HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Դատախազությունն ասում է՝ գնդապետը հրաժարվել է բացատրություն տալ, վերջինս պնդում է՝ երկու անգամ իրեն հարցաքննել են

Օգոստոսի 1-ին մեր՝ «Գնդապետի պնդմամբ՝ ՔԿ քննիչներն իրեն շանտաժի են ենթարկել և անհիմն մեղադրանք առաջադրել» հրապարակման հիման վրա Քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում կատարվել է նախնական ուսումնասիրություն, որի արդյունքում ձեռք բերված նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։ Քննչական ծառայությունը մերժել է քրական գործ հարուցել՝ փաստերի բացակայության պատճառով։ Դրա հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Արմեն Գալստյանը հրաժարվել է ՀՔԾ-ում բացատրություններ տալ։ Սակայն Գալստյանը հերքում է դատախազության մեզ ուղարկված այս տեղեկատվությունը, պնդելով, որ երկու անգամ Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է, որոնց ձայնագրություններն ունի։

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ Հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում գնդապետ Արմեն Գալստյանը հայտնել է, որ 2014 թվականի սեպտեմբերի 10-ին իր և Կարեն Հովհաննիսյանի առերես հարցաքննությունից հետո  Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արա Մկրտչյանը և նրա պետ Ամբակում Գրիգորյանը իր փաստաբան Հրանտ Ավետյանին դուրս են հրավիրել աշխատասենյակից, որից հետո Ամբակում Գրիգորյանը հայհոյանքներով պահանջել է դրանից մեկ ամիս առաջ վաճառված հայրական տան գումարի՝ 70 000 դոլարի չափով կաշառք՝ սպառնալով՝ հակառակ դեպքում կալանավորել որդուն:

Գալստյանը հայտնել է, որ սեպտեմբերի 12-ին պահանջված 70 000 դոլարը տարել է Արա Մկրտչյանի բնակարան և փոխանցել նրան: Դրանից հետո, Գալստյանի հաղորդմամբ՝ 1 տարի 3 ամիս իրեն չեն հրավիրել Քննչական կոմիտե և քննչական գործողություններ չեն կատարվել:

Գալստյանի Հատուկ քննչական ծառայությունում տված հաղորդմամբ՝ 2015 դեկտեմբերին «Զարգացման հայկական բանկ»-ում գրավադրել է դստեր բնակարանը, վերցրել 35 հազար դոլար վարկ, որով գնել է ԱՄՆ մեկնելու ինքնաթիռի տոմսեր և պատրաստվել մեկնել ԱՄՆ, սակայն դեկտեմբերի 23-ին նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Բագրատ Ադամյանը որպես վկա իրեն հրավիրել է հարցաքննության: Գալստյանը փաստաբան Հրանտ Ավետյանի հետ ներկայացել է Քննչական կոմիտե և նրան հայտնել են, որ գործում ներգրավվել է որպես մեղադրյալ և որպես խափանման միջոց կալանավորում չընտրելու համար պահանջել և նույն պահին նրանից վերցրել է 20 000 դոլար, ինչից հետո նույն օրը, առանց որևէ հիմքի, ապօրինի մեղադրանք առաջադրել:

Դատախազությունը հայտնել է, որ Արմեն Գալստյանը իր կողմից ներկայացված հաղորդման կապակցությամբ հրաժարվել է բացատրություններ տալ:

«Մեզ հայտնած տեղեկատվության և քննչական կոմիտում հաղորդածի հանգամանքները պարզելու համար, դատախազությունից տեղեկացնում են, որ բացատրություններ են վերցրել Բագրատ Ադամյանից, Ամբակում Գրիգորյանից և Հրանտ Ավետյանից: Ուսումնասիրվել են քննչական կոմիետից ստացված նյութերը, Արմեն Գալստյանի կողմից նշած հանգամանքները չեն հաստատվել և բացի Գալստյանի հայտնած տեղեկատվությունից, այլ տեղեկություններ ձեռք չեն բերվել: Արդյունքում՝ օգոստոսի 26-ին որոշում է  կայացվել քրեական գործ հարուցելու մերժելու մասին»,-նշված է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով վարչության դատախազ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վ․ Դոլմազյանի Արմեն Գալստյանին ուղղված գրության մեջ: 

Դեռևս օգոստոսի 26-ին «Հետք»-ը նամակ էր ստացել Արմեն Գալստյանից, որը նա ուղղել էր հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին: Գալստյանը Շահինյանի բողոքել է ՀՔԾ քննիչ Վլադիմիր Մինասյանից, ով օգոստոսի 21-ին հրավիրված հարցաքննության ժամանակ իրեն իր ընտանիքին վերաբերող հարցեր է տվել, որոնք որևէ կապ չեն ունեցել քննվող գործի հետ:

Ինչպես արդեն նշեցինք՝ Արմեն Գալստյանը հերքում է դատախազության գրության մեջ առկա տեղեկատվությունը, որ ինքը հրաժարվել է բացատրություն տալուց։ Ասում է՝ օգոստոսի 18-ին առավոտյան ժամը 10:00-ին գնացել է ՀՔԾ՝ քննիչ Վլադիմիր Մինասյանի մոտ, իր հետ տարել ստորագրված գրություն, որով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել և քննիչին է փոխանցել բոլոր այն նյութեր, որոնք կապ են ունեցել գործի հետ, ապացուցել իր հանդեպ կատարված հանցագործությունը:

Գալստյանի հաղորդմամբ ևս մեկ անգամ ՀՔԾ օգոստոսի 21-ին է գնացել: Նրա այն հարցին՝ արդյոք քննիչը ծանոթացել է նախորդ անգամ իր բերած փաստաթղթերին, Գալստյանի փոխանցմամբ՝ քննիչն ասել է, որ դրանք իրեն չեն հետաքրքրում և ինքը ձեռագիր պետք է գրի հանցագործության մասին հաղորդումը: Գալստյանն ասում է՝ քննիչն անգամ հաշվի չի առել, այն խնդրանքը, որ առողջական խնդիրներ ունի և դժվարությամբ է կարողանում գրել և ստիպել է ձեռքով գրել հանցագործության մասին հաղորդումը:

«Դատախազությունն ասում է՝ դուք չեք տվել բացատրություն: Նախ և առաջ ինքը ինձնից չի ուզել: Դրանից հետո վերցնում է իմ գրած հաղորդումը ու սկսում է ձեռ առնել, թե դու ոնց ես գնդապետ դաձել»,- ասում է Ա․Գալստյանը:

Նրա հաղորդմամբ՝ քննիչն իրենից ցուցմունք է վերցրել, սակայն չի հայտնել կարգավիճակի մասին: Ասում է՝ հարցաքննության ժամանակ փոխարեն բացատրություն վերցներ քննչական կոմիետի քննիչներին գումար տալու, դեպքի հետ կապված մանրամասների շուրջ, սկսել է հետաքրքրվել իր ընտանիք անդամներից, հարցնել նրանց տվյալները:

Հարցաքննության ընթացքում, երբ Գալստյանը խոսել է Քննչական կոմիտեի քննիչներին գումար տալու մասին, նրա խոսքով՝ քննիչը հակադարձել է, որ ՔԿ քննիչներն էլ կարող են հերքել այդ տեղեկատվությունը: Գալստյանի դիտարկմամբ՝ քննիչը փոխարեն համակողմանի քննություն տանելուն, դեպքի մանրամասները պարզելուն, իրեն հակադարձել է՝ քննիչներին պաշտպանելով:

Արմեն Գայստյանը պնդում է, որ երկու անգամ քննիչ Վլադիմիր Մինասյանի բանավոր կանչով գնացել է Հատուկ քննչական ծառայություն, երկու անգամ էլ քննիչը իր հետ հարցաքննություն է արել, հետաքրքրվել ոչ թե դեպքի մանրամասներից, այլ ընտանիք անդամներից, այդ իսկ պատճառով երբ Վլադիմիր Մինասյանը օգոստոսի 25-ի երեկոյան իրեն զանգահարել է, նրան հայտնել է, որ եթե կրկին գնալու է հարցաքննության և հարցերը վերաբերելու են իր ընտանիքի անդամներին, ոչ գործի քննությանը, ապա հրաժարվում է ՀՔԾ գալուց: Քննիչին հորդորել է կամ գործը քննել դեպքի մանրամասների շուրջ, իսկ եթե չի կարող, թող գործը վերցնի այլ քննիչ, ով պատրաստակամ կլինի բացահայտել իր հանդեպ կատարված հանցագործությունը:

Այդ օրը երեկոյան Արմեն Գալստյանը նամակ է գրել Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին, իսկ օրեր անց տեղեկացել, որ այդ նամակի հաջորդ օրը քրեական գործ հարուցելու որոշումը մերժվել է:

Արմեն Գալստյանի՝ օգոստոսի 26-ի Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին գրված նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter