HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կարո Եղնուկյանը որոշել է այլևս չներկայանալ դատական նիստերին

«Նախաքննությունը կոպիտ խախտումներով է անցկացվել և միակողմանի: Դատախազությունը կամ հսկողություն չի իրականացրել, կամ միակողմանի հսկողություն է եղել Կարո Եղնուկյանի գործի նկատմամբ»,- «Սասնա Ծռերի» գործով դատական նիստին հայտարարեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը և հանդես եկավ դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ բացարկի միջնորդությամբ:

«Այն ապացույցները, որոնցով, եթե քննչական մարմինը ձեռք բերի, կհիմնավորվի Եղնուկյանի անմեղությունը, քննիչը մերժել է տրամադրել, դատախազը նշել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքով: Գործում կա ապացույց՝ A4  ձևաչափի թուղթ, ըստ որի՝ Եղնուկյանը կարող է միջազգային կառույցների հետ կապ ունենալ: Մենք խնդրել ենք մեզ տրամադրել օպերատիվ-հետախուզական գործողության պատասխանը, չեն տրամադրել: Իրեղեն ապացույցը ստանալու խնդրանքը քննիչը նորից մերժել է, դատախազն էլ գտել է, որ տրամադրել են: Պետրոս Պետրոսյանը բազմաթիվ անգամ մերժել է մեր միջնորդությունները»,- հայտարարեց փաստաբանը, այնուհետև նշեց, որ Եղնուկյանի հետ 50-ից ավելի դատական վեճերի են մասնակցել, սակայն Պետրոս Պետորսյանը ցանկացած միջնորդության դեմ առարկել է:

Կարո Եղնուկյանն էլ ասաց, որ պարզ է՝ երկու միջնորդությունները գործն անջատելու վերաբերյալ դատարանը մերժելու է և հանդես եկավ հայտարարությամբ. «Դատարանը միջնորդությունները ցինիկաբար մերժելու է»:

Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընդմիջեց ամբաստանյալի խոսքը՝ զգուշացնելով դատարանի հասցեին վիրավորական արտահայտություններ չանել: «Հետո նորից չասեք, որ Գաբրիելյանը սանկցիաներ է կիրառում, ես ասում եմ առաջին ու վերջին անգամ»,- հայտնեց դատավորը:

Կարո Եղնուկյանը մտահոգված էր, որ գործի քննությունը կարող է երկարել, իսկ իր վերաբերյալ մեղադրական եզրակացության միայն 40 էջ է առկա, ուստի կխախտվի իր անմեղության կանխավարկածի իրավունքը: «Եթե մի կողմից ասում ես, որ անմեղ եմ, մի կողմից էլ որոշում ես կայացնում, որ 3-5 տարի գնամ-գամ՝ լսելով վկաների, որոնք ինձ հետ կապ չունեն... Իմ դեմ ցուցմունք չկա, միայն 5 հեռախոսազանգ է, 30 րոպե կլսեք, և որոշում կկայացնեք՝ օժանդակելու մեջ մեղավոր եմ, թե` ոչ»:

Դատավոր Արտուշ Գաբրրիելյանն էլ հայտնեց, որ ոչ մեկի համար պարզ չէ, թե ինչքան են տևելու դատական նիստերը, իսկ Եղնուկյանը պատասխանեց, որ նիստերն ավելի շուտ կավարտվեն միայն քաղաքական որոշման դեպքում, որին ի պատասխան` նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց. «Էստեղ որոշում ընդունողը ես եմ»:

Կարո Եղնուկյանի առողջական վիճակը նախորդ նիստի ընթացքում վատացել է՝ արյան ճնշումը բարձրացել է. այդ մասին այսօր հայտարարության ժամանակ ասաց Եղնուկյանը և նշեց, որ այսուհետ հրաժարվում է ներկայանալ նիստերին, քանի որ այն իր բացասական ազդեցությունն է ունենում առողջության վրա:

«Սա երկրորդ դեպքն է իմ կյանքի մեջ, որ ես չեմ կարողացել ազդել իմ ինքնազգացողության վրա, կարմիր գիծը անցել է: Առաջինը, երբ կնոջս և երեք երեխաներիս հրապարակում ձերբակալեցին` իբր թե պայթուցիկ ունենալու կասկածանքով, երկրորդ անգամ՝ անցած նիստի ընթացքում: Ինձ համար էս նիստերին մասնակցելը հակացուցված է, եթե էսպես շարունակվի, կարող է ողբերգական իրավիճակ դառնա: Ես չեմ ուզում էշ նահատակ մեռնել դատարանում, ես դա չեմ անի»,- հայտարարեց Եղնուկյանը, այնուհետև նշեց, որ չի մասնակցելու նիստերին, և եթե դատարանը համաձայնի, կգա միայն այն ժամանակ, երբ գործի մասը կվերաբերի իրեն:

Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը նորից վատացավ, և նրան դուրս բերեցին նիստերի դահլիճից: Հեռանալիս դատարանին դիմելով` Եղնուկյանն ասաց. «Իմ սպանության պատճառ մի դարձեք, ձեր խղճի վրա չմնա: Դուք լավ մարդ եք»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, դատարանին դիմելով, ասաց, որ դատապաշտպանների հետ խոսելով` դատարանը սպառնալիքներ չհնչեցնի և միացավ բացարկի միջնորդությանը: «Եղնուկյանի նկատմամբ իրականացվում է հաշվեհարդար: Պետրոս Պետրոսյանը Կարո Եղնուկյանի նկատմամբ ունի ընդգծված վերաբերմունք»,- հայտնեց Մուշեղ Շուշանյանը: Իսկ ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը միացավ միջնորդությանն` իր հայտարարությամբ. «Ազատությու´ն Կարո Եղնուկյանին, մա´հ կամակատարներին»:

Միջնորդությանը միացան նաև պաշտպանական կողմի այլ փաստաբաններ:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց ներկայացված միջնորդության դեմ` հայտնելով, որ իր կողմից իրականացված գործողությունները եղել են օրինական, և իրականացվել է բազմակողմանի ու օբյեկտիվ քննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter