
21 տարվա մեջ առաջին Հաղթանակս դատարանում
Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից
21 տարվա ընթացքում ունեցա առաջին դատական հաղթանակս, որը կրկնապատկվեց նաև Վերաքննիչ դատարանում:
Մահապատժի տարիներին (1996-2003թթ.) տարեկան ընդամենը 1 անգամ, այն էլ՝ 40-50 րոպեով էի կարողանում տեսնել հարազատներիս՝ միայն դատախազության գլխավոր թույլտվությամբ: Իրար հազիվ էինք տեսնում՝ կեղտոտ, երկշերտ ապակիների հետևից, իրար ձայն լսում էինք ապակիների երկու կողմում դրված հեռախոսներով: Եվրախորհրդին անդամակցելուց հետո թույլատրեցին տարեկան մեկ անգամ երկարատև՝ մինչև 3 օրով տեսակցել ընտանիքի անդամներին և 3 անգամ էլ՝ կարճատև՝ մինչև 4 ժամով: Տարեկան 1 անգամյա երկարատև և 3 անգամյա կարճատև տեսակցության սահմանափակումը պետք է վերանա այն ժամանակ, երբ ցմահ բանտվածը կրի պատժի 20 տարին: 20 տարի անց ցմահ բանտարկյալը կարող է ունենալ արդեն 6 երկարատև և 12 կարճատև տեսակցություն մեկ տարում: Սակայն երբ լրացավ իմ պատժի կրման 20 տարին, «Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմը չհանեց իմ տեսակցությունների սահմանափակումը՝ պատճառ բերելով իմ 2 փախուստներն ու մեկ փախուստի փորձը, որոնց համար նոր պատիժներ են կլանվել ցմահ ազատազրկման մեջ: Բանտի վարչակազմի տրամաբանությամբ, փախուստների պատճառով կասեցվել է ցմահ ազատազրկման ընթացքը, այդպիսով՝ իմ պատժի կրման 20 տարին դեռ չի լրացել:
ՔԿՀ-ի տված տեղեկանքում մաթեմատիկական հաշվարկներ էին. 20 տարի+7+7,6 տարի (Սողոմոն Քոչարյանի հետ 2 փախուստի համար) + 6 ամիս (փորձ փախուստի համար) հավասար է 35 տարի, այն է` եզրակացրել էին, որ 2031 թվականին նոր կվերանա իմ տեսակցությունների սահմանափակումը, նաև այդ ժամանակ կկարողանամ ներկայացվել պայմանական ազատման:
Թե՛ դիմումիս մեջ, թե՛ արդեն դատական նիստերին հիմնավորեցի այն, որ ցմահ ազատազրկում պատժին չեն կարող գումարվել նոր տարիներ, իսկ տեսակցությունների սահմանափակումն, օրենքի համաձայն, պետք է դուրս գա, քանի որ ես փաստացի կրել եմ 20 տարի պատիժ:
Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում սովորելով, ուսումնասիրելով քրեական իրավունքի սկզբունքները, գրելով կուրսային աշխատանք ցմահ ազատազրկման թեմայով՝ հիմնավորեցի դիմումս դեռ մեկ տարի առաջ: Բայց այս 21 տարիներին այնքան մերժումներ եմ ստացել, որ, անկեղծ ասած, այդքան էլ չէի հավատում, որ դատարանը, առաջնորդվելով օրենքով, գլխավոր դատախազության ու քրեակատարողական համակարգի դիրքորոշմանը հակառակ մոտեցում կունենա:
Իմ փաստաբանն, իմանալով, որ դեռ մեկ տարի առաջ դիմում եմ պատրաստել, ուժ տվեց ինձ՝ ասելով՝ հիմա շատ բան է փոխվել, 21 տարի առաջվա դատական համակարգը չէ, դատավորները կարող են լինել բավականին անկախ:
Վերանայեցի դատարանին ուղղված դիմումս, ավելացրեցի կուրսային աշխատանքումս օգտագործած ՄԻԵԴ նախադեպերն ու միջազգային կարգավորումները հենց տեսակցությունների վերաբերյալ: Օրինակ` ՄԻԵԴ-ն՝ իր նախադեպային որոշումներում արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «…թույլատրելի չէ, երբ օրենսդրության կամ ներքին կանոնակարգին հղում անելով` մեխանիկորեն սահմանափակվում է ցմահ դատապարտյալի տեսակցությունների քանակը և երկարությունը, և այդ սահմանափակումները չեն նախատեսում ճկունություն`պարզելու համար` արդյոք համապատասխան էին և իրապես անհրաժեշտ նման կոշտ սահմանափակումները տվյալ անձի պարագայում, նույնիսկ եթե դրանք կիրառվել են պատժի առավելագույն չափին դատապարտվածի նկատմամբ օրենքի համաձայն: ՄԻ դատարանը գտնում է, որ այս հարցերի կարգավորումը չի կարող տեղի ունենալ առանց ճկուն մեխանիզմների, և պետությունները պետք է զարգացնեն տեսակցությունների սահմանափակման համաչափության գնահատման չափորոշիչները, ինչն էլ իշխանություններին թույլ կտա հավասարակշռել անհատական և հանրային պահանջմունքները և հաշվի առնել յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները (կետ 42)»:
Տպավորություն է, որ ուսումնական պրակտիկաս անցնում է դատարաններում հենց իմ գործով վիճարկումների միջոցով: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարդ-դատավորն ուշադիր լսեց իմ ներկայացրած փաստարկներն ու հիմնավորումները, բավարարեց դիմումը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմին պարտավորեցրեց վերացնել իմ տեսակցությունների սահմանափակումը:
Իմ ճակատագրում արդարության առաջին հաղթանակը հնարավոր դարձավ շնորհիվ Մարդ-դատավորի: Անչափ շնորհակալ եմ նաև իմ կուրսային աշխատանքի գիտական ղեկավարին ու փաստաբանիս՝ արժեքավոր խորհուրդների համար:
Առաջին անգամ բողոք տարա ոչ թե ես, այլ Գլխավոր դատախազությունը, որը մերժվեց Վերաքննիչ դատարանում:
Հավատում եմ, որ մեծ դժվարությամբ, բայց գալու է նաև այն օրը, երբ վերջապես կբեկանվի իմ մահապատժի դատավճիռը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել