HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով հարցաքննվեցին որպես վկա կանչված ոստիկանության աշխատակիցներ

Ամալյա Մարգարյան

«Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանի և Սարգիս Արաբաջյանի գործով այսօր շարունակվում էր որպես վկա կանչված ոստիկանության աշխատակիցների հարցաքննությունը: Այսօրվա նիստին հարցաքննվեցին ոստիկանության տեսուչներ Արման Գևորգյանը, Ռազմիկ Խառատյանը և Հովհաննես Մխոյանը: Երեքն էլ պնդեցին, որ 2016-ի հուլիսի 19-ին գրավված ՊՊԾ գնդի մոտ գտնվող ճանապարհը ոստիկանների կողմից փակվել է՝ բնակչության անվտանգությունից ելնելով: Արման Գևորգյանը ցուցմունքի մեջ նշեց, որ կրակոցներ են լսել ՊՊԾ գնդի տարածքից: Ըստ նրա` հենց ճանապարհը բացելու հարցն է եղել ոստիկանների և քաղաքացիների բախման պատճառը: «Ճանապարհային ոստիկանության մեքենա կար, ինչքան հիշում եմ` ճաղավանդակներ կային դրված, բնակիչներն էլ ասում էին, որ վերևի ճանապարհը հարմար չէ երթևեկելու համար, ասում էին, որ բացենք»,-հայտնեց Ա. Գևորգյանը: Վկան ցուցմունքի մեջ նշեց, որ կրակոցներ եղել են նաև ոստիկանների կողմից, իսկ քաղաքացիները քարերով են հարվածել:

Երկրորդ վկան՝ Ռազմիկ Խառատյանը, իր ցուցմունքում նշեց, որ Սարի թաղում հավաքված քաղաքացիների նպատակը ՊՊԾ գունդը գրավածներին միանալն էր: «Իսկ մենք բացատրում էինք, որ այնտեղ չի կարելի, կյանքին կարող է վտանգ սպառնալ»: Վկայի խոսքով` քաղաքացիները սկսել են քաշքշել ոստիկաններին և քարեր շպրտել: «Ես հիշում եմ դեղին մայկով մի տղայի, ակտիվներից մեկն էր, անընդհատ առաջ էր ուզում գալ, հակաօրինական ակտիվ վարքագիծ էր դրսևորում»,-նշեց Ա. Խառատյանը: Վկան հայտնեց նաև, որ քաղաքացիներից ալկոհոլի հոտ է եկել: Ամբաստանյալների պաշտպանը հարց ուղղեց՝ քանի՞ մետրից է այդ հոտը զգացել, եթե վկան նշել է, որ քաղաքացիներին 400 մետր հեռավորության վրա է տեսել: Ի պատասխան՝ վկան ասաց. «Սխալ եք ձեր հարցը տալիս»:

Պատասխանը զայրացրեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանին, և նա սկսեց բարձր տոնով խոսել, դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց ձայնի տոնը իջեցնել: «Բարձր եմ խոսում, որ լավ լսելի լինի: Ես դատարան եմ եկել, ոչ թե դատախազություն: Դուք մեղադրող եք, ոչ թե դատարան»,-հայտարարեց փաստաբան Լ. Սիմոնյանը:

Վկայի հարցաքննության ժամանակ ամբաստանյալ Կարեն Վանոյանը հայտարարությամբ հանդես եկավ և ասաց. «Մենք որ ուզենայինք գունդ մտնել, ձեզ ձեր մարդիկ չէին օգնի: Իսկ եթե ուզենայի քարով խփել, դու երկու ամիս չէիր կարողանա գործի գնալ»: Այնուհետև հավելեց, որ ինքը կանխել է ոստիկանական մեքենայի գլորումը. «Իսկ հիմա ես պիտի 5-10 տարի նստե՞մ, ու՞ր են այդ ոստիկանները: Ես չգիտեմ՝ ում դիմել, որ մեր բողոքը տեղ հասնի: Բոլորը գալիս, նույն ցուցմունքն են տալիս, մեր ձայնը տեղ չի հասնում»: Ամբաստանյալն անդրադարձավ նաև ալկոհոլի օգտագործման վերաբերյալ պնդմանը և նշեց, որ երբեք ալկոհոլ չի օգտագործել: «Մեկ տարի երկու ամիս է նստած եմ, նույնիսկ չգիտեմ՝ ինչի համար: Որ ուզենայինք մի բան անել, կամերայով ու տապչկեքով փողոց դուրս չէինք գա»:

Վկա Ռազմիկ Խառատյանը Կարեն Վանոյանի այն հարցին՝ արդյոք որևէ ոստիկան  քաղաքացու չի հարվածել,  նշեց, որ չի տեսել որևէ ոստիկանի` քաղաքացու, այդ թվում` լրագրողի հարվածելիս: Ասաց, որ ոստիկանները չեն հայհոյել: Վկա Խառատյանի այս պատասխանից հետո Լիպարիտ Սիմոնյանը հարցրեց՝ ինչի՞ց եք ենթադրում: Ի պատասխան` վկան ասաց. «Այսօրվա ոստիկանները էթիկայից դրդված չէին կարող հայհոյել»:

Այսօր հարցաքննված երրորդ վկան Հովհաննես Մխոյանն էր, ով նշեց, որ ոստիկանության և քաղաքացիների միջև բախումը տեղի է ունեցել անջատված գազի, էլեկտրաէներգիայի, ջրի և փակ ճանապարհի պատճառով: Հայտնեց, որ չի նկատել` ով է ում ինչ ասել, հայհոյել, բրդել: Նշեց, որ հավաքվածների մեջ եղել են նաև այնպիսի քաղաքացիներ, ովքեր փորձել են հանդարտեցնել և թույլ չտալ, որ բախում լինի:

 Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter