HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը ցածր տեմպով է աճել

Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 5.5%-ով աճել է: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) շտապ հավաքագրված տվյալներից, որոնք հրապարակվել են այսօր։

Հունվար-հուլիսի համեմատ` ՏԱՑ-ի աճի տեմպը թուլացել է, ինչը պայմանավորված է օգոստոսին գրանցված ցածր արդյունքներով։ Միայն այս տարվա օգոստոսի կտրվածով ՏԱՑ-ը, 2016 թվականի նույն ամսվա համեմատ, աճել է ընդամենը 2.4%-ով։ Սա տարվա ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշն է։

Առաջին ինֆոգրաֆիկայում ՏԱՑ-ի ցուցանիշն է՝ 2016 թվականի համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ (օրինակ՝ հունվար-օգոստոսը 2016-ի հունվար-օգոստոսի համեմատ)։ Իսկ երկրորդում համեմատությունը միայն ամսական կտրվածքով է (օրինակ՝ միայն օգոստոսը 2016-ի օգոստոսի համեմատ)։։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Հունվար-օգոստոսին արդյունաբերական արտադրանքի ծավալը հանրապետությունում կազմել է շուրջ 1.039 տրլն դրամ։ 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ` այն 12.4%-ով աճել է։

Առևտրաշրջանառությունը երկրում կազմել է 1.565 տրլն դրամ, աճը՝ 12.3%։

Իսկ ծառայությունների ծավալն (առանց առևտրի) 904.1 մլրդ դրամ է, աճը՝ 12.4%։

Հենց այս երեքն էլ շարունակում են ապահովել տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը։

Մյուս երկու ոլորտներում՝ շինարարությունում ու գյուղատնտեսությունում,  անկում է։ Ընդ որում՝ այդ անկումը գնալով մեծանում է։ Այս տարվա առաջին ութ ամսում՝ հունվար-օգոստոսին, վիճծառայության հաշվարկներով, երկրում իրականացվել է մոտ 180 մլրդ դրամի շինարարություն։ Այն 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ 8%-ով նվազել է։

Իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 460 մլրդ դրամ, անկումը՝ 9.4%:

 Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter