HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ընտանեկան բռնության կանխարգելման» մասին օրենքների փաթեթի վիճահարույց կողմերը

Հինգերորդ գումարման խորհրդարանում դեռևս չքննարկված, բայց գործադիրի կողմից հետկանչված սկանդալային օրենսդրական նախաձեռնությունը՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» և հարակից օրենքների փաթեթն առաջիկայում կհայտնվի  խորհրդարանի օրակարգում։ Հիշեցնենք, որ նախագծի ընդդիմախոսները նշում էին, որ սա հայկական ավանդական  ընտանիքի հենքերը խարխլող նախագիծ է, նախաձեռնության համակիրներն էլ պնդում էին, որ այն նույնիսկ ուշացած է։ Նկատենք նաև, որ նախագիծը ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության շրջանակում է առաջ քաշվել, և արդեն մի քանի անգամ եվրոպացի գործընկերների կողմից խոսվել է նախագծի ընդունման անհրաժեշտության մասին։

Այս նախագծով, որի աշխատանքային տարբերակը ներառված է Արդարադատության նախարարության էլեկտրոնային e-draft.am  կայքում, որպես հիմնավորում նշվում է, որ փաթեթի ընդունմամբ ակնկալվում է «ապահովել ընտանեկան բռնության կանխարգելման կազմակերպաիրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, նրանց տրամադրել անհրաժեշտ հոգեբանական, իրավաբանական, սոցիալական, համապատասխան դեպքերում` նաև ժամանակավոր նյութական աջակցություն, նվազեցնել ընտանեկան բռնության լատենտայնության մակարդակը, կանոնակարգել պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում համագործակցությունը և հստակեցնել դրանց գործառույթները»: 

Ըստ փաթեթի՝ ընտանեկան բռնության տեսակներն են՝

1) ֆիզիկական՝ ծեծը, կամ դիտավորությամբ ֆիզիկական ցավ կամ ֆիզիկական տառապանք պատճառելը,  կամ ցանկացած եղանակով առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելը, ինչպես նաև ազատությունից ապօրինի զրկելը։

2) սեռական բռնություն` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված   հանցագործությունները։

3) հոգեբանական բռնություն` դիտավորությամբ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ թվում՝ ֆիզիկական, սեռական կամ տնտեսական բռնություն գործադրելու սպառնալիքը, հետամտումը, արժանապատվության պարբերական նվաստացումը, սոցիալական ծայրահեղ մեկուսացումը։

4) տնտեսական բռնություն` դիտավորությամբ բնակության վայրից, սննդից կամ  այլ անհրաժեշտ միջոցներից զրկելը, որոնց նկատմամբ անձն ունի օրենքով սահմանված՝ տնօրինման, տիրապետման կամ օգտագործման իրավունք, ինչպես նաև անձի աշխատելու իրավունքն ապօրինաբար սահմանափակելը կամ օրենքով նախատեսված այլ աղբյուրներից նյութական միջոցներ ստանալն արգելելը: 

Նախագծի առաջարկություններ բաժնում «Լույս» տեղեկատվական-վելուծական կենտրոնը հղում կատարելով օրենքի այս հատվածին, հարցրել է․ «Օրինակ ընտանիքում անչափահաս երեխային դաստիարակչական նպատակներից ելնելով իր համակարգչից զրկելու սպառնալիքը համարվելո՞ւ է ընտանեկան բռնություն։ Եվ բազում նման օրինակներ։ Կամ երեխայի մեկուսացումը վատ շրջապատի հետ շփվելու հնարավորությունը սահմանափակելու համար կհամարվի սոցիալական ծայրահեղ մեկուսացու՞մ։ Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու սոցիալական մեկուսացման ծայրահեղության աստիճանը։ Եթե ընտանեկան վեճի ժամանակ ամուսինը կնոջը ասում է օրինակ «գլուխդ կջարդեմ», «կսպանեմ» և այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ չի եղել, ապա դա կարո՞ղ է դիտվել որպես ընտանեկան բռնություն և ամուսինը պաշտոնապես կնախազգուշացվի»։

Կրկին նույն կենտրոնը հարց է ուղղում․ «Եթե ծնողը ավանդույթի ուժով արգելում է իր 18 տարեկան աղջկան աշխատել որպես մատուցողուհի գիշերային ժամերին կամ այլասերման քարոզ իրականացնող կազմակերպություններում, ապա ծնողը երեխային բռնության՞ է ենթարկում»։

Նախագծի առաջարկություններ բաժնում տեսնում ենք նաև հակառակ մեկնաբանություններ, որտեղ ողջունվում է նախագիծը, օրինակ Աննա Հարությունյանը գրել է․

«Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, աշխատում եմ երկար տարիներ ընտանեկան բռնության ենթարկված երեխաների հետ, միանշանակ շատ գովելի է նման նախագծի առկայությունը մեր իրավական համակարգում: Շատ շնորհակալ եմ պարոն նախարարից և մեր վարչապետից, նման օրենք առաջարկելու համար: Այս օրենքը կարևոր է դեմոկրատական հասարակություն և պետություն ձևավորելու համար: Հիմար կարծիք է, որ սա կնպաստի երեխաներին ընտանիքից տանելուն, կարդացեք օրենքը, նման բան չկա, ով տենց է գրում, չի կարդացել օրենքը»։

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն էլ առաջարկում է խմբագրել նախագծում առկա բացերը՝ առաջարկելով նախագծում ընդգրկել նաև զուգընկեր հանդիսացող անձանց։

«Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում տրվել է «ընտանեկան բռնության» բնորոշումը, որը թերի է և ոչ ամբողջական: Ընտանեկան բռնության իրավահարաբերություններում չեն ներառվել զուգընկեր հանդիսացող անձինք, ինչն ուղղակի վտանգ է պարունակում իր մեջ, որ ընտանեկան բռնության մի շարք զոհեր կարող են առհասարակ չընդգրկվել ընտանեկան բռնության դաշտում՝ նախկին կամ ներկա ամուսիններ կամ փաստացի ամուսիններ չհանդիսանալու պատճառով, հետևապես նրանց կարող են նաև չտրամադրվել նախատեսված պաշտպանության և աջակցության միջոցները: Բացի այդ, առաջարկվում է ընտանեկան բռնության սահմանումից հանել «ընտանեկան միջավայր» եզրույթը, որի բովանդակությունը անհասկանալի է և պարզաբանված չէ: Գտնում ենք, որ այն կարող է տարընկալման տեղիք տալ և խոչընդոտել միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը, քանի որ չկան չափորոշիչներ, որոնց համաձայն՝ կոնկրետ դեպքով պետք է որոշվի «ընտանեկան միջավայր»-ի առկայության փաստը»,-ասված է փաթեթի առաջարկություններ բաժնում։ 

Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է ստեղծել ընտանեկան բռնության կանխարգելման խորհուրդ, այն լինելու է  ՀՀ վարչապետին կից խորհրդատվական մարմին է, որի գործառույթներն են լինելու նախապատրաստել ընտանեկան բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության նախագիծը,  դրա իրականացմանն ուղղված ծրագրերը, քննարկել ընտանեկան բռնության կանխարգելմանն առնչվող առանձին հարցեր, հրատապ խնդիրներ և մշակել համապատասխան առաջարկություններ։ 

Խորհուրդը պետք է աջակցի ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ հանրությանն իրազեկելու միջոցառումների իրականացմանը,  ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ուղեցույցների և վերապատրաստման ծրագրերի մշակմանը։ Այս խորհրդի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով՝ վերանշանակման իրավունքով: Խորհուրդը նախագահ է ընտրում  իր կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թվից՝ խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ 2 տարի ժակետով, առանց վերընտրման իրավունքի: 

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար  առաջարկվում է հիմնադրել ժամանակավոր ապաստարան։ 

Այն կարող է հիմնադրվել Լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հիմնված ոչ առևտրային կազմակերպության կամ այլ ոչ առևտրային իրավաբանական անձանց կողմից:

Շահառուներին տրամադրվում է անհատույց հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն և օգնություն, բժշկական և սոցիալական աջակցություն` անհրաժեշտության դեպքում ներգրավելով համապատասխան մասնագետների, ինչպես նաև ապահովում է սննդով և հագուստով, իսկ երեխաներին` նաև ուսման հնարավորություններով.

 Ապաստարանում կարող են տեղավորվել միայն այն անձինք և նրանց խնամքի տակ գտնվողները, ում նկատմամբ օրենքով սահմանված կարգով ընդունվել է ընտանեկան բռնության ենթարկվածի նախնական նույնացման մասին եզրակացություն։ 

Շահառուներն ապաստարանում տեղավորվում են ոչ ավելի, քան 12 ամսով։

Օրենսդրական նախաձեռնության փաթեթի 26-րդ հոդվածում նշվում է, որ  ընտանեկան բռնություն կատարած, ընտանեկան բռնությունից պաշտպանության միջոցների պահանջները խախտած, ինչպես նաև սույն օրենքի այլ դրույթների պահանջները խախտած անձինք օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են քաղաքացիական, վարչական կամ քրեական պատասխանատվության։

Բռնության կամ ենթադրաբար բռնության ենթարկված անձինք պաշտպանական որոշման համար կարող են դիմել դատարան կամ Աջակցության կենտրոն` սեփական կամ պաշտպանության ենթակա անձին բժշկական կամ հոգեբանական օգնություն ցուցաբերողների նախաձեռնությամբ:

Պաշտպանական որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`

1)          հարկադրել ընտանեկան բռնություն գործադրած անձին` անհապաղ հեռանալ ընտանեկան բռնության ենթարկվածի բնակության վայրից և արգելել այդտեղ նրա վերադարձը` մինչ որոշմամբ սահմանված  ժամկետի լրանալը: Այս սահմանափակման ժամկետը սահմանելիս դատարանը հաշվի է առնում ընտանեկան բռնության ենթարկված անձին և նրա խնամքի տակ գտնվող անձանց ապաստարան տեղափոխելու հնարավորությունը և նպատակահարմարությունը, ընտանեկան բռնություն գործադրած անձի համար բնակության այլ վայրերի մատչելիությունը։

2) Արգելել ընտանեկան բռնություն գործադրած անձին` այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող ընտանեկան բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրերում։     

3) Արգելել ընտանեկան բռնություն գործադրած անձին` 100 մետրից ավելի մոտենալ ընտանեկան բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց։

4)Մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը բռնություն գործադրած անձի տիրապետման տակ եղած զենքն ի պահ հանձնել Ոստիկանություն։

5) Ընտանեկան բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել՝ ընտանեկան բռնության ենթարկվածի հետ կիսելու իրենց համատեղ անչափահաս կամ չափահաս անաշխատունակ երեխաների, ինչպես նաև իրենց համատեղ խնամքի տակ գտնվող անձանց խնամքի ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով սահմանված ալիմենտային պարտավորությունների համար վճարման ենթակա գումարի չափով։

6) Սահմանել ընտանեկան բռնություն գործադրած անձի` երեխաների հետ տեսակցության ժամանակավոր ժամանակացույց կամ անհրաժեշտության դեպքում արգելել տեսակցությունները.

7)  Արգելել ընտանեկան բռնություն գործադրած անձին` հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում`  նաև  նրա խնամքի տակ գտնվող անձանց  հետ։

8) Ընտանեկան բռնություն գործադրած անձի վրա պարտականություն դնել անցնել բուժում ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, խաղամոլությունից, թունամոլությունից և (կամ) ստանալ հոգեբանական աջակցություն։

Նկատենք, որ հարկ եղած դեպքում կարող է հաշտարարություն լինել ընտանեկան բռնության ենթարկված և ընտանեկան բռնություն գործադրած անձանց միջև։

«Հաշտարարությունն իրականացվում է ընտանեկան բռնություն գործադրած կամ ընտանեկան բռնության ենթարկված անձի դիմումով՝ ուղղված Աջակցության կենտրոնին: Մինչև գործընթացը սկսելը Աջակցության կենտրոնը ստանում է հաշտարարությանը մասնակցելու՝ մյուս կողմի գրավոր համաձայնությունը: Աջակցության կենտրոնը դադարեցնում է հաշտեցման գործընթացը, եթե առկա է հիմնավոր ենթադրություն, որի ընտանեկան բռնության ենթարկված անձը դրան մասնակցում է սպառնալիքների ազդեցության ներքո»,-ասված է նախագծում։

Օրենքում կարգավորվում է նաև բռնության ենթարկված անձանց մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը։

Հոդված 23. «Իրավասու մարմինների կողմից ընտանեկան բռնության դեպքերի և(կամ) ընտանեկան բռնության ենթարկվածներին կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածներին առնչվող հանցագործության դեպքերի վերաբերյալ ստացված մասնավոր կյանքի տվյալները գաղտնիք են: Արգելվում է առանց ընտանեկան բռնության ենթարկվածի կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածի համաձայնության զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ եղանակով նրանց վերաբերյալ այնպիսի տեղեկության հրապարակումը, որը թույլ կտա բացահայտել նրանց ինքնությունը, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ օրենսդրությամբ:

2. Արգելվում է հրապարակել, այդ թվում` նաև ընտանեկան բռնության ենթարկվածների կամ ենթադրաբար ընտանեկան բռնության ենթարկվածների  և (կամ) նրանց խնամքի տակ գտնվող անձանց կողմից, ապաստարանի հասցեն կամ այլ տեղեկություն, որի միջոցով հնարավոր է հայտնաբերել դրա գտնվելու վայրը:

3. Մասնավոր կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն, իսկ դրա հետևանքով անձին պատճառված վնասը ենթակա է հատուցման` օրենքով սահմանված կարգով»։

Տեղեկացնենք նաև, որ մինչ խորհրդարանում փաթեթի հայտնվելը, սպասվում են հանրային քննարկումներ այս հարցով․ հոկտեմբերի 9-ին 16.00-ին կլինի հանրային քննարկում, որը նախաձեռնել է Արդարադատության նախարարությունը, իսկ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ կլինեն այս թեմայով խորհրդարանական լսումներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter