HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարծում եմ՝ դիպլոմայինիս թեմայի ընտրությունը բնական է

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Շուտով կավարտեմ Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Դիպլոմային աշխատանքս գրելիս՝ իմ ընտրությունը կանգ է առել օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայման հիմքերին, օրենսդրական հնարավորություններին ու կիրառման պրակտիկային: Շեշտը դնելու եմ դատական սխալների վրա, ինչը քրեական գործերի վերաբացման հիմքերից է:

Կարծում եմ՝ դիպլոմայինիս թեմայի ընտրությունը բնական է, քանի որ դա այն է, ինչ փորձում եմ անել դատապարտումիցս ի վեր՝ հասնել քրեական գործի վերանայման: Ուսումնասիրելով դաշտը, աչքիս առաջ ունենալով սեփական ճակատագիրս, այլ բանտարկյալների գործեր՝ արձանագրում եմ, որ խնդիրը համակարգային է:

Մոտ 5 տարի առաջ, երբ որոշեցի ընդունվել հենց իրավագիտության ֆակուլտետ, քրեակատարողական համակարգի մի քանի պաշտոնյաներ հանդիպեցին ինձ: Նրանք փորձում էին համոզել, որ այլ մասնագիտություն ընտրեմ, օրինակ՝ հոգեբանի: Իրականում՝ այս վերջին 5 տարիներին է՛լ ավելի պարզ նկատեցի, որ ՔԿ համակարգի ներկայացուցիչները պարզապես չեն ցանկանում գործ ունենալ իրավական գիտելիքներով զինված բանտարկյալների հետ: Սրանում կրկին անգամ համոզվեցի, երբ վերջերս՝ 21 տարվա մեջ առաջին անգամ դատարանում հաղթանակ ունեցա: Դիմումը, որը ինքնուրույն էի գրել, բավարարվեց դատարանում: Բանտի ադմինիստրացիային պարտավորեցվեց հանել հարազատներիս հետ տեսակցելու սահմանափակումը: Ի դեպ, դիմումի մեջ օգտագործել էի կուրսային աշխատանքիցս հատվածներ՝ ՄԻԵԴ-ի նախադեպերը, միջազգային այլ կարգավորումները տեսակցությունների հարցի վերաբերյալ:

...Խցակիցս 24-րդ տարին է՝ պատիժ է կրում, սակայն նրան մինչ օրս չեն ներկայացնում պայմանական վաղաժամկետ ազատման: Մի քանի անգամ փորձել եմ համոզել, որ դատարան դիմի, բայց չէր ցանկանում, ասում էր՝ բոլոր ցմահներն էլ պարտվում են դատարանում, ինչ միտք ունի: Կարծում եմ՝ իմ հաղթանակով ոգևորված՝ վերջապես դիմեց: Օգնեցի կազմել դիմումը: Գործը վարույթ է ընդունվել: Կարծում եմ՝ կունենանք երկրորդ բավարարումը:

Բայց երբ քաղաքացին սկսում է իր իրավունքների համար պայքարել, պետք է պատրաստ լինի պետական մեքենայի կողմից տարբեր ճնշումների: Ու բոլորովին կապ չունի՝ ճաղերից ներս ես, թե՝ դուրս: Ճնշումն ամենուր է, երբ իրավունք ես պաշտպանում: Օրինակ՝ խցակցիս ու ինձ սկսել են չտանել մարզվելու համար նախատեսված խուց (մինչ դատարան դիմելը տանում էին):

Բանտում գտնվող այլ դատապարտյալներ նույնպես արդեն դիմել են, որ օգնեմ իրենց պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ մերժումները վիճարկեն դատարանում: Անշուշտ, օգնելու եմ, քանի որ տեսնում եմ՝ այս մարդկանց իրավունքները ոտնահարվում են: Ասածներն էլ բոլոր փաստաթղթերով ապացուցում են:

-4 տարի էշի պես աշխատում եմ, առավոտվա 5-ից մինչև ուշ գիշեր բեռ եմ կրում, ոչ մի տույժ չունեմ, բայց անընդհատ պայմանական ազատումս մերժում են:

Ինձ համար գոնե, որ 22-րդ տարին ներսից եմ տեսնում ՔԿ համակարգը, պարզ է. ամեն բան անում են, որ քաղաքացիներին պահեն բանտերում ու գաղութներում: Թույլ չեն տալիս օրենքը գործի՝ աշխատող մարդիկ գոնե մեկ ամիս շուտ գնան իրենց ընտանիք: Կարծում եմ՝ խնդիր է դրված՝ ինչքան շատ մարդ կալանավայրերում, այնքան շատ գումար: Իսկ իրականում մենք գոյատևում ենք մեր ընտանիքների միջոցներով:

Գրեթե չի կիրառվում նաև պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ինստիտուտը: Վերջին տարիներին համաներումներ էլ չեն լինում: Կալանավորումն էլ համարյա հարյուր տոկոսով բավարարվում է դատարաններում:

Ներումները հազվադեպ երևույթ են: Ներվում են նրանք, ովքեր նախագահի մերձավոր շրջապատից են: Պայմանական հազվադեպ ազատումներն էլ դրա մասին են վկայում: Հիմնականում ազատվում են իշխանության հետ կապ ու գումար ունեցողները:  

Յուրաքանչյուր պարագայում ես համառորեն շարունակելու եմ սովորել, աշխատել, պայքարել՝ հուսով, որ մի օր արդարությունը կվերականգնվի, դատական սխալները կընդունվեն դատարանում, տարիներ անց գործեր կվերաբացվեն, արդար դատ կլինի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter