HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

21 տարի ղեկավարող համայնքապետը չի կարողանում լուծել «Նոր Ախուրյան» թաղամասի տարիներ ձգվող խնդիրները

Երանուհի Սողոյան, Գրիշա Բալասանյան

1988թ. երկրաշարժից հետո, ինչպես Գյումրի քաղաքի դեպքում եղավ, երբ որոշվել էր քաղաքը կառուցել քաղաքից դուրս ու այդպես առաջացան Անի, Մուշ, Շերամ, Տարոն և այլ թաղամասեր, Ախուրյան շրջկենտրոնի պարագայում էլ, որտեղ գրեթե 90%-ով ավիրվել էին բազմահարկ բնակելիները, շինարարություն ծավալվեց բուն բնակավայրից 3 կմ հեռավորության վրա: Այդպես առաջացավ Նոր Ախուրյան թաղամասը՝ մի քանի բազմաբնակարան շենքերով և երկհարկանի, մասնավոր կառույցներով: Նոր Ախուրյան թաղամասում ապրում է մոտ 500 բնակիչ: Թաղամասը հետագայում բուն համայնքի «գլխացավանքը» դարձավ՝ իր բազմաթիվ չլուծված հարցերով: Դրանք չեն լուծվել մինչև օրս՝ անբարեկարգ ճանապարհներ, հասարակական տրանսպորտ, կոյուղի և այլն:

Այն, որ Նոր Ախուրյանը դեռ լիարժեք չի ձևավորվել, կարելի է կռահել թաղամասի հենց մուտքից: Կիսակառույց շինություններն ամբողջությամբ թալանվել են: Կանգուն են մնացել պատերն ու հողից դուրս ցցված մետաղական կոնստրուկցիաները: Գրեթե չկա տարի, որ թաղամասում երեխաներն այդ կիսակառույց պատերից չընկնեն և չվնասեն իրենց, կամ վնասվածքներ չստանան մետաղի սուր կտորներից, որոնք չեն հեռացվել տարածքից:

Թաղամասը լրիվ մոռացության է մատնվել: Դիտահորերը բաց են, իսկ որն էլ կարողացել են բնակիչները փակել են երկաթի կտորներով, կոշտ առարկաներով ու քարերով:

Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը ևս չի թաքցնում, որ Նոր Ախուրյանը «պրոբլեմային տարածք է»:

Առաջին «չլուծվող» հարցը կենտրոնին կապող հասարակական տրանսպորտն է: Նոր Ախուրյանի բնակիչները մեզ հետ զրույցում ասացին, որ առավոտյան, երբ սկսվում է երթուղու աշխատանքը, մարդիկ իրար գլուխ են ջարդում, թե ով պետք է նստի: Եթե բաց թողնեն և չնստեն ուսանողները, ավագ դպրոցի աշակերտներն ուշանալու են դասից, իսկ աշխատողները՝ աշխատանքից:

Հռիփսիմե Եղոյան

Բնակիչներից Հռիփսիմե Եղոյանը պատմեց, որ 15 տարի է` ապրում է Նոր Ախուրյանում, և բազմիցս բարձրաձայնել են տրանսպորտի մասին, սակայն անօգուտ: Նրա փոխանցմամբ` խնդիրը ձգվում է տարիներ եւ վերջնական լուծում չի ստանում: Հռիփսիմեն հաշվել է, որ 18 հոգու համար նախատեսված երթուղային տաքսիում առավոտյան փորձում է ոտքի տեղ գտնել ու տեղավորվել 50-52 մարդ:

«Վարորդն էլ մեղք չունի, ում տանի, ում թողի: Ստիպված մարդկանց լցնում է իրար վրա: Էստեղ բոլորը ողնաշարի խնդիր ունեն, երեխեն գնում-գալիս է, արդեն մեջքի ցավից չի կարողանում շարժվի»,-ասում է Հռիփսիմե Եղոյանը:

«Մենք դրանով չենք զբաղվում, քանի որ ներքին ցանց չունենք: Փորձեցինք ստեղծել, չեղավ: Ներհամայնքային տրանսպորտ մեր մոտ չի աշխատում: Էս գծերը նախկինում սպասարկում էր «Տրանս ակնթարթ»-ը, տնտեսական նկատառումներից ելնելով` դադարեցրին: Հետո մեկ այլ կազմակերպություն շահեց մրցույթը, որ սպասարկի գիծը: Գիծ ասելով, դա Գյումրի-Ախուրյան 5-7 կմ ուղիղ գծով հատվածն է: Ուղեվարձը եղել է 50 դրամ Գյումրի-Ախուրյանի եւ 100 դրամ Գյումրի-Նոր Ախուրյանի համար»,-ասում է Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը:

Ներկայում «գիծ» շահագործողը Նոր Ախուրյանի բնակիչ է: Միջհամայնքային գծերի համար մրցույթ հայտարարում եւ կազմակերպում է մարզպետարանը: Արծրուն Իգիթյանը պատմեց, որ «Տրանս ակնթարթ» ընկերության հրաժարվելուց հետո երթուղին շահագործած հաջորդ կազմակերպությունը անբարեկարգ ճանապարհների պատճառով պայմանագրի ժամկետի ավարտից հետո հրաժարվել է մասնակցել մրցույթներին:

Շահագործելու հարցում դժվարություններ են առաջացել նաև զուգահեռ աշխատող անհատ տաքսիստների պատճառով, որոնք անձը ընդամենը 100 դրամով ավելի արագ են մարդկանց տեղ հասցնում, քան 30 րոպեն մեկ Գյումրուց Ախուրյան և հետադարձ երթևեկող «Գազելը»: Երկու տարի առաջ տաքսիստները, պատճառաբանելով գազի թանկացումը, ուղեւորավարձը դարձրին 150 դրամ Ախուրյանից Գյումրի գնացողների համար, իսկ նորախուրյանցիների համար՝ պատճառաբանելով վատ ճանապարհները, գինը բավական թանկ էր ստացվում՝ 700-1000 դրամ: Ու քանի որ ամենաակտիվ բողոքողները Նոր Ախուրյանի բնակիչներն են, որոշվեց գոնե կարգավորել այս թաղամասի տրանսպորտի հարցը: Ախուրյանի` տարիներ շարունակ չլուծվող հասարակական տրանսպորտի հարցը բնակիչներին զրկել է այլընտրանքից:

Համայնքապետն ասաց, որ ավագանու որոշումով, 2013թ-ին՝ 2 մլն 400 հազար դրամով, ներառյալ հարկերը, «Պազ» մակնիշի ավտոբուս են գնել: Կատարել են ուսումնասիրություն և պարզել, որ ավտոբուսի շահագործման դեպքում ծախսերը հազիվ է փակվելու, սակայն որոշել են շահագործել: Նման որոշում կայացվել է նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի խորհրդով: Ինչպես հայտնի է Շիրակի մարզը ղեկավարած 7-րդ մարզպետն աղմուկ-աղաղակ, բուռն իրադարձություններ չէր սիրում և բնակիչների բարձրացրած հարցերին լուծում տալու նպատակով` համայնքապետերից պահանջում էր այնպես անել, որ շատ «ղալմաղալ» չլինի: Ահա, հենց այդ տրամաբանությամբ էլ լուծվել է ավտոբուսի հարցը, քանի որ նորախուրյանցիները հուսահատված հասել էին մարզպետարան:

Արծրուն Իգիթյան

«Բայց էս ընթացքում մեզ երկու անգամ տուգանել են, որովհետև ավտոբուսը աշխատեցնում էինք ապօրինի: Մինչև նոր մրցույթը էդ ավտոբուսն է աշխատել, բնակիչները գոհ են եղել, որովհետև մեծ էր, հարմար էր: Ուղեվարձը 100 դրամ: Ավտոբուսը հիմա կայանած է Նոր Ախուրյանի բնակիչ անհատ ձեռնարկատեր Հակոբ Կիրակոսյանի տան դիմաց: Ավտոբուսը էլ չշահագործեցինք, որովհետև երրորդ տուգանքի դեպքում քրեական գործ կբացվեր»,- ասում է Արծրուն Իգիթյանը:

Նշենք, որ այժմ Հակոբն է երթուղին սպասարկում: Մրցույթը հաղթել է 2015թ. և շահագործում է  իր սեփական «Գազել» մակնիշի ավտոմեքենան:

Հակոբ Կիրակոսյանը նշեց, որ երթուղին իրեն չի արդարացնում, որովհետև թաղամասից Գյումրի ծանրաբեռնված աշխատում է միայն առավոտյան ժամը 8-ին:

«Նախ` 50 մարդ չի եղել գազելում, եղել է 40-42 հոգի, բայց ոչ ավելի»,- ասում է Հակոբը, հավելելով, որ 2018թ. մայիսին լրանալու է պայմանագրի ժամկետը ու դեռ չգիտի՝ նոր մրցույթով կշարունակի երթուղին սպասարկել, թե չէ:

Ո´չ Հակոբը, ո´չ էլ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը չժխտեցին, որ օրվա որոշ ժամերի չեն աշխատում, շաբաթ-կիրակի օրերին սահմանափակում են ուղերթերը երեք անգամով:

Համայնքապետն առաջարկում է առավոտյան ժամը 7.30 ուղերթ ավելացնել, սակայն վարորդն իրատեսական չի համարում: Մեր ներկայությամբ Արծրուն Իգիթյանն առաջարկեց Հակոբ Կիրակոսյանին խորհրդակցել բնակիչների հետ և ժամեր որոշել: Համայնքապետը կարծես թե իր բնակիչների հետ հարցը քննարկելու «տրամադրություն» չուներ:

Հաջորդ մասշտաբային հարցը, որ բարձրացնում են Նոր Ախուրյանի բնակիչները, կոյուղին է, որի խցանման պատճառով ամռանը կոյուղաջրերը լցվում են նկուղները՝ տարածելով գարշահոտություն, իսկ ձմռանը՝ սառում:

Բանն այն է, որ 1996թ., երբ ձևավորվեցին ՏԻՄ-երը, կոյուղին, խմելու ջրագծերը հանձնվեցին համայնքին: Նոր Ախուրյանի կոյուղու ցանցի համար երկար տարիներ պատասխանատուն եղել է Ախուրյան համայնքը: Մոտ 10 տարի առաջ համակարգը հանձնվեց «Շիրակ ջրմուղկոյուղուն», իսկ համայնքը դարձավ բաժնետեր: Անցած տարի որոշվեց այն ամբողջությամբ հանձնել «Վեոլիա ջրին»:

Նոր Ախուրյան թաղամասի բնակչուհի Կարինե Աստատուրյանը պատմեց, որ չլուծված հարցերը գոյություն ունեն արդեն 15 տարի:

«Կոյուղու խնդիրը դիտահորերից է, խցանված են, մեքենան գալիս, մաքրում է, բայց որոշ ժամանակ անց էլի խցանումը կա: Դա համայնքի հետ կապ չունի, սպասարկող կազմակերպությունը պիտի հարցը լուծի»,- ասում է Արծրուն Իգիթյանը: Բնակիչների պնդմամբ` խնդիրը նոր չէ, այլ 15 տարվա պատմություն ունի, նշանակում է համայնքը 21-րդ տարին ղեկավարող համայնքապետը միջոցներ չի ձեռնարկել նույնիսկ այն ժամանակ, երբ ցանցը եղել է համայնքային ենթակայության տակ:

Մինչ կոյուղաջրերի հարցը մեկը մյուսի վրա է գցում՝ վտանգված է թաղամասում ապրող երեխաների կյանքը: Բանն այն է, որ դիտահորերից կոյուղաջրերը դուրս են գալիս և լցվում կիսակառույց շինությունների մեջ: Կեղտաջրերից խորը լճակներ են ձևավորվում, իսկ երեխաները խաղում են նույն տարածքում: Պատահականություն է, որ մինչև օրս դժբախտ դեպքեր չեն արձանագրվել:

Կեղտաջրերը լցվում են նաև շենքերի նկուղները՝ խարխլելով պատերը, թուլացնելով հիմքերը: Երկրաշարժ տեսած բնակիչները վախենում են, որ տարիների ընթացքում այս շենքերը ևս փուլ կգան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter