HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Իգլա»-ի գործով ամբաստանյալները պնդում են, որ Սամվել Բաբայանը դրա հետ կապ չի ունեցել

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստին հարցաքննված ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը հայտարարեցին, որ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը որևէ կապ չի ունեցել այն խողովակի ձեռք բերման հետ, որի համար իրենց մեղադրանք է առաջադրվել:

Խոսքը, հիշեցնենք, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռային համալիրի խողովակի մասին է, որը` մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալներ Սամվել Բաբայանին, վերջինիս մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանին և ամբաստանյալ Արմեն Պողոսյանին:

Այսօր դատարանում ցուցմունք տված Սանասար Գաբրիելյանը հայտնեց, որ ինքը ցանկացել է զենք-զինամթերք ձեռք բերել  ԼՂՀ  բանակին նվիրելու համար, և այդ նպատակով դիմել է իր համաքաղաքացի, էջմիածինցի Արմեն Պողոսյանին: Պողոսյանն էլ, ըստ Սանասար Գաբրիելյանի ցուցմունքի, դիմել է իր ծանոթ Հրաչյա Մայիլյանին, քանի որ վերջինս Վրաստանում  շատ կապեր ունի:

Նշենք, որ, ըստ գործի նյութերի, իրեղեն ապացույց ճանաչված «Իգլա»-ի խողովակը Հայաստան է բերվել Վրաստանից: Քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրություն տարածելիս Ազգային անվտանգության ծառայությունը նշել էր, որ «նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու մասին, ինչպես նաև տեղեկացրել, որ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիրի արձակման խողովակ: 

ԱԱԾ հաղորդագրությունից կարելի էր ենթադրել, որ զենիթահրթիռային համալիրը հայտնաբերվել է  հայ-վրացական սահմանին, սակայն գործի դատաքննության ընթացքում պարզ դարձավ, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված խողովակն ԱԱԾ-ին է հանձնել Հրաչյա Մայիլյանը, ըստ որում՝ խողովակը եղել է ոչ թե հայ-վրացական սահմանին, այլ Մայիլյանի ավտոտնակում: 

Սանասար Գաբրիելյանի ցուցմունքի համաձայն՝ ինքը միայն հետաքրքրվել է զենք ձեռք բերելով, սակայն որևէ անձի չի խնդրել առանց իր գիտության որևէ տեսակի զինամթերք բերել Հայաստան:

«Ես պիտի այն տեսնեի, շոշափեի»,- դատարանին հայտնեց Գաբրիելյանը՝ նշելով, որ առանց կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու Մայիլյանը մի օր հայտնել է, թե  խողովակը բերել է Հայաստան:

Գաբրիելյանն անձամբ չի տեսել խողովակը, այլ միայն դրա լուսանկարը,  որը ցույց է տվել Սամվել Բաբայանին՝ խորհուրդ հարցնելու համար, և Բաբայանն ասել է, որ դրանից մասեր են պակասում, պիտանի չէ որպես ռազմամթերք օգտագործելու համար:

Դատավորի հարցին՝ ինչո՞ւ է Գաբրիելյանը որոշել հենց Բաբայանից խորհուրդ հարցնել, Գաբրիելյանը պատախանեց, թե «Բաբայանն էր դրա խիրուրգը»:

«Բա ո՞ւմ հարցնեի, ցա՛վդ տանեմ»,- դատավոր Արշակ Վարդանյանին դիմելով՝ ասաց Սանասար Գաբրիելյանն, ապա պարզաբանեց, որ Բաբայանը Պաշտպանության բանակի հրամանատար է եղել, և զենքի հետ կապված հարցում բնական էր նրանից խորհուրդ հարցնելը:

Գաբրիելյանի նախաքննական ցուցմունքի համաձայն՝ երբ ինքը Սամվել Բաբայանին ցույց է տվել խողովակի լուսանկարը, վերջինս  իրեն առաջարկել է խողովակը տանել ԼՂՀ և թաղել  Նարիշտար գյուղում՝ որպես պահեստամաս, քանի որ «կռիվը չի վերջացել, և ցանկացած «շուրուպ» էլ կարող է բանակին պետք գալ»: Ու թեև Գաբրիելյանը չի հետևել Բաբայանի հորդորին՝ ընկերոջ՝ Աշոտ Շուշանյանի հետ գնացել է այդ գյուղ, մի քանի լուսանկար արել՝ տպավորություն ստեղծելու համար, որ Բաբայանի հորդորին հետևել է:

«Ով երաժշտությունը պատվիրում է, նա էլ տանցուետ»,- ասաց Սանասար Գաբրիելյանը՝ նկատի ունենալով, որ ինքն էր վճարելու, ինքն էլ որոշել է՝ ինչ անել:

Գաբրիելյանի ցուցմունքի համաձայն՝ Բաբայանի հետ խորհրդակցելուց հետո ինքը վերջնականապես համոզվել է, որ խողովակը չարժե գնել և հրաժարվել է վերցնել կամ որևէ առնչություն ունենալ դրա հետ:

Դատավորի հարցին՝ դրանից հետո որևէ գործողություն չե՞ք արել, ամբաստանյալը պատասխանեց՝ «արել եմ,  Արմենին ասել եմ՝ Հրաչին ասա՝ էդ տրուբեն վերցնի ու շուտ որտեղ ուզում ա տեղավորի»:

Նշենք, որ Հրաչյա Մայիլյանն այս կապակցությամբ դժգոհություն է հայտնել, ասել է, որ ինքն արդեն 4000 ԱՄՆ դոլար գումար է վճարել խողովակը տեղափոխողին: Երբ Մայիլյանը դատարանում պետք է ցուցմունք տար, ամբաստանյալները փորձում էին նրանից պարզել՝ եթե գումարն իրեն վճարվեր, խողովակն ԱԱԾ-ին կհանձնե՞ր, սակայն Մայիլյանը չպատասխանեց ինչպես այս, այնպես էլ իր համար անցանկալի այլ հարցերի, հրաժարվեց նաև ցուցմունք տալ, ինչի պատճառով հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

Ամբաստանյալներ Սամվել Բաբայանն ու Գաբրիելյանը դատարանում բազմիցս ակնարկել են այն մասին, որ Մայիլյանն ի սկզբանե ԱԱԾ-ի հետ համագործակցելիս է եղել:

Դատավոր Արշակ Վարդանյանին դիմելով՝ Սանասար Գաբրիելյանը հարց բարձացրեց, թե արդյոք դատավորը չի՞ ցանկանում իմանալ՝ ով էր 4000 դոլարի դիմաց խողովակը Հայաստան բերել, ապա շարունակելով՝ կարծիք հայտնեց, որ իրականում 4000 դոլարով խողովակ տեղափոխելու  պատմությունը շինծու է եղել:

«Երբ նախկինում 42 միավոր զենք էի բերում, հերոսացնում էին, հիմա մի հատ տրուբա...զենք, հա զենք»,- իր խոսքում ասաց  ազատամարտիկ Գաբրիելյանն ու ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինքը զենք չի պատվիրել, հետաքրքվել է դրանով:

Մինչդեռ նախաքննական ցուցմունքում ինքը՝ Գաբրիելյանն է հենց օգտագործում պատվիրել» տերմինը. մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալիս ամբաստանյալն ասում է, որ իրեն մասնակի մեղավոր է ճանաչում, բայց ոչ թե այն արարքների համար, որոնք իրեն մեղսագրվում են, այլ ամբաստանյալի գնահատմամբ, Արմեն Պողոսյանի և Հրաչյա Մայիլյանի պես անլուրջ մարդկանց հետ «գործ բռնելու»:

Դատախազ Արամ Արամյանի հարցին՝ ինչո՞ւ է Գաբրիելյանն օգտագործում «պատվիրել» տերմինը, եթե հիմա պնդում է, թե ինքը զինամթերք չի պատվիրել, Գաբրիելյանը հարցով պատասխանեց.

«Բա ո՞նց էս գործը դատարան գար»,-ասաց Սանասար Գաբրիելյանը:

Նշենք, որ մի շարք հարցերի առնչությամբ, որոնք վերաբերում էին նրա մասնակցությամբ հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումներին, Գաբրիելյանը հրաժարվեց պարզաբանումներ ներկայացնել՝ նշելով, թե դրանք գործի հետ առնչությւոն ունեցող խոսակցություններ չեն:

Ամբաստանյալ Արմեն Պողոսյանը հրաժարվեց ցուցմունք տալ՝ նշելով, որ հրապարակվեն իր նախաքննական ցուցմունքները և պատրաստակամություն հայտնեց պատասխանել դատավարության կողմերի հարցերին:

Նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքներում Պողոսյանը նշել է, որ խողովակի պատվիրատուն Սամվել Բաբայանն է, սակայն ավելի ուշ տված ցուցմուքներում պարզաբանում է, որ դա իր ենթադրությունն է եղել:

Խողովակի լուսանկարը, որը Սանասար Գաբրիելյանը ցույց է տվել Սամվել Բաբայանին, արվել է Հրաչյա Մայիլյանի պլանշետով, և այն Գաբրիելյանին է տվել Արմեն Պողոսյանը:

Վերջինս Հրաչյա Մայիլյանի հետ լուսանկարել է խողովակը, ապա Մայիլյանը նրան է տվել պլանշետը, ապա ՕՐՕ դաշինքի Երևանի շտաբերից մեկի դիմաց  Արմեն Պողոսյանն ու  Սանասար Գաբրիելյանը հանդիպել են, որտեղ Պողոսյանը փոխանցել է պլանշետը: (խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանը սատարելիս է եղել OՐՕ դաշինքին, հեղ.):

Պլանշետը վերցնելով՝ Սանասար Գաբրիելյանը գնացել է ՕՐՕ-ի շտաբ, որտեղ աշխատելիս է եղել նաև Արմեն Պողոսյանի կինը: Վերջինից Պողոսյանն իմացել է, որ Սամվել Բաբայանը շտաբում է եղել: Այս հանգամանքն, ինչպես նաև Սանասար Գաբրիելյանի և Սամվել Բաբայանի մտերմությունը հաշվի առնելով, ըստ Արմեն Պողոսյանի ցուցմունքի, ինքը ենթադրել է, որ խողովակի պատվիրատուն Սամվել Բաբայանն է:

Դատարանում Պողոսյանը հաստատեց, որ Սամվել Բաբայանի՝ պատվիրատու լինելու հանգամանքն իր սխալ ենթադրությունն է եղել, և որ դատարանում դատաքննության ընթացքում ինքը վերջնականապես համոզվել է, որ Բաբայանը որևէ կապ չի ունեցել խողովակի ձեռքբերման պատմության հետ:

Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանի հարցին՝ ինչո՞ւ է սեփական ենթադրությունները որպես իրողություն ներկայացրել, Արմեն Պողոսյանը նշեց, թե չի կարող պատասխանել:

Հարցին՝ իր նկատմամբ ցուցմունք տալու ընթացքում ճնշումներ եղե՞լ են, Պողոսյանը դարձյալ նշեց, որ չի կարող պատասխանել:

Դատարանում ընթերցված ցուցմունքներից պարզ դարձավ նաև, որ կոնկրետ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր  ձեռք բերելու առաջարկը եղել է Հրաչյա Մայիլյանինը: Սանասար Գաբրիելյանն, իր ցուցմունքի համաձայն, պատրաստ է եղել «մինամյոտ, գրանատամյոտ կամ նմանտիպ այլ ռազմամթերք գնել՝ դրա դիմաց վճարելով 50 000 ԱՄՆ դոլարի շրջանակներում գումար, և Հրաչյա Մայիլյանն, Արմեն Պողոսյանի ցուցմունքի համաձայն, այլ գումարի շրջանակներում «Իգլա»-ն է առաջարկել:

«Իգլա»-ի գործով անցնող երկու ամբաստանյալների հարցաքննությունն այսօր ավարտվեց: Հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 30-ին, ցուցմունք կտա Սամվել Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter