HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանի խոսքով՝ ԱԺ ընտրությունների օրը լրագրողների աշխատանքը խոչընդոտելու գործով կինն ի վիճակի չէ դատարան ներկայանալ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, այսօր հերթական անգամ հետաձգվեց Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործերից մեկը:

Ըստ այս գործի նյութերի` 2017թ.-ի ապրիլի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը, «Araratnews.am» լրատվական կայքի լրագրող Շողիկ Գալստյանն ու օպերատոր Հայկ Պետրոսյանը խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով նկարահանումներ են իրականացրել Ռուսթավելի 15 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում և դրան հարակից տարածքում: Այդ ընթացքում շտաբի դիմաց հավաքված քաղաքացիները լրագրողներից պահանջել են հեռանալ տարածքից և դադարեցնել տեսանկարահանումները:

Այնուհետև, ըստ մեղադրանքի`«araratnews.am» կայքի լրագրող Շողիկ Գալստյանին է մոտեցել Երևանի բնակիչ Ջուլիետա Կոկոլյանը և, տեսնելով, որ չնայած իր պահանջին՝ Շողիկ Գալստյանը շարունակում է իրականացնել իր լիազորությունները, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ վիրավորել և բռնություն է գործադրել նրա նկատմամբ, քաշել է մազերից, հրել է նրան և ձեռքից խլել նկարահանող սարքը` ստիպելով հեռանալ շտաբի տարածքից:

Ընտրությունների ընթացքը լուսաբանելու նպատակով շտաբի տարածքում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը փորձել է նկարահանել միջադեպը, և, ըստ մեղադրանքի, նրան է մոտեցել Երևանի բնակիչ Լևոն Գասպարյանը ու պահանջել դադարեցնել նկարահանումները, սակայն լրագրողը շարունակել է իրականացնել իր լիազորությունները, և այդ ընթացքում Լևոն Գասպարյանը, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դիտավորությամբ, բռնություն է գործադրել Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ. քաշել է նրա ձեռքից, խլել նկարահանող սարքը` խոչընդոտելով լրագրողի` ընտրությունների ընթացքը լուսաբանելու իր լիազորությունների իրականացումը:

Լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու և վերջիններիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար Ջուլիետա Կոկոլյանին ու Լևոն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, այն է՝ ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:

Այս գործով ամբաստանյալ Լևոն Գասպարյանն ընդունում է մեղադրանքն, իսկ Ջուլիետա Կոկոյանը` ոչ: Վերջինս դատական նիստերին չի ներկայանում. պաշտպանի փոխանցմամբ` առողջական լուրջ խնդիրներ ունի, պարբերաբար հոսպիտալացվում է, և այդ հանգամանքով է պայմանավորված նրա բացակայությունը դատական նիստերից:

Դատարանը մայիսից մեկնարկած դատական գործընթացից առ այսօր ամբաստանյալ Կոկոյանի առողջական ծանր վիճակը  հավաստող փաստաթուղթ չի ստացել. պաշտպան Արարատ Գրիգորյանը նախորդ դատական նիստին խոստացել էր քայլեր ձեռնարկել այդ փաստաթղթերն այսօրվա  նիստին ներկայացնելու համար: Այսօր Գրիգորյանն ինչ-որ բժշկական փաստաթղթեր էր բերել, որոնք, սակայն, չէին կարող օրինական կերպով գործին կցվել, քանի որ պատճեններ էին:

Նախորդ դատական նիստին ամբաստանյալ Լևոն Գասպարյանը դատարանին խնդրել էր իրեն հանրային պաշտպան տրամադրել, և Հանրային պաշտպանի գրասենյակը պաշտպան  Կարեն Մեժլումյանին որպես Գասպարյանի պաշտպան տրամադրելու որոշում էր կայացրել: Դատարանի աշխատակազմը միայն երեկ էր պաշտպանին ծանուցել այսօրվա դատական նիստի մասին, և Մեժլումյանը չէր հասցրել ծանոթանալ գործի նյութերին:

Դատավոր Գագիկ Պողոսյանը պաշտպանին գործի նյութերին ծանոթանալու համար ժամանակ տրամադրելու, ինչպես նաև ամբաստանյալ Կոկոյանի բացակայության հիմքով հետաձգեց դատական նիստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter