HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռերի» գործով փաստաբան. «Թող գոնե «ձևեր թափելը» Քրեական դատավարության շրջանակներում լինի»

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման դեպքով դատավոր Արթուր Օհանյանի վարույթում գտնվող քրեական գործի քննությունը:

ՊՊԾ գնդի գրավման դեպքով դատական 3 գործերը գտնվում են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, սակայն արտագնա անցկացվում են Շենգավիթ ու Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների վարչական շենքերում:

Այսօր դատարանում քննվող գործով անցնում են «Սասնա ծռեր»-ի անդամներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մինասյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորկ Իրիցյանը, Թորոս Թորոսյանը:

Ինչպես ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ նախկինում տեղի ունեցած գրեթե բոլոր դատական նիստերին, այսօր ևս դատական կարգադրիչները թույլ չտվեցին Մուշեղ Շուշանյանին պայուսակով մուտք գործել դահլիճ: Շուշանյանը ստիպված եղավ պայուսակը թողնել իր մեքենայի մեջ և դահլիճ մուտք գործել առանց իր աշխատանքային պարագաների:

Երբ Շուշանյանն իր մուտքը նիստերի դահլիճ խոչընդոտելու վերաբերյալ դատարանին հայտնեց, դատավոր Արթուր Օհանյանի միակ արձագանքը եղավ Շուշանյանին թուղթ ու գրիչ առաջարկելը, որից, սակայն, Շուշանյանը հրաժարվեց:

Նշենք, որ դատարանն այսօր դատական նիստի օրվա և ժամի մասին ծանուցել էր հանրային պաշտպան Լիանա Գասպարյանին՝ որպես Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան:

Այն ժամանակ, երբ «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ գործերը քննվում էին դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում, դատավորը Սերգեյ Կյուրեղյանի համար որպես հանրային պաշտպան էր ներգրավել Լիանա Գասպարյանին, սակայն Կյուրեղյանը հայտարարարել էր, որ պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, ում չեն թույլատրում մուտք գործել նիստերի դահլիճ: Այսինքն`ամբաստանյալ Կյուրեղյանը հրաժարվել էր հանրային պաշտպան ունենալ, և Լիանա Գասպարյանը դիրքորոշում էր հայտնել, որ առանց ամբաստանյալի համաձայնության չի կարող ստանձնել նրա շահերի պաշտպանությունը:

Չնայած այդ հանգամանքին՝ Արթուր Օհանյանն, այսօր, փաստորեն պաշտպանին ծանուցել էր նիստի մասին ու մինչ Շուշանյանը կներկայանար դահլիճ, Սերգեյ Կյուրեղյանը դարձյալ հայտարարեց, որ ինքը հրաժարվում է հանրային պաշտպանից: Լիանա Գասպարյանն էլ դարձյալ կրկնեց իր դիրքորոշումը, որ առանց ամբաստանյալի համաձայնության չի կարող ստանձնել նրա շահերի պաշտպանությունն, ու դատարանի թույլտվությամբ լքեց նիստերի դահլիճը:

Այսօրվա դատական նիստին տուժողներն և տուժողների ներկայացուցիչները ծանուցվել, բայց չէին ներկայացել: Պաշտպանական կողմը բարձրացրեց նրանց բացակայության հարցը`ընդգծելով, որ նման պայմաններում դատական նիստը շարունակվել չի կարող: Պաշտպանները նշեցին, որ գուցե բացակա անձինք դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ունեն: Դատավորը, սակայն, նրանց բացակայությամբ դատական նիստը շարունակելու խոչընդոտ չտեսավ:

Այսօր Վարդան Գերավետյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը դատարանին միջնորդեց «Սասնա ծռեր»-ի երեք դատական գործերը միացնել, որպեսզի հնարավոր լինի ողջամիտ ժամկետում արդար դատաքննություն իրականացնել:

«Գործերի անջատման հիմքում դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի գլխավորությամբ, դրել է տեխնիկական բնույթի բարդությունները և փորձել է դրանցով պատճառաբանել գործի արդար քննության ողջամիտ ժամկետները: Անհրաժեշտ է նշել, որ նշված բարդությունները պայմանավորված էին բացառապես իր ապօրինի գործողություններով՝ ամբաստանյալներին առանց հիմքերի նիստերի դահլիճից հեռացնելով, պաշտպանների նկատմամբ անհիմն սանկցիաներ կիրառելով»,- ասաց Դավիթ Գյուրջյանը:

Գործով պաշտպանները միացան միջնորդությանը:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ երեք դատարաններում գործով միևնույն վկաները գուցե տարբեր ցուցմունքներ տան, և հարց բարձրացրեց, թե այս դեպքում, օրինակ՝ ինչպե՞ս են դատարանները որոշելու, թե որ ցուցմունքը պետք է արժանահավատ համարել:

Երվանդ Վարոսյանը նշեց, որ գործերը տարբեր վարույթներում քննելով՝ հենց իրենք՝ դատավորներն են կանգնելու խնդրի առաջ:

«Այս դատաքննության ավարտին պետք է դատավճիռ կայացնեք, որով փաստորեն պիտի մեղավոր ճանաչեք նաև մյուս գործով ամբաստանյալներին, քանի որ նրանց նույն մեղադրանքն է առաջադրված»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ գործն առանձին վարույթների բաժանելն ի սկզբանե չի բխել քրեական դատավարության օրենսգրքից, քանի որ այնտեղ չկա գործը տեխնիկական պատճառներով բաժանելու վերաբերյալ որևէ դրույթ: Սահակյանի խոսքով՝ գործերը կարելի է անջատել, եթե դրանից չի տուժի դրանց քննության օբյեկտիվությունն ու լրիվությունը, մինչդեռ այս պարագայում, ըստ Սահակյանի, ակնհայտ է, որ գործի քննության օբյեկտիվությունն ու լրիվությունը վտանգված է:

«Այս գործերի պատճառով պարալիզացվել է ամբողջ դատական համակարգը»,- հայտարարեց Լուսինե Սահակյանը և նշեց, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստերի օրերին դատարանում, որտեղ նշանակված է լինում նիստը, այլ նիստեր չեն անցկացվում, որ այլ դատարանները ևս ստիպված են այս գործերի օրվա հետ հարմարեցնել այլ դատական նիստերը:

Վերջինս նշեց, որ բոլորի համար ակնհայտ է, որ ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ գործերը քաղաքական դատավարություններ են և ամեն ինչ արդեն իսկ որոշված է:

«Մենք այստեղ ձևեր ենք թափում, բայց գոնե այդ «ձևեր թափելը» Քրեական դատավարության  շրջանակներում թող լինի»,- դատարանին դիմելով՝ ասաց Լուսինե Սահակյանը՝ պնդելով, որ գործերը պետք է միացվեն մեկ վարույթում:

Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Այսօր դատարան ներկայացված մյուս միջնորդությունը ևս մերժվեց. ամբաստանյալ Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանն իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանը բարձրաձայնեց այն մասին, որ Հարությունյանի կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում. նա ՊՊԾ գնդում գտնվելու ժամանակ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել, լուրջ բուժման կարիք ունի, բայց արդեն մեկ տարի, հինգ ամիս է՝ պատշաճ բուժում չի ստանում, չեն ապահովվում կալանավորի պահման պատշաճ պայմանները:

Փաստաբանը բարձրաձայնեց նաև այն մասին, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին պարտավորեցրել է քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել Հարությունյանին, սակայն ՄԻԵԴ-ի որոշումը մինչև օրս չի կատարվել:

Փաստաբան Լուսինե Սահակյանը, միջնորդությանը միանալով, նշեց, որ տվյալ դեպքում առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոչ միայն հինգերորդ՝ ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի, այլև երրորդ հոդվածի խախտում, որը վերաբերում է խոշտանգումների արգելմանը: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ հենաշարժողական խնդիր ունեցող ամբաստանյալը դատարան է տեղափոխվում իր համար չհարմարեցված ավտոմեքենայով, ինչը նրան և նման խնդիրներ ունեցող ամբաստանյալներին շատ սուր ցավեր է պատճառում: Սա ևս ՄԻԵԴ դիրքորոշման համաձայն՝ անձի նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորում է:

Դատավորը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը:

Դատական նիստն այսօր հետաձգվեց, հաջորդ նիստը նոյեմբերի 14-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter