
Մանկապարտեզից դուրս բերեցին պատանդ մնացած 3-ամյա երեխային
Քիչ առաջ Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզից դուրս բերվեց վերջին պատանդ մնացած անձը: Նա 3-ամյա երեխա էր: Ներսում էին գտնվում նաև վնասվածքներ ստացած 2 մարդ: Շտապօգնության աշխատակցի խոսքերով՝ պարանոցի հատվածում վնասվածք է ստացել մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցը:
Մանկապարտեզի տարածքից դուրս բերվեց նաև դանակով զինված անձը:
Հիշեցնենք, որ մոտ 4 ժամ առաջ անհայտ անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել աշխատակիցներին ու երեխաներին: Բանակցություններից հետո երեխաներին և աշխատակիցներին բաց էր թողել: Մանկապարտեզում անհայտ անձի հետ մնացել էր 3 տարեկան երեխա: Ավելի ուշ պարզվեց, որ ներսում են եղել նաև մանկապարտեզի տնօրենն ու մանկապարտեզի աշխատակիցներից մեկը:
Արմավիրի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանի խոսքերով մանկապարտեզում անձանց պատանդ պահած անձը անձնական շարժառիթներով է մտել մանկապարտեզ: Այնտեղ է աշխատել նախկին կինը, և հենց նրան է պահանջել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի փոխանցմամբ՝ պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում:
Լուսանկարը՝ disabilityinfo.am
Մեկնաբանել