
Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Վիրահայող թեմի պաշտոնական կայքը հայտնում է, որ հհոկտեմբերի 25-ին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում տեղի է ունեցել հոգևոր սպասավորների և պաշտոնեության համատեղ ժողով, որը նախագահել է Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգևոր դասին և պաշտոնեությանը իրազեկել է, որ այլ ծառայության կոչվելու և փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից:
Սրբազան Հայրը դրական է գնահատել Բաբգէն վարդապետի տասնվեց տարիների ծառայությունը տեղում և հույս հայտնեց, որ նոր ծառայության վայրում Հոգեշնորհ Հայր Սուրբը Ջավախքում ամբարած փորձով առավել արդյունավետ գործունեություն կծավալի՝ ի շահ Հայոց Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի:
Տերունական աղոթքից հետո բացված ժողովի օրակարգում քննարկման է դրվել երկու հարց.
ա) փոխանորդությունում սպասվող կադրային և կառուցվածքային փոփոխություններ,
բ) Սամցխե-Ջավախքում և Ծալկայում ծառայող եկեղեցականների և աշխատակազմի գործունեությունը՝ ըստ այդ փոփոխություների:
Սրբազան Հայրը ժողովականներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությունն ու սերը, ով իր մնայուն ուշադրության կենտրոնում է պահում Վիրահայոց թեմի և ի մասնավորի՝ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի փոխանորդության գործունեությունը՝ դրսևորելով սրտացավություն և հոգածություն: Սրբազան Հայրը ներկայացրեց թեմի կառավարման նոր կառուցվածքը, առաջնորդարանի և հովվությունների կրթամշակութային և երիտասարդական կենտորոնների համակարգված գործունեությունը, ինչպես նաև դրանց համագործակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցերը: Նա հորդորեց եկեղեցիների բակերում, եկեղեցական ու ժողովրդական տոների առիթով կազմակերպել հանդիսույթուններ՝ ընդգրկելով հասարակական լայն զանգվածների:
Լուսանկարում` աջից` Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը
Մեկնաբանել