HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության հարցով երկու կողմն էլ ՍԴ-ից օբյեկտիվ ակտ է ակնկալում

Նոյեմբերի 10-ին երկրի բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն, գրավոր ընթացակարգով կհրապարակի ԱԺ 26 պատգամավորների դիմումը՝ Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ պատգամավորները վիճարկում են  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասը և Վանաձորի համայնքի ավագանու 2017թ. մարտի 31-ի N 2-Ն, 7-Ն, 8-Ն, 9-Ն որոշումները։

ՏԻՄ օրենքի 64-րդ հոդված 3-րդ մաս՝ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա, տարիքով ավագ անդամը:

64-րդ հոդվածի 4-րդ մաս՝ ավագանու որոշումները, հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով:

Հոդված 69 առաջին մաս՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում։

2016 թվականի հոկտեմբերի 10-ին փակ գաղտնի քվեարկության արդյունքում Վանաձորի քաղաքապետ  ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը` չնայած այն հանգամանքին, որ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները հուշագիր էին ստորագրել, որ  պաշտպանելու են «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին։

Ընտրության արդյունքներից հետո վանաձորյան ընդդիմությունը բոյկոտեց նիստերը, և միայն մարտի 31-ին ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների կազմով նիստ գումարվեց։ Այդ օրն ընդունված որոշումների սահմանադրականությունն էլ ՍԴ-ում վիճարկվելու է։ Այդ օրը հաստատվել է համայնքի բյուջեն, 2017-21 համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը, ինչպես նաև 2016 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվությունը։

ՍԴ դիմում են ներկայացրել «Ելք» և «Ծառուկյան դաշինք» խմբակցությունների 26 պատգամավորներ։ Դիմող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արտակ Զեյնալյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց՝ ՍԴ-ից  օբյեկտիվ և համոզիչ դատական ակտ են ակնկալում։

«Սահմանադրական դատարանը տարբեր իրավական ակտերով 160-ից 200 դրույթ ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, որոնց մի մասն իմ հեղինակած դիմումներով են եղել։ ՍԴ-ն բացահայտել է վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը և ցույց տվել իրավակիրառ պրակտիկայի տարբերությունը դրա իրական բովանդակությունից, պատգամել, որ կիրառվի հենց այն մեկնաբանությամբ, որով ինքը բացահայտել է»,- ասաց Զեյնալյանը։

Մեր հիշեցմանը, որ եղել է նախադեպ, ինչպես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում էր, երբ ՍԴ-ի կողմից հրապարակված որոշումը վիճելի էր սահմանադրագետների կողմից, և այն տարբեր կերպ էր մեկնաբանվում, արդյոք չկա՞ մտավախություն, որ կարող է լինել նման իրավիճակ, Արտակ Զեյնալյանը պատասխանեց

«ՍԴ-ի որոշ ձևակերպումները գուցե խրթին են, դա պայմանավորված է նաև տերմինների բարդ լինելով, երբեմն նաև դժվարընկալելի են, բայց նախորդ դեպքում, ըստ էության, մենք շահել ենք, ուղղակի գործադիր իշխանությունը չի կատարում ՍԴ որոշումը թե՛ գործադիր իշխանությունը, թե՛ խորհրդարանը պարտավոր են անվերապահորեն կատարել ՍԴ որոշումները»։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր հերթին համոզված է, որ «գործող օրենքների հիման վրա ՍԴ-ն օբյեկտիվ որոշում կկայացնի»։

«Ամեն դեպքում համայնքի և համայնքապետարանի մեր գործողություններում օրենքին հակասող որևէ կողմ չկաաշխարհի շատ երկրներում նույն պրատիկան կիրառվում է, ՀՀ-ում էլ օրենքի նույն կետը կա, մեզ մոտ նորություն էր միայն կիրառման առումով, երբ քվորումը հստակ սահմանված չէ, այլ հավանական քվորումը»,- ասաց Ասլանյանը։

Մեր դիտարկմանը, որ ընդդիմադիրները վիճարկում են նաև 15 անդամով նիստ հրավիրելը (ՀՀԿ և ՀՅԴ խմբակցության անդամները միասին 15-ն են), Ասլանյանն ասաց, որ օրենքում նշվում է, թե ավագանու ընդհանուր թվի ոչ պակաս, քան մեկ քառորդի ներկայությունն է համարվում քվորումի ապահովում։

«Ընդհանուր թվի մեկ քառորդը ութից ավելի է, ձգտում է 9-ի, այսինքն ավագանու ինն անդամ էլ լինի, նիստն օրինական է, այնպես էր այդ 15 թվի վրա մի կենտրոնացեք»,- ասաց Ասլանյանը։

Մամիկոն Ասլանյանը վստահեցրեց՝ գործել են ի շահ համայնքային տնտեսության, այդ տրամաբանությամբ էլ որոշումներն են ընդունել ավագանու՝ ոչ ամբողջական կազմով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter