HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանը «օֆշորի գործով» դատապարտվեց 16 տարվա ազատազրկման

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանը՝ Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, այսօր մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռել է մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել՝ ի օգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ ի օգուտ Հայրապետյանի որդու:

Նախքան խորհրդակցական սենյակ գնալը և դատավճիռ կայացնելը՝ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանն իր վերջին խոսքում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում և ասաց. «Տպավորությունն այնպիսին է՝ կարծես ինձ մահապատժի են տանում: Լավ կլիներ, որ որպես առաջին քրիստոնյա ազգ, մենք Սուրբ գրքի վրա երդվեինք»:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու, հանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու, չարամտորեն խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց խուսափելու համար: Նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափով խարդախություն կատարելը, 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը:

Այսօր իր խոսքի ընթացքում Սուքիասյանը ևս մեկ անգամ նշեց, որ իր կողմից որևէ խարդախություն չի կատարվել, և Փայլակ Հայրապետյանն ինքն է սեփական գույքը հանձել Աշոտ Սուքիասյանին և խնդրել գրավադրել այն:

Աշոտ Սուքիասյանը Փայլակ Հայրապետյանին և նրա որդուն պատկանող գույքի գրավադրումից 2010թ. հունիսի 25-ից մինչև 2011-ի հունիսի 15-ը «Ամերիաբանկ» ՓԲ-ից մաս-մաս ստացել է 10 մլն 700 հազար ԱՄՆ դոլար վարկ, սակայն չի կատարել վարկային պայմանագրով նախատեսած պարտավորությունները:  Այս մասին «Հետք»-ն անդրադարձել է «Օֆշորային լաբիրինթոս` հայկական սցենարով» հոդվածաշարում: Իսկ «Ամերիաբանկը» շարունակել է այդ ընթացքում գումարներ փոխանցել Կիպրոսում գրանցված մի քանի ընկերություններին, գումարի  մի մասը հետագայում վերադարձվել է  «Ձորագյուղ» Ա/Կ-ի հաշիվներին, որը պատկանում է Աշոտ Սուքիասյանին, նրա կնոջն ու դստերը: Բանկից ստացած վարկային գումարներից փոխանցվել է նաև օֆշորային գոտիներում գրանցված մի քանի ընկերությունների հաշվեհամարներին, որոնց բաժնետերի շարքում, ըստ Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի, եղել են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը: Հետագայում նախկին վարչապետը հայտարարել էր, որ որևէ կապ չունի գրանցված ընկերության հետ, նույնը պնդել է նաև Նավասարդ Կճոյանը: Իսկ Աշոտ Սուքիասյանը հայտարարել էր, որ ինքը կեղծել է այդ անձանց ստորագրությունները՝ առանց նրանց համաձայնության:

Դատավճռի հրապարակումից հետո Փայլակ Հայրապետյանը հայտնեց, որ կցանկանար, որպեսզի Սուքիասյանին դատապարտեն ազգի դավաճանի հոդվածով, սակայն եղած դատավճիռը ևս գոհացնում է:

Մեկնաբանություններ (2)

Մկո
Այսինքն նախկին վրչապետին եւ Կճոյանին տենց էլ անհայտ է մնացել որ իրենց ջեբը փող են դրել? Բա մի եփած հավ չլնի որ խնդա էս կոմեդիայի վրա
aram
Ինչ կա որ, հեսա մի քանի տարի կնստի, հետո նախագահը ներում կշնորհի, ոչ առաջինն է ոչ վերջինը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter