HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք կարող են զրկվել պետպատվերի հնարավորությունից

Զինվորական ծառայության հետևանքով երրորդ կարգի հաշմանդամ դարձած Խաչատուր Հակոբյանը զանգահարել էր «Հետք»-ի խմբագրություն՝ հայտնելու, որ «Նորք-Մարաշ» ԲԿ-ում հրաժարվել են պետպատվերի շրջանակում իրեն բուժօգնություն տրամադրել։

«Երրորդ կարգի հաշմանդամ եմ, օգտվում եմ պետպատվերով բուժվելու հնարավորությունից։ Մոտ քսան օր առաջ զանգահարեցի «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկա, ինձ ասացին, որ պոլիկլինիկայից ուղեգիր պետք է բերեմ։ Ուղեգիրն այնտեղից վերցրեցի, հետո ԲԿ-ի հեռախոսային օպերատորի միջոցով հոկտեմբերի 2-ին` 11:30, ացելություն նշանակվեց»,- պատմեց Հակոբյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ԲԿ-ում իրեն տեղեկացրել են, որ սեպտեմբերի համար հատկացված պետպատվերի քանակը սպառվել է, ուստի պետք է գրանցվի` հոկտեմբերին բուժօգնություն ստանալու համար։ Սակայն երեկ էլ ԲԿ-ում ասել են, թե հոկտեմբերի համար նախատեսված պետպատվերի քանակը սպառվել է։ Խաչատուր Հակոբյանի համար զարմանալի է, թե ինչպես է ստացվել, որ ամսվա սկզին պետպատվերի հատկացումներն արդեն սպառվել են։

«Նորք-Մարաշ» ԲԿ-ի պետպատվերի ծառայության պետ Իրինա Մարտիրոսովան մեզ հետ զրույցում ասաց, որ պետպատվերի շրջանակում բուժզննում անցնելու պետպատվերը սպառվել է։

«Մենք հայտարարել ենք, որ պետպատվերը սպառվել է, միայն մեզ մոտ չէ այդպես»,- ասաց նա։

«Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Լիդա Մուրադյանն էլ հստակեցրեց՝ հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիների վիրահատության ծախսերի համար պետությունն այլևս չի վճարում, իսկ ստուգման համար պետպատվերը սպառվել է։

Մուրադյանի վստահեցմամբ՝ չնայած աշխատակիցների կողմից իրենց ԲԿ դիմած քաղաքացուն «բացատրվել է», որ էխո-սրտագրության համակարգում բուժզննում իրականացնելու համար պետպատվերի բյուջեն սպառվել է, սակայն վերջինս վիճաբանել է ԲԿ-ում։

Դիմեցինք առողջապահության նախարարության լրատվական ծառայություն՝ խնդրելով հստակեցնել, թե արդյոք հաշմանդամության երրորդ աստիճան ունեցող անձինք զրկված են պետպատվերով բուժօգնություն ստանալու հնարավորությունից, այնտեղից, սակայն, ուղղորդեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների հիմնահարցերի բաժնի պետ Աննա Հակոբյանը «Հետք»-ին հայտնեց, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ցանկում որևէ փոփոխություն չի եղել։

«Հաշմանդամություն ունեցող անձանց բժշկական օգնություն ստանալու արտոնություններում ոչինչ չի փոխվել։ Պարզապես տեղյակ եմ, որ առողջապահության նախարարությունը իրավական ակտի նախագիծ է մշակել, որով վերանայվելու են անվճար բուժման իրավունք ունեցող անձանց ցանկերը, և առաջնային է լինելու` ապահով, թե անապահով է տվյալ անձը»,- ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ դա միայն նախագիծ է, որը դեռ հաստատված չէ։

Ըստ «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» կառավարության կողմից 2013 թվականի դեկտեմբերի 26-ի լրամշակված տարբերակի՝ պետական բյուջեի հաշվին անվճար բուժօգնություն կարող են ստանալ հետևյալ սոցիալական խմբերում ընդգրկված անձինք։

1. Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ։

2. 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։

3. 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։

4. 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք։

5. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք։

6. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում։

7. Մինչև 7 տարեկան երեխաներ։

8. Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան։

9. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան։

10. Մինչև 8 տարեկան և 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով։

11. Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև 18 տարեկան։

12. Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ։

13. Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ։

14. Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան։

15. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ։

16. 14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն)։

17. Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ։

18. Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ։

19. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ։

20. Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ։

21. Բռնադատվածներ։

22. Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։

23. Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք։

24. Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter