HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Անդորր փոթորկից առաջ. Շիրակի պետական համալսարանում սպասում են բարձրացված հարցերի լուծմանը

Շիրակի պետական համալսարանում հարաբերական անդորր է: Բողոքի ալիքն ընդդեմ ռեկտոր Սահակ Մինասյանի այստեղ բարձրացավ համալսարանի երկու դասախոսների,  երկրի նախագահին եւ վարչապետին, սեպտեմբերի 25-ին ուղղված բաց նամակից հետո: Համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն ու նույն ամբիոնի պատմության դասախոս Գագիկ Համբարյանը բողոքում էին մեկ տարի առաջ բուհ-ի ռեկտոր նշանակված Սահակ Մինասյանի գործունեությունից՝ նշելով, որ վերջինս ավիրում է կրթական համակարգը, ապօրինի որոշումներ կայացնում, գումարային չարաշահումներ թույլ տալիս, բարձր աշխատավարձով աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին եւ այլն:

Բաց նամակին հետեւեց համալսարանի գիտխորհրդի կողմից Հովհաննես Խորիկյանին անվստահություն հայտնելու եւ աշխատանքից ազատելու գործընթացը: Իրենց սիրելի դասախոսին պաշտպանելու եւ սեփական իրավունքները բարձրաձայնելու նպատակով, պատմության բաժնի ուսանողները դասադուլ հայտարարեցին՝ նրանց միացան ուսանողներ նաեւ այլ բաժիններից: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն, ինչպես եւ սպասվում էր, հասավ Գյումրի՝ փորձելով հանդարտեցնել կրքերը: Շիրակի պետական համալսարանի պատմության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանն, ով բաց նամակի հեղինակներից մեկն է, դասադուլի դադարեցումն համարում է ժամանակավոր՝ նշելով, որ ուսանողների բարձրացրած հարցերին տրված իրարամերժ պատասխաններն ավելի շուտ տարակուսանքի տեղիք են տվել, քան խնդրի հստակ լուծման բանալի:


Գագիկ Համբարյան

«Ճիշտ է, առայժմ հանդարտ է ու նորմալ դասեր են ընթանում, բայց սա հարաբերական է, մինչեւ տեսնենք, թե մեր բարձրացրած հարցերն ինչ լուծում են ստանալու,-ասում է Գագիկ Համբարյանը,-որովհետեւ նախարարը հայտարարեց, որ ստուգումներ են լինելու, բայց ես մեծ հույսեր չունեմ դրանից, մանավանդ, որ նույն նախարարը մեզ հետ հանդիպման ժամանակ ուսանողներին ասաց, որ կարող են ռեկտորի ապօրինի գործունեության համար դիմեն դատախազություն, իսկ 10 րոպե անց լրատվամիջոցներին հայտարարեց, թե խնդիրը անձնական հարթության վրա է, որ Գյումրիում բոլոր պրոբլեմները միջանձնային է: Մենք շոկի մեջ ենք, հասկացանք քաղաքականություն, բայց էդ աստիճան գունափոխվե՞լ, ոնց կարող է մարդը էդ աստիճան գույնը փոխի 10-15 րոպե տարբերությամբ նույն հարցի հետ կապված»:

Գագիկ Համբարյանը մատնացույց է անում ռեկտոր Սահակ Մինասյանի օգոստոսի 25-ի որոշումը, որով համալսարանի գիտխորհուրդը`հաշվի առնելով «Դասախոսի ծանրաբեռնվածության ձեւավորման հիմնական նորմերը», փոփոխություններ է կատարել: Որոշում է կայացվել 10 եւ 10-ից պակաս ուսանողների թվաքանակի դեպքում կուրսը համարել թերբեռնված եւ դասախոսին վճարել 50 տոկոս ծանրաբեռնվածության համար: Երկրորդ կետով գիտխորհուրդը 2017-18թթ-ի ուստարվանից առկա եւ հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով դասընթացները որոշել է իրականացնել ինտեգրված ձեւով:

«Սա կամայական որոշում է,-հայտարարում է Գագիկ Համբարյանը,-մեր բուհ-ը անցել է կրեդիտային համակարգի եւ ուսանողի ծանրաբեռնվածությունը շաբաթական 24-30 ժամ է: Մեր մոտ, ըստ այդ որոշման, դառնում է 12 ժամ՝ այսինքն մենք ոչ որակ ենք ապահովում, ոչ վերջնարդյունքի ենք հասնում, իսկ դա օրենքի կոպտագույն խախտում է: Ըստ բարձրագույն կրթության մասին օրենքի, բակալավրիատում երեք կրթական ձեւ կա՝ ստացիոնար, հեռակա եւ հեռավար: Ինտեգրված ձեւ չկա: Դա ապօրինություն է: Ի՞նչ է նշանակում ինտեգրված ուսուցում, այսինքն հեռակա բաժնի ուսանողներին բերում նստեցնում են ստացիոնար բաժնի հետ, եւ ամենակարեւորը՝ հեռակա բաժնի ուսանողների հետ պարապելու դեպքում դասախոսը չի վարձատրվում»:

Զրուցակիցս պնդում է, որ նման որոշումը լիցենզիայի կոպտագույն խախտում է, քանի որ համալսարանը հեռակա բաժնի համապատասխան լիցենզիան կոնկրետ ծրագրով է ստանում: Այնտեղ նշված է որ հեռական առանձին դասընթացներ են եւ դասավանդող դասախոսն էլ առանձին է վարձատրվում: Դասախոսի առանց այդ էլ ոչ բարձր աշխատավարձը ռեկտորի նորամուծությունների արդյունքում զգալիորեն կրճատվում է: Բացի դրանից, բոլոր բաժիններում փոփոխության հետեւանքով դասընթացների կրկնություն է ստացվում: Այսինքն ուսանողը իր 3-րդ կուրսում անցածը ստիպված է կրկին անգամ ուսումնասիրել 4-րդ կուրսում: Սրա հետեւանքով բավական թեմաներ էլ դուրս են մնում՝ ուսանողն ընդհանրապես դրանք չի անցնում:

«Դասախոսի աշխատավարձը գոյանում է ժամավճարից՝ մեկ ժամը 3000 դրամ է, եթե դու ունես 300 դասաժամ, դու առանց հարկման կստանաս 90 հազար դրամ,-բացատրում է Գագիկ Համբարյանը,-էս որշմամբ, ստացվում է, որ քո աշխատավարձն էլ են օպտիմալացնում, մի հանգամանք, որ չի տարածվում պարոն Մինասյանի մտերիմների վրա: Հիմնադրամի կայքում, որն հիմա փակել են, կա այ էսպիսի հետաքրքիր տեղեկատվություն, թե ով ինչքան է ստանում կամ ինչ հաստիքներ կան բուհ-ում: Պարզվում է մենք ունենք 3 վարորդ՝ 120-150 հազար դրամ աշխատավարձով, որից միայն մեկին ենք տեսել: Բացի դրանից, եթե երկու պրոռեկտորների աշխատակազմը 16 հոգի է, ապա գնումների բաժնում 10 հոգի են: 2300 հոգանոց բուհ-ում ի՞նչ գնումների բաժին`էն էլ էդքան մարդով»:

Գագիկ Համբարյանն ասում է, որ ԿԳ նախարարի այցը համալսարան ընդամենը ուսանողների կազմակերպած դասադուլը դադարեցնելուն էր միտված: «Օրինակ պարոն նախարարին ընդհանրապես չհետաքրքրեց մեր գրադարանի վիճակը, թեպետ այդ մասին բարձրաձայնվել էր եւ ասվել, որ 15 տոննա գիրք է դուրս բերվել ու հանձնվել մակուլատուրա: Գրադարանի 2014-15թթ-ին տվյալներով եղել է 138 հազար 131 կտոր գիրք: Հիմա որ ստուգեն, այնտեղ հազիվ մի 50-60 հազար կտոր գիրք լինի»:

Համացանցում արված լուսանկարները նոր չեն, ավելի վաղ էին արվել ուսանողների կողմից, սակայն հրապարկվեցին դասախոսների բաց նամակից հետո: Շիրակի համալսարանի ուսումնագիտական, խորհրդատվական-գիտական գրադարանի տնօրեն Թերեզա Խաչատրյանը մեր հարցմանն ի պատասխան կաբինետի անկյունից առաջ է բերում պոլիէթիլենե տոպրակի մեջ դրված բորբոսապատ երեք գիրք: Տպավորություն է, որ բարձրացված աղմուկից հետո, այդ երեք կտոր գրականությունն ամեն դեպքում, որպես նմուշ պահվել է լրագրողների, իսկ հետագայում նաեւ բուհ-ում ստուգումներ իրականացնողներին իրենց գործելակերպը բացատրելու համար:


Թերեզա Խաչատրյան

«2013թ-ից գրադարանի գրքերի մի մասը պահված են եղել նկուղում եւ մենք դրանք հայտնաբերել ենք ահա այս վիճակում: Եղել են դրված կապոցներով եւ անգամ առանց ձեռնոցների հնարավոր չէր մոտենալ: Շատ գրքեր այնքան վատ վիճակում էին, որ անգամ հնարավոր չեղավ նույնացնել եւ հասկանալ, թե որ մի հեղինակի գործն է»,-ասում է Թերեզա Խաչատրյանը՝ նշելով, որ չեն հաշվել եւ իրականում շարքից դուրս եկած գրականության թիվը չգիտեն: Թերեզա Խաչատրյանը դժվարացավ հիշել, թե ե՞րբ, որ ամսին ենք իրենք հայտնաբերել վնասված գրականությունը, նաեւ չկոնկրետացրեց, թե ինչ են արել: Միայն շեշտեց, որ գրքերին անհնար էր առանց ձեռնոցների ձեռք տալը:

Սրան ի պատասխան, Գագիկ Համբարյանն ասում է, որ անձամբ ինքը գրադարանից դուրս հանված գրքերից պատմությանը վերաբերող մի քանի գրականություն է ընտրել եւ տուն տարել: «Եթե վնասված լինեին, ինչու պետք է ես կամ մեկ ուրիշը այդ գրքերից վերցնեինք,-հարցնում է զրուցակիցս,-եթե վնասված էին, ինչու է շատ քիչ քանակությամբ բաժանվել ամբիոններին, տրվել ժողինստիտուտին ու պոլիտեխնիկին, մնացածն էլ հանձնվել մակուլատուրա»: Պատմության ամբիոնի դասախոսը բուհ-ում տեղի ունեցող բոլոր անօրինական գործողությունները կապում է ֆինանսական ճեղքվածքի հետ, որ գոյացել է Սահակ Մինասյանի ռեկտոր նշանակվելուց հետո:

«Համալսարանը ֆինանսական ճեղքվածք ունի, դրա համար էլ պարոն Մինասյանը հանել է գերազանց սովորող ուսանողների վարձերի զեղչերը, դրա համար էլ ինտեգրված ուսուցում է կազմակերպում: Ու սրան զուգահեռ, պարոն ռեկտորը նաեւ անտրամաբանական ծախսեր է կատարում եւ զբաղված է ծախսատար շինարարությամբ,-ասում է Գագիկ Համբարյանը,-ես ուզում եմ նշել հատկապես երկուսը՝ համարելով, որ մնացածը տեղին են: Էս ճգնաժամային պահին, երբ հաջորդ տարի բուհ ընդունվողներ գրեթե չեն լինելու եւ բոլոր բուհ-երը խնայողաբար են վերաբերվում իրենց ֆինանսական ռեսուրսներին, որպեսզի հաջորդ տարի շեշտակի կրճատումներ չանեն, մեր համալսարանը վերակառուցում է դահլիճը, որի վրա՝ իմ վերջին տվյալներով, 118 մլն դրամ է արդեն ծախսել: Եթե պատկերավոր ասեմ, էդ գումարով կարելի էր 10 անօթեւան ընտանիքի տուն գնել Գյումրիում»:

Գագիկ Համբարյանն ասում է, որ Համաշխարհային բանկի ծրագիրն է, որից կարելի էր հրաժարվել, քանի որ դահլիճի արդիականցման խնդիր այս պահին չունեին: «Մենք հեռավար ուսուցման լսարան ունենք՝ շատ լավ կահավորված, որ գտնվում է նախկին ֆիզմաթ ֆակուլտետի տարածքում: Մենք չենք օգտագործում էդ լսարանը, բայց դրա փոխարեն դահլիճ ենք վերակառուցում, ինչ է թե համաշխարհային բանկը մեզ կահույք ու տեխնիկա է տալիս,-նկատում է զրուցակիցս,-ինչու՞ համար է պարոն Մինասյանը վերակառուցում բուֆետը 25 մլն դրամով, եթե դրա խիստ անհրաժեշտությունը չկա: Կարելի էր ուղղակի կոսմետիկ վերանորոգումով սահմանափակվել: Եթե այնտեղ գտնվող խոհանոցային տեխնիկան հին լիներ, չէին տանի 3-րդ դպրոցում դնի, որը կրկին համալսարանին է ենթակա»:

Նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի խնայած 500 մլն դրամը, որ այսպես ասած ժառանգության կարգով փոխանցվել էր Սահակ Մինասյանին, արդեն գոյություն չունի: «Եթե նախկինում պարոն Մինասյանն ընդունում էր, որ այդ գումարը ինքը ժառանգել է, ապա հիմա հրաժարվում է՝ ասելով, որ չի ժառանգել: Ես վերջին հարցազրույցներն եմ տեսել պարոն Մինասյանին, որ ասում է, էդպիսի գումար չի եղել՝ դա ուռճացված է»,-նշում է Գագիկ Համբարյանը:

Պատմության ամբիոնի դասախոսը տպավորություն ունի, որ նոր ռեկտորը բացարձակ գաղափար չունի բարձրագույն կրթական համակարգից եւ հատկապես քամահարանքով է վերաբերվում պատմաբաններին: «Ես վաղուց էի նկատել, որ պարոն Մինասյանի մոտ բացարձակ պատկերացում չկա, թե ինչ բան է բարձրագույն կրթությունը: Ինքը գիտի, եթե դու պատմաբան ես, ուրեմն պիտի պատմությանը վերաբերող բոլոր առարկաները դասավանդես: Ասում է՝ ես երկու ժամ կարդամ, կգնամ ձեզնից ավելի լավ կմատուցեմ ուսանողներին: Ցավում եմ, բայց էդ մարդու մոտ դպրոցական պատկերացումներ են, որովհետեւ դպրոցում հայոց պատմություն, համաշխարհային, հայ եկեղեցու պատմություն դասավանդում է նույն մարդը: Պիտի շեշտեմ, որ Շիրակի պետական համալսարանում ուղղակիորեն չեն հարգում հայագիտությունը, ու այդ հարցին պարոն Լեւոն Մկրտչյանն ընդհանրապես չանդրադարձավ: Եթե մյուս բոլոր բուհերում հայոց պատմությանը տրված է 64 ժամ երկու սեմեստրով, ապա մեր մոտ 32 ժամ է: Հարեւան երկրները պատմություն չունեն՝ հորինում են, որ լցնեն ուսանողների գլուխները 3-4 սեմեստր շարունակ, մենք պատմություն ունենք, բայց ուսանողների ականջներին կաթացնում են, որ դա մեզ պետք չէ, դա մասնագիտական առարկա չէ, ու ուսանողը դա կարող է մեր դեմերես ասել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter