HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

23 պատգամավորի աշխատավարձերից պահումներ են կատարվել բացակայությունների համար

«Ազգային Ժողովի պատգամավորը պարտավոր է ընդգրկվել մշտական հանձնաժողովի կազմում և մասնակցել իր անդամակցած հանձնաժողովի նիստին»։

Սա ԱԺ կանոնակարգ-օրենքի 4-րդ հոդվածն է։ Օրենսդիրներից շատերը, սակայն, չեն հետևում իրենց իսկ հեղինակած օրենքների կատարմանը։

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը օրերս հայտարարել էր, որ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը և Արկադի Համբարձումյանը հանձնաժողովի աշխատանքներից պարբերաբար և անհարգելի բացակայում են, ուստի վերջիններիս աշխատավարձերից պետք է պահումներ կատարվեն։

Միայն քվեարկությունների համար խորհրդարան շտապող ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, որը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, ըստ Parliamentmonitoring կայքի տվյալների՝ բացակայել է «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության», «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման», «Աուդիտորական գործունեության մասին» օրենսդրական նախաձեռնությունների քվեարկություններից։ Գործարար պատգամավորը, սակայն, կողմ է քվեարկել օրինակ «Հավաքների ազատության մասին» կամ «Քննչական կոմիտեի մասին» նախագծերին։ Պատգամավորը 65 քվեարկություններից բացակայել է 13 անգամ։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստերից բացակայողների թվում է ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը՝ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը։ Հակոբ Բեգլարյանը սովորաբար միայն քվեարկություններին է մասնակցում, չնայած այս հարցում էլ է թերանում։ Ըստ parliamentmonitoring-ի տվյալների՝ վեցերորդ գումարման նստաշրջանների ընթացքում Բեգլարյանը քվեարկություններից բացակայել է 27 անգամ։ Ուշագրավ է, որ «Հարկային օրենսգրքի փոփոխություններ», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» նախագծերի քվեարկություններից պատգամավորը բացակայել է, որոնք գլխադասային եզրակացություն են ստացել իր կողմից անդամակցած հանձնաժողովում, սակայն քվեարկել է «Տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք»-ի նախաձեռնությանը, որն իր հանձնաժողովի հետ որևէ առնչություն չունի։ Բեգլարյանի բացակայությունները 27-ն են։

Այս հանձնաժողովի նիստերից, ինչպես նաև ԱԺ նիստերից բացակայողների թվում է «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանը։ Վերջինս 65 ընդհանուր քվեարկությունների թվից  33-ից  բացակայել է։

ԱԺ կանոնակարգ-օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված են այն բացառությունները, թե որոնց դեպքում պատգամավորները կարող են մշտական հանձնաժողովներում չընդգրկվել․ այդ շարքին են դասվում Ազգային ժողովի նախագահը և տեղակալները, ինչպես նաև խմբակցությունների ղեկավարները: Այս լիազորությունից օգտվում են միայն ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդարանի ամենաշատ բացակայություն ունեցող պատգամավորն է․այս գումարման խորհրդարանի 65 քվեարկություններից Ծառուկյանը բացակայել է 62 անգամ։

ԱԺ կանոնակարգ օրենքի հոդված 13-ի 11-րդ կետով կարգավորվում են մշտական հանձնաժողովի նիստերից պատգամավորների բացակայությունները։ Ըստ այս հոդվածի՝ մշտական հանձնաժողովի նախագահը հաշվառում և ԱԺ նախագահին է ներկայացնում հանձնաժողովի նիստերից կամ հրավիրված խորհրդարանական լսումներից բացակայության մասին տեղեկանք, որը պետք է հրապարակվի ԱԺ կայքում։ Այս տեղեկանքներն ուսումնասիրում է ԱԺ աշխատակազմը, և եթե պատգամավորների բացակայությունները  հարգելի չեն, ապա ԱԺ աշխատակազմը կարող է պատգամավորների աշխատավարձից պահումներ կատարել։

ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, օրինակ՝ ԱԺ կայքում տեղադրել է հանձնաժողովում ներառված պատգամավորների մասնակցության մասին տեղեկանք։

Սակայն, նման տեղեկանք ոչ բոլոր հանձնաժողովներն են տեղադրում։

Օրինակ՝ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 6-ին ԱԺ կայքում հրապարակված լուսանկարից երևում է, որ 11 պատգամավոր ունեցող հանձնաժողովի նիստին մասնակցել են ընդամենը 4-ը:

 

Նախագծերը նախ մշտական հանձնաժողովներում են քննարկվում, գլխադասային հանձնաժողովի կողմից ստանում եզրակացություն, ինչից հետո քննարկվում են լիագումար նիստում։

Պաշտպանության հանձնաժողովի կազմում են նաև Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը. Գրիգորյանի՝ քվեարկություններից բացակայությունները 21-ն են, Սարոյանինը՝ 42-ը։

Բացակայող պատգամավորների մեկ այլ խումբ ներառված է ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, օրինակ ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան։ Վերջինս 65 քվեարկություններից բացակայել է 33 անգամ։ Ակտիվ բացակայողներից է Կարեն Կարապետյանը` «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովում ներառված պատգամավորը բացակայել է անգամ 2016 թվականի պետական բյուջեի հաշվետվության քվեարկությունից։  Կարապետյանի բացակայությունները 19-ն են։

Այս հանձնաժողովի բացակայող պատգամավորների թվում է դաշնակցական Արմեն Բաբայանը։ Նա 65 քվեարկություններից բացակայել է 39 անգամ։

Բացակայող պատգամավորների մեկ այլ խումբ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովում է․ ՀՀԿ-ականներ Աշոտ Արսենյան՝ 21, Արտակ Սարգսյան` 2, Արկադի Համբարձումյան` 22։

Նկատենք սակայն, որ Արտակ Սարգսյանը քվեարկություններից գրեթե չի բացակայում, ավելի ճիշտ կլինի ասել՝ խորհրդարանում նա միայն քվեարկում է, որից հետո արագ հեռանում, իսկ մշտական հանձնաժողովի նիստերին երբեք չի գալիս։

ԱԺ լրատվական վարչությունից «Հետքը» հետաքրքրվել էր, թե արդյոք մշտական հանձնաժողովների նախագահների կողմից պատգամավորների բացակայության վերաբերյալ տեղեկանք ներկայացվե՞լ է  և արդյոք նրանց աշխատավարձերից գումար պահվե՞լ է։ Մեր գրավոր հարցմանը, սակայն, ներկայացվել է պատգամավորների ցուցակ, որոնց աշխատավարձից գումար է պահվել առհասարակ բացակայությունների և ոչ թե հանձնաժողովների նիստերից բացակայելու համար։

Ներկայացնում ենք ԱԺ լրատվության և հասարակության հետ կապերի վարչությունից «Հետքին» տրամադրված ցուցակը, ըստ որի՝ ներքոնշյալ պատգամավորների աշխատավարձերից գումարներ են պահվել: Նկատենք, որ շատ բացակայություններ ունեցած պատգամավորները հիմնականում ռեյտինգային ընտրակարգով են ընտրվել:

Արգամ Աբրահամյան - «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր։

Սամվել Ալեքսանյան -ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր:

Աշոտ Արսենյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր:

Հակոբ Բեգլարյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Արթուր Գևորգյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Մանվել Գրիգորյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Գագիկ Ծառուկյան - «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար։

Արկադի Համբարձումյան - ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր։

Էդմոն Մարուքյան - «Ելք» խմբակցության պատգամավոր:

Շուշան Սարդարյան - վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին մամուլի խոսնակ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Սասուն Միքայելյան - «Ելք» խմբակցության պատգամավոր։

Միհրան Պողոսյան - ԴԱՀԿ նակին պետ, այժմ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր:

Ռոբերտ Սարգսյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Անդրանիկ Հարությունյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Արայիկ Գրիգորյան - Որևէ խմբակցության կազմում չի ընդգրկվել։

Իշխան Զաքարյան - «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր։

Արարատ Զուրաբյան - «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր։

Գևորգ Կոստանյան - Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Ռոմիկ Մանուկյան - ՀՅԴ խմբակցության պատգամավոր։

Մուրադ Մուրադյան - ՀՀԿ խմբակցության պատգամավոր։

Արտակ Սարգսյան - ՀՀԿ խմբակցության գործարար պատգամավոր։

Մերուժան Սիմոնյան - «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր:

Անդրանիկ Կարապետյան - ՀՅԴ խմբակցության պատգամավոր:

Տեղեկացնենք, որ ևս մեկ գրավոր հարցմամբ ենք դիմել խորհրդարանի լրատվական վարչություն` խնդրելով տրամադրել պատգամավորների ցանկ, որոնց աշխատավարձից ԱԺ աշխատակազմը պահումներ է կատարել ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերից և այդ հանձնաժողովներում հրավիրված խորհրդարանական լսումներից բացակայելու համար։ Խնդրել ենք նաև հայտնել, թե յուրաքանչյուր պատգամավորից որքան գումար է պահվել: Այս հարցմանը պատասխանելու համար խորհրդարանի լրատվական վարչությանը անհրաժեշտ եղավ լրացուցիչ ժամանակ,  ուստի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter