HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանում կյանքն ավելի շատ է թանկացել, քան ներկայացվող ընդհանուր գնաճն է

Այս տարվա հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ սպառողական գները Հայաստանում 0.7%-ով աճել են։ Սրանք Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյաներն են։

Ընդհանուր 0.7% գնաճը կարող է ծանր բեռ չթվալ հասարակության համար։ Սակայն հատկապես վերջին երեք-չորս ամիսներին Հայաստանում մարդիկ ավելի շատ են զգում գնաճի ազդեցությունն ու ավելի հաճախ բողոքում։ Բանն այն է, որ հասարակության մեծ մասը հիմնական եկամուտն ուղղում է սննդին ու ծառայություններին։ Իսկ սնունդն ու ծառայությունների մի մասը, իրականում, ավելի արագ տեմպերով են թանկացել, քան ընդհանուր գնաճն է երկրում։  

Վիճծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» զեկույցի համաձայն՝ 2015 թվականի տվյալներով Հայաստանում տնային տնտեսության մեկ շնչի հաշվով միջին ամսական եկամուտը շուրջ 55 հազար դրամ է։ Այսինքն՝ միջին վիճակագրական քաղաքացու եկամուտը 55 հազար է։ Իսկ նույն քաղաքացու ամսական միջին ծախսը, ըստ նույն աղբյուրի, մոտ 43  հազար դրամ է։ Դրա շուրջ 44%-ը նա ծախսում է սնունդ ձեռք բերելու համար։

Իսկ հիմա այս վիճակագրության ֆոնին տեսնենք, թե ինչպես է թանկացել սնունդը։ Այսպես, այս հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառման ապրանքները թանկացել են 1.7%-ով։ Մասնավորապես, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 3.8%-ով, ալկոհոլային խմիչքն ու ծխախոտը՝ 3%-ով։ Նույն ընթացքում ոչ պարենային ապրանքները էժանացել են 2.4%-ով, իսկ ծառայությունները՝ 1.4%-ով։ Սակայն այս երկու ապրանքախմբերի էժանացումը չի թեթևացրել միջին վիճակագրական քաղաքացու կյանքը, քանի որ նա իր եկամտի ավելի մեծ մասն ուղղում է սննդին, քան ծառայություններին ու ոչ պարենային ապրանքներին։

Բացի այդ, եթե կրկին դիտարկենք, թե ինչ ծառայությունների վրա է գումար ծախսում միջին վիճակագրական քաղաքացին, ապա ըստ վիճծառայության տվյալների՝ ամսական ծառայությունների վրա ծախսվող շուրջ 14  հազար դրամից մոտ 6 հազարը նա ծախսում է բնակ-կոմունալ ծառայությունների վրա, 2.6 հազար դրամը՝ առողջապահության,  2.4 հազար դրամը՝ կապի ծառայությունների և մնացած բոլոր ծառայություններին հատկացնում է ընդամենը 3.7  հազար դրամ։ Եվ հատկանշական է, որ այս տարվա երրորդ եռամսյակում (հունվար-հոկտեմբերի տվյալները չկան), նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, առողջապահության ոլորտում գներն աճել են 1%-ով, կապի ոլորտում՝ մնացել նույնը, և միայն կոմունալ ծառայությունների մասով ընդհանուր գնանում կա՝ 3.4%։ Ստացվում է, որ ծառայությունների ոլորտում ևս նվազում ասվածը միանշանակ չէ բոլոր ենթաոլորտների համար։

Այսինքն՝ միջին եկամուտ ունեցող քաղաքացու համար այս տարվա գնաճը ոչ թե 0.7%  է, այլ՝ ավելին։

Միևնույն ժամանակ, միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում այս տարվա հունվար-սեպտեմբերին (այստեղ ևս հունվար-հոկտեմբերի տվյալները չունենք) աճել է 2.4%-ով և կազմել մոտ 190 հազար դրամ։ Սակայն ասել, որ գների աճն ու աշխատավարձի աճը համահունչ են, սխալ կլինի, քանի որ աշխատավարձի ներկայացված ցուցանիշը միայն միջինացված թիվ է. մեկը ստանում է դրանից շատ ավելի ցածր, մյուսը՝ շատ ավելի բարձր։ Մինչդեռ գնաճը տարածվում է թե՛ ցածր, թե՛ բարձր վարձատրվողի վրա։

Ազգային վիճակագրական ծառայությունը, բացի ամսական տվյալներից, հրապարակում է նաև սպառողական գների մասին եռամսյակային տվյալները։ Ամենաթարմն այս տարվա երրորդ եռամսյակի տվյալներն են։ Ըստ 12  ապրանքախմբերի ու ծառայությունների` ներկայացված են գների փոփոխությունները 2016 թվականի երրորդ եռամսյակի համեմատ։ Այստեղ արդեն ավելի պարզ երևում է, թե ինչպես են բարձրացել ապրանքախմբերի ու ծառայությունների մեծ մասի գները։

Սպառողական գների տատանումները նորմալ երևույթն են համարվում, նույնիսկ՝ պարտադիր տնտեսական աճի համար։ Բայց միայն այն դեպքում, եթե դրանք կտրուկ չեն և տատանվում են որոշակի սահմաններում։ Կենտրոնական բանկը Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանել 4±1.5%-ը։ Նախորդ տարի, օրինակ, Հայաստանում սպառողական գները նվազել են միջինը 1.4%-ով։ Սա ԿԲ-ի սահմանած թիրախից դուրս ցուցանիշ է։ Ու միայն նախորդ տարի չէ, որ գնաճը կամ գնանկումն այդ թիրախից դուրս են եղել, սակայն և ոչ մի տարի ԿԲ-ն համոզիչ հաշվետվություն չի ներկայացրել, թե ինչու սպառողական գների ինդեքսը սահմանված տիրույթում չէ։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2015-ին սպառողական գները աճել են միջինը 3.7%-ով, 2014-ին՝ 3%-ով, 2013-ին՝ 5.8%-ով։    

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում նկատում է, որ Հայաստանում գնային տատանումները վերահսկող երկու կառույցներն էլ թերանում են իրենց գործում։ Խոսքը Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՀՀ ՏՄՊՊՀ) մասին է։   

«Առողջ տնտեսական աճի պարագայում գները ևս տատանվում են։ Կենտրոնական բանկի գլխավոր գործառույթն է գների կայունության ապահովումը։ Արդեն մի քանի տարի է (2007 թվականից սկսած-հեղ.), ինչ  Կենտրոնական բանկը Հայաստանում որպես գնաճի նպատակային թիրախ է սահմանել 4±1.5%-ը։ Ամեն տարի պետական բյուջեի մասին օրենքը քննարկելիս նույն ցուցանիշն է ներկայացնում։ Այն ամենաբարձրը պետք է լինի 5.5%,  ամենացածրը՝ 2.5%: Բայց մենք հաշվետու չենք լինում, երբ գնաճն այդ սահմաններում չի գրանցվում։ Այստեղից հարց է առաջանում՝ ինչի համար են այդ ցուցանիշները, եթե ամեն տարի այդ միջակայքից դուրս է լինում գնաճը»,- ասաց տնտեսագետը։

Իսկ ՏՄՊՊՀ-ն, Ա. Մանուկյանի կարծիքով, պետք է ոչ գնաճից հետո ուսումնասիրի՝ արդյոք շուկայում գերիշխող ընկերությունները չարաշահումներով են բարձրացրել գները, թե՞ ոչ, այլ՝ գերիշխողները պետք է սպասեն ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրությանը, և եթե գնաճը թույլատրելի լինի, նոր բարձրացնեն գները։    

Հայաստանում սպառողական գների տատանումների հարցում ևս մեկ կարևոր հանգամանք կա, որը կապված է ներմուծվող ապրանքների հետ։ Ինչպես նկատում է Արտակ Մանուկյանը, երբ միջազգային շուկայում այդ ապրանքների գները բաձրանում են, Հայաստանն անմիջապես հաջորդ օրը արձագանքում է այդ երևույթին։ «Միանգամից մեզ մոտ էլ տնտեսվարողները բարձարցնում են գները։ Բայց իրենք այդ ապրանքը ձեռք են բերել ավելի վաղ ու ավելի էժան գներով և պահեստներում պահել։ Իսկ երբ էժանանում է, Հայաստանում այդքան արագ չեն արձագանքում։ Թանկացմանը միանգամից արձագանքում են, էժանացմանը՝ ոչ»,- ասում է նա։

Տնտեսագետը կարագի օրինակն է ներկայացնում։ Նրա խոսքով՝ աշխարհում կարագի  գները վերջին մեկ ամսվա ընթացքում 12%-ով էժանացել են, սակայն Հայաստանում էժանացում չի նկատվում։ Եթե գների բարձրացմանը մեր երկիրն անմիջապես արձագանքում է, նույն տրամաբանությամբ պետք է արձագանքեր նաև էժանացմանը։

Արտակ Մանուկյանը վիճծառայության տվյալների հիման վրա հաշվարկել է սննդային 10 ապրանքերի գները 2016թ հունվար-սեպտեմբերին (մեկ կգ-ի միջին գները) և համեմատել 2017թ հունվար-սեպտեմբերի գների հետ։ Հաշվարկներում ներառել է կարտոֆիլը, տավարի, ոչխարի և խոզի միսը, պանիրը, մածունը, կաթն ու ձուն։ Տնտեսագետի հաշվարկներով՝ միայն այս ապրանքների մասով 10% թանկացում է գրանցվել։ Եվ սա այն դեպքում, երբ չենք ներառում կարագը, որը վերջին  շրջանում ամենաշատ թանկացած ապրանքներից մեկն է։ Նշված 10 ապրանքները բնակչության սննդակարգում առաջնային տեղ գրավող ապրանքներից են։

Տնտեսագետը նկատում է, որ Հայաստանում գների վերաբերյալ վիճակագրությունը հաճախ չի արտացոլում իրականությունը։ «Օրինակ, վիճծառայության աշխատակիցները արձանագրել է, որ խնձորի 1 կգ-ը 200 դրամ է։ Սակայն նման գնի խնձոր չես գտնի, եթե ցանկանում ես գնել նորմալ, ուտելու խնձոր, ոչ թե անասնակեր»,- ասում է նա։

Գների հետ կախված վիճակագրության գլխավոր խնդիրներից մեկն էլ կապված է սպառողական զամբյուղում ներառված ապրանքների տեսականու և քանակի հետ։ Հայաստանում տնային տնտեսությունների հարցման հիման վրա 470 ապրանքների և ծառայությունների ցանկ է սահմանվում, և դրանց հիման վրա հաշվարկվում է զամբյուղի արժեքն ու առանձին ապրանքների գները։ Սակայն, տարիների ընթացքում հասարակության պահանջները փոխվում են, իսկ սպառողական զամբյուղի ապրանքների ցանկը՝ ոչ։

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
Հայաստանում կյանքն ավելի շատ է թանկացել, քան ներկայացվող ընդհանուր գնաճն է.... կյանքը,կամ ապրելը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter