HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սողունները, վիրուսներն ու բակտերիաները՝ արգելված իր. դատարանների խորհուրդը ցանկ է սահմանել և փոփոխել զննության կարգը

Սեպտեմբերի 11-ին Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի որոշմամբ 2011-ին ընդունված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու կարգերը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են մտցվել: Այս մասին տեղեկացնում է դատական դեպարտամենտը:

«Դատարանների խորհրդի այս որոշմամբ՝ զննության նոր կարգ է հաստատվել և սահմանվել է արգելված իրերի ցանկ:

Այսպիսով, ըստ խորհրդի որոշման, պահպանվող տարածք մուտք գործող անձանց արգելվում է ներս բերել հետևյալ իրերը.

1. Զենք`ցանկացած առարկա, որն ի վիճակի է կրակ արձակելու և վնաս պատճառելու, այդ թվում` բոլոր հրաձգային զենքերը (ատրճանակ, ռեվոլվեր, հրացան, կարճափող զենք և այլն), հրազենային զենքի կրկնօրինակներ կամ նմանակումներ, հրազենային զենքի առանձին մասեր, գազային զենք, պնևմատիկ ատրճանակներ, հրացաններ և գնդիկավոր հրացան, ազդանշանային ատրճանակ, մեկնարկային ատրճանակներ, բոլոր տիպի խաղալիք ատրճանակներ, գնդակ նետելու հարմարանքներ, մեխ և պտուտակ ամրացնելու արդյունաբերական սարքեր, արբալետներ, նիզակներ, բթացնող կամ հարվածող սարքեր, հրազենային զենքի տեսքով պատրաստված կրակայրիչներ, էլեկտրոշոկային սարքեր:

2. Կտրող, ծակող զենք և սուր առարկաներ՝ կացիններ, նետեր, մաչետեներ, ցանկացած երկարության շեղբով բացովի կամ ծալովի դանակներ, ցանկացած երկարության սայրով մետաղյա կամ որպես պոտենցիալ զենք օգտագործվելու համար բավարար ցանկացած այլ ամուր նյութից պատրաստված դանակներ, բաց ածելիներ և շեղբեր, սրեր, թրեր, մկրատներ, մետաղյա աստղեր, արդյունաբերական ապրանքներ, որոնք կարող են օգտագործվել որպես ծակող, կտրող զենք, օրինակ` գայլիկոններ, սպասքի դանակներ, սղոցներ, պտուտակահաններ, լինգեր, մուրճեր, հարթաշուրթեր, խցանահանիչներ, ենթամաշկային ներարկման ասեղներ, գործելու շյուղեր:

3. Բութ գործիքներ`բեյսբոլի մականներ, գոլֆի թիեր, հոկկեյի թիեր, նավակի թիեր, բիլիարդի կիեր, ձկնորսության կարթեր, մահակներ:

4. Պայթուցիկ և դյուրավառ նյութեր՝ զինամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր, պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի կրկնօրինակներ կամ նմանակումներ, արկեր և այլ պայթուցիկ ռազմամթերք, բոլոր տիպի նռնակներ, գազեր և գազային կոնտեյներներ, օրինակ` բուտան, պրոպան, ացետիլեն, թթվածին, հրավառության նյութեր, ինքնահրկիզվող լուցկիներ, հրավառ հեղուկ վառելիք, օրինակ` բենզին, դիզելային վառելիք, կրակայրիչ լիցքավորող հեղուկ, սպիրտ, էթանոլ, այլ սպիրտ պարունակող տեխնիկական հեղուկներ, աէրոզոլային ներկեր. սկիպիդար և ներկեր, ալկոհոլային հեղուկներ:

5. Քիմիական և թունավոր նյութեր` թթուներ և հիմքեր, կոռոզիոն և սպիտակեցնող նյութեր, օրինակ` սնդիկ, քլոր, գազային բալոններ, որոնք նախատեսված են մարդկանց վնասազերծելու համար, օրինակ` արցունքաբեր գազ, ռադիոակտիվ նյութ, օրինակ` բժշկական կամ կոմերցիոն իզոտոպներ, թույներ, ինֆեկցիոն կամ կենսաբանական վտանգավոր նյութեր, օրինակ` բակտերիաներ և վիրուսներ, ինքնահրկիզվող նյութեր, կրակմարիչներ:

6. Ցանկացած տեսակի թմրանյութեր և թմրադեղեր:

7. Ցանկացած տեսակի կենդանիներ, ձկներ, սողուններ, միջատներ և թռչուններ:

8. Փակ տուփեր, արկղեր, փաթեթներ և պայուսակներ, բացառությամբ անձնական օգտագործման համար նախատեսված թղթապանակների, պայուսակների և այլն:

Ինչ վերաբերում է դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց զննության կարգում առկա փոփոխություններին, ապա տպավորություն է, որ այդ փոփոխություններն արվել են՝ կարգադրիչների՝ մինչ այսօր կատարած  գործողություների համար օրինական դաշտ ստեղծելու նպատակով: Զննության կարգը, որ հաստատվել է դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի կողմից, ամբողջությամբ կրկնությունն է այն գործողությունների, որոնք վերջին շրջանում դատարաններում քննվող աղմկահարույց քրեական գործերով նիստերի ժամանակ կատարում են դատական կարգադրիչները:

Մասնավորապես, կարգի 2.1 կետի համաձայն՝ կարգադրիչը զննություն իրականացնելուց առաջ անձին առաջարկում է ազատվել այն իրերից, որոնք սույն կարգի իմաստով համարվում կամ կարող են համարվել արգելվող իրեր: Միաժամանակ, անձը տեղեկացվում է դատարանի վարչական շենքում գտնվող համապատասխան պահոցներից օգտվելու հնարավորության մասին (դրանց առկայության դեպքում):

2.2. Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու գործընթացը, որպես կանոն, կազմակերպվում է տեղակայված տեխնիկական միջոցների օգտագործմամբ: Համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության դեպքում զննությունն իրականացվում է տվյալ պահին առկա տեխնիկական միջոցներով (օրինակ` շարժական տեխնիկական միջոց և այլն):

2.3. Զննության ենթարկված անձի մոտ սույն կարգի իմաստով արգելված համարվող իրեր չհայտնաբերելու դեպքում կարգադրիչն ապահովում է նրա անարգել մուտքը պահպանվող տարածք:

2.4 Եթե պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության ժամանակ տեխնիկական միջոցներն արձակում են համապատասխան ազդանշան, ապա կարգադրիչը զննության ենթարկված անձին առաջարկում է ազատվել այն իրերից, որոնք սույն կարգի իմաստով համարվում կամ կարող են համարվել արգելվող իրեր, ինչպես նաև առիթ են հանդիսանում տեխնիկական միջոցների համար` արձակելու համապատասխան ազդանշան: Անձին կրկին հիշեցնում են դատարանի վարչական շենքում գտնվող համապատասխան պահոցներից օգտվելու հնարավորության մասին:

2.5 Եթե զննության ենթարկված անձը հրաժարվում է կատարել սույն կարգի 2.4 կետում նշված գործողությունները և ցանկանում է մուտք գործել պահպանվող տարածք, ապա կարգադրիչի կողմից առաջարկվում է ներկայացնել այն իրերը, որոնք առիթ են հանդիսանում տեխնիկական միջոցների համար` արձակելու համապատասխան ազդանշան, և կրկին ենթարկվել զննության: Միաժամանակ անձը տեղեկացվում է դատարանի վարչական շենքում առանձին սենյակում զննության ենթարկվելու հնարավորության մասին:

2.6 Եթե զննության ենթարկված անձը սույն կարգի 2.4 կետում նշված գործողությունները կատարելուց հետո ենթարկվում է կրկնակի զննության և տեխնիկական միջոցները կրկին արձակում են ազդանշան, ապա կարգադրիչի կողմից առաջարկվում է ներկայացնել այն իրերը, որոնք առիթ են հանդիսանում տեխնիկական միջոցների համար` արձակելու համապատասխան ազդանշան, և կրկին ենթարկվել զննության: Միաժամանակ անձը տեղեկացվում է դատարանի վարչական շենքում առանձին սենյակում զննության ենթարկվելու հնարավորության մասին:

2.7 Զննության ենթարկված անձի կողմից տեխնիկական միջոցների համար ազդանշան արձակելու առիթ հանդիսացած կամ կարգադրիչի մոտ հիմնավոր կասկած առաջացրած իրերը ներկայացնելուց հետո, եթե կարգադրիչը համոզվում է դրանց` սույն կարգի իմաստով արգելվող համարվող իրեր չհանդիսանալու հանգամանքի մեջ, ապա ապահովում է նրա անարգել մուտքը պահպանվող տարածք:

2.8 Եթե զննության արդյունքում սույն կարգի իմաստով արգելվող իրեր են հայտնաբերվել, ապա կարգադրիչն առաջարկում է դրանք թողնել դատարանի վարչական շենքում գտնվող պահոցում` պահպանվող տարածքից դուրս գալու ժամանակ այն վերցնելու պայմանով: Սույն կետում նշված գործողությունների կատարումից հրաժարվող անձի մուտքը պահպանվող տարածք արգելվում է:

2.9 Առանձին սենյակում զննություն կատարելու դեպքում զննության ենթարկվողն իրավունք ունի զննության գործընթացին հրավիրել ընթերակա:

2.10 Անհրաժեշտության կամ զննությունից հրաժարված կամ կրկնակի զննության ենթարկված անձի պահանջի դեպքում այդ մասին դատական կարգադրիչը կազմում է արձանագրություն, որում իր նկատառումները կարող է ներկայացնել համապատասխան անձը և ստորագրել այն (ընթերակայի մասնակցության դեպքում արձանագրությունը ստորագրվում է նաև նրա կողմից): Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում կարգադրիչն արձանագրության մեջ այդ մասին կատարում է գրառում: Արձանագրությունը կազմվում է երկու օրինակից, որից մեկը հանձնվում է զննությունից հրաժարված կամ զննության ենթարկված անձին, իսկ մյուսը պահվում է ծառայության համապատասխան ստորաբաժանումում: Դատավարությանը մասնակցող անձանց պարագայում արձանագրություններ կազմվելու դեպքում դրա մեկ օրինակը հանձնվում է այն դատավորին, որի վարույթում է գտնվում համապատասխան դատական գործը:

Հիշեցնենք, որ զննության հետ կապված խնդիրը բարձրաձայնել են վերջին շրջանում քննվող աղմկահարույց քրեական գործերով փաստաբաններ: Վերջիններս տևական ժամանակ պահանջում էին իրենց ապօրինի խուզարկության չենթարկել, և դրա փոխարեն դատարաններն ապահովել սկաներ սարքերով, ինչպես նաև արգելված իրերի ցանկ սահմանել: Դեպարտամենտը, փաստորեն արգելված իրերի ցանկը սահմանել է, թե որքանով դա կգոհացնի փաստաբաններին, առայժմ պարզ չէ, իսկ ինչ վերաբերում է սկաներ սարքերի տեղադրմանը, ապա այս խնդիրը լուծելու փոխարեն դատարանների խորհուրդը որոշել է սահմանել, որ «համապատասխան տեխնիկական միջոցների բացակայության դեպքում զննությունն իրականացվում է տվյալ պահին առկա տեխնիկական միջոցներովե:

Իսկ տվյալ պահին առկա տեխնիկական սարքերն, ըստ էության, հենց այն սարքերն են, որոնցով այսօր զննություն է կատարվում և որոնք ազդանշան են արձակում ոչ թե արգելված իրերի, այլ ցանկացած մետաղական առարկայի առկայության դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter