Դատավոր Արտուշ Գաբրիելյանը խախտեց օրենքն ու նույն արարքի համար կրկին «դատեց» Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին
«Սասնա ծռեր»-ի գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր միևնույն արարքի համար երկու սանկցիա կիրառեց փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ:
Սա օրենքի խախտում է. Հայաստանի օրենսդրությունն արգելում է նույն արարքի համար անձին կրկին պատասխանատվության ենթարկել: Մասնավորապես՝ Սահմանադրության 2.2, ինչպես նաև Քրեական դատավարության օրենսգրքի 2.1 հոդվածները, որոնք վերաբերում են կրկին դատվելու անթույլատրելիությանը, սահմանում են, որ «ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար»: Այս հոդվածները, սակայն, դատավոր Գաբրիելյանին չխանգարեցին կրկին «դատել» Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին:
Մասնավորապես, ինչպես ավելի վաղ հայտնել ենք Մուշեղ Շուշանյանին ու Արայիկ Պապիկյանին այսօր դարձյալ չթույլատրվեց մուտք գործել դատական նիստերի դահլիճ:
Դրանից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը Շուշանյանի և Պապիկյանի՝ դատական նիստերի դահլիճում ներկա չգտնվելը դիտարկեց որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ու այդ հիմքով նրանց նկատմամբ սանկցիա կիրառեց՝ որոշելով դիմել Փաստաբանների պալատ՝ Մուշեղ Շուշանյանին և Արայիկ Պապիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Դրանից հետո գործով մասնավոր պաշտպանները գործադուլ հայտարարեցին՝ հրաժարվելով առանց իրենց գործընկերների՝ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի ներկայության մասնակցել դատական նիստին:
Դատարանի դիմաց գտնվող պաշտպանները, որոնց թվում նաև Մուշեղ Շուշանյանն ու Արայիկ Պապիկյանը գրավոր միջնորդություն ներկայացրին դատարան՝ պահանջելով հետաձգել դատական նիստը՝ հաշվի առնելով, որ դրան բոլոր պաշտպանները ներկա չեն:
Դատավոր Գաբրիելյանը, սակայն, դատարանի նկատմամբ անհարգալից գնահատեց նաև գործադուլ հայտարարած փաստաբանների վերաբերմունքը, և խորհրդակցական սենյակ հեռանալով՝ որոշեց նրանց նկատմամբ ևս սանկցիա կիրառել և դիմել Փաստաբանների պալատ:
Սանկցիայի վերաբերյալ որոշումը հրապարակելիս դատավոր Գաբրիելյանը նշեց նաև Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի անունները՝ թեև այսօր նրանց արդեն իսկ դատական նիստերի դահլիճ չներկայանալու և, դատավորի գնահատմամբ, իր նկատմամբ անհարագալից վերաբերմունք դրսևորելու համար պատասխանատվության ենթարկվել էին:
Այսինքն՝ դատավորը նույն արարքի համար կրկնակի սանկցիա կիրառեց Շուշանյանի և Պապիկյանի նկատմամբ:
Այսօրվա դատական նիստն ավարտվեց: Սանկցիա կիրառելուց հետո դատավոր Գաբրիելյանը հայտարարեց, որ պաշտպանների բացակայության պայմաններում նիստը շարունակվել չի կարող:
Մեկնաբանել