուր չկա»,- դժգոհեց Սեդա Փոլյանը:

Հոշ-հոշ անելով՝ էշին նստած  կովերին առաջ արած աղբյուրին մոտեցավ  Սեդայի 70-ամյա ամուսինը՝ Արամայիս Փոլյանը: «Անասունները կոտորվում են ծարավից, էսա մեր աղբիրը: 20 հատ կով ունեմ, բայց ծարավ են: Ով որ ավտո ունի, Դեբեդիցը բերում են, ես էշով ո՞նց բերեմ էդքան ջուրը: Ամեն անասուն10-20 լիտր ջուր են խմում»,- բողոքեց Արամայիսը: Նրա ասելով՝ Փոքր Այրումում կյանքը դժվար է իրենց համար, ջուր չունեն՝ ոչ բաղչի, ոչ խմելու, ոչ անասունի ու ամեն ինչի համար: Արամայիսը խնդրեց նկարեմ աղբյուրի դատարկ  նովը. «Ծարավ անասուններին էլ հետը նկարի: Էդ ա մեր ջուրը, արաղի նման վեր ա գյալի»,- ասաց նա: Հետո սիրտը դատարկեց, թե էդ անասունով են ապրում,15 հազար դրամ թոշակ է ստանում, դրանով ոնց յոլա կերթան:

«Տեսնում եք նովումը ջուր չկա, էլ ու՞ր եք անասունին բերել էստեղ»,- հարցրի: «Բերի աղբյուրին տեսան, անասունի ումուդը կտրեց: Կրուգոմ գեղերը լյոխ գալիս են ստեղ: Մի 20 հատ էլ ոչխար ունեմ»,- պատմեց Արամայիսը և էշին նստած, անասուններին առաջն արած` դառնացած հեռացավ աղբյուրից:

Գյուղապետ Սահակ Նազարյանը հայտնեց, որ 2004թ.-ին Նահատակ ձորի լեռնային աղբյուրներից սնվող խմելու ջրի ջրագիծ է կառուցվել Մեծ Այրումի ջրամատակարարման համար, սակայն  կարճ ժամանակ անց  ջրամատակարարումը դադարեցվել է  ջրի` ստանդարտներին չհամապատասխանելու պատճառով: Մեծ այրումցիներից մեկը մեզ բացատրեց, որ 2004թ.-ի կառուցված Մեծ Այրումի ջրամատակարաման ջրագիծը սնվել է  Մեծ Այրում –Ճոճկան գյուղերի արանքում՝ Նահատակի ձորում  տեղավորված «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի  հանրահայտ պոչամբարի բերանին գտնվող լեռնային աղբյուրից: Ջրագիծը կառուցելուց կարճ ժամանակ անց պոչամբարը բերնեբերան լցվել և ծածկել է Մեծ Այրումի ջրագիծը սնող լեռնային աղբյուրը, որի պատճառով էլ դադարեցվել է կառուցված ջրագծով ջրամատակարարումը:

Ախթալայի ենթաշրջանի համայնքները ապականող  «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի ներկա և նախկին սեփականատերերը Մեծ Այրումի ջրամատակարաման խնդրի լուծման գործում որևէ պարտավորություն չեն ստանձնել: Գյուղապետ Սահակ Նազարյանն էլ  որևէ պահանջ չի դրել ԼՀԿ-ի սեփականատերերի առաջ: Անցած  տարիներին Մեծ և Փոքր Այրումների 1200 բնակիչները  օգտվել են  խմելու ջրի մեկական  բնական աղբյուրներից, որոնք այս տարվա աննախադեպ երաշտից ցամաքել են:

Կառավարության աշխատակազմի  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» («ԳՏՏԶ ԾԻԳ») ՊՀ-ի 205մլն դրամ ներդրումով 2015թ.-ին կառուցված «Լոռի Բերդ» ջրագծից սնվող 5214մ երկարությամբ արտաքին ջրագիծն առ այսօր չի գործում՝ գյուղում ներքին ցանց չունենալու պատճառով:

Սեպտեմբերի 4-ին կառավարության աշխատակազմի «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ղեկավար Աշոտ Վարդանյանը  Փոքր Այրումի խմելու ջրի ջրագծերի հարցը  «Հետք»-ի հետ քննարկելիս հայտնեց. «Երբ հարց է դրվել Մեծ Այրումի ջրագծի կառուցումը մեր ծրագրում ներգրավելու մասին, այդ ժամանակ մեր ամբողջ ծրագրերը կառավարության որոշումով բաշխված էր: Մենք միջոց չունեինք: Գյուղապետ Սահակ Նազարյանին բացատրեցինք, որ կարող ենք մեր տնտեսած միջոցներից Մեծ Այրումի կամ արտաքին ջրագիծը, կամ ներքին ցանց կառուցել: Ս. Նազարյանը նպատակահարմար գտավ, որ մենք կառուցենք համայնքի արտաքին ջրագիծը»,- ասաց Ա. Վարդանյանը:

Նրա ասելով՝ այդ ժամանակ  գյուղապետը իրեն վստահեցրել  է,  թե արտաքին ջրագիծ ունենալու դեպքում, կարող  է այլ դոնորների միջոցով կառուցել ջրագծի ներքին ցանցը: «Մենք նաեւ տեղեկություն ունեինք, որ իրենց արտաքին ջրագծով Մեծ և Փոքր Այրումներին մատակարարվող  ջուրը սնվում  է ծանր մետաղներով հագեցած ակունքներից: Այս տեղեկությունը ունենալով` գյուղացիներին ծանր մետաղներ պարունակող ջրից ազատելու համար  որոշեցինք  կառուցել և նորմալ ջուր բերել  համայնքի համար: Նորմալ ջուրը բերել ենք, ծրագիրն իրականացրել ենք»,- հայտնեց Ա. Վարդանյանը: Սահակ Նազարյանին անցած 2 տարիներին չի հաջողվել դոնորներ գտնել ներքին ցանցի կառուցման համար: 

Իր ասելով՝  ներքին ցանցի կառուցման համար դիմել է «Շեն» բարեգործական կազմակերպությանը և մարզպետարանին: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը նույնպես շրջանցել է  Մեծ Այրում համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման հարցը, այն չի մտցվել 2017թ.-ի  կառավարության պահուստային ֆոնդից ֆինանսավորվող մարզի հրատապ ծրագրերի մեջ:  Աշոտ Վարդանյանը գտնում է, որ Մեծ Այրումի ջրամատակարարման համար գյուղապետը պետք է դիմի կառավարությանը:

«Հիմա մեր գյուղի ներքին ցանցի խնդիրը հրատապ է, ունեցած ներքին ցանցով չենք կարող այլևս ջրամատակարարում անել, իսկ համայնքի երկու աղբյուրները ցամաքել են: Մեծ Այրումում հրդեհավտանգ վիճակ է»,- ահազանգում է Ս. Նազարյանը:

Աշոտ Վարդանյանը հայտնեց, որ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ-ի ներդրումային միջոցներով Մեծ Այրում համայնքի նորակառույց  արտաքին ջրագծից սնվող մեկական աղբյուրներ կկառուցեն Մեծ Այրում և Փոքր Այրում գյուղերում՝ մինչև համայնքի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը գյուղացիների խմելու ջրի մատակարարման խնդիրը ժամանակավոր լուծելու համար: Աշոտ Վարդանյանը նաև հայտնեց, որ Մեծ Այրումի նորակառույց արտաքին ջրագիծը կառավարության որոշումով  նվիրաբերված է Մեծ Այրում համայնքին:

Մեկնաբանություններ (1)

Ավագ
Նույն վիճակն է Մղարթում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter