
ԱԺ նիստի չեղարկումը դասադուլ հայտարարած ուսանողները համարում են իրենց հաղթանակը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք,Ազգային ժողովում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքի նախագծի քննարկման նիստն ասօր տեղի չունեցավ: «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլը շարունակեցին ԱԺ-ի դիմաց: Շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը նիստի չեղարկումը հաղթանակ է համարում: Համոզված է` իրենք փոփոխությանը չհավատացողներին մեծ հարված են հասցրել. «Այսօր գրանցվեց շատ մեծ հաջողություն: Այն բոլոր խոսքերը, թե հնարավոր չէ ազդեցություն ունենալ օրինագծի ընդունման վրա, կարող ենք դնել կասկածի տակ»:
Շարժման մասնակից Լևոն Չուկագլյանը վստահեցրեց, որ նիստի հետաձգումը որևէ կերպ չի ազդելու իրենց հետագա ծրագրերի վրա. «Մենք նիստին օրենքի շրջանակներում մեր ներկայացուցիչների օգնությամբ փորձել ենք ներկա գտնվել: Բայց քանի որ բացականեր են եղել, քվորում չի ապահովվել, մեր ներկայությունն էլ չի եղել: Փորձում ենք պատգամավորներին մեր կոչերով ցույց տալ, որ մենք այստեղ ենք ու պայքարելու ենք մինչև վերջ»:
Նախաձեռնության անդամները վաղվանից սկսելու են աշխատել տարբեր կառույցների հետ` փորձելով ստեղծել միասնական փաթեթ. «Մենք արդեն ստացել ենք մի շարք առաջարկություններ: Հենց վաղվանից սկսելու ենք իրենց մտահոգությունը հայտնած տարբեր անհատների, կազմակերպությունների տեսակետները քննարկել ու մշակել: Այդ կառույցները հիմնականում կրթական-մշակութային ուղղվածության են: Ունենալու ենք տարբեր ձևաչափերի հանդիպումներ թե բանախոսների հետ, թե կազմակերպությունների: Դրանց կմասնացեն նաև ուսանոները», - ասաց Դավիթ Պետրոսյանը: Հարցին, թե արդյոք պատգամավորների` նիստին չներկայանալը դիտավորություն են համարում, վերջինս պատասխանեց. «Թողնենք, թող պատգամավորները հիմնավորեն, թե ինչու ներկա չեն եղել քննարկմանը: Այժմ որակավորումներ տալը մեր կողմից սխալ կլինի»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը լրագրողների հետ զրույցում ափսոսանք հայտնեց, որ հասարակությունը փորձում է վարկաբեկել քաղաքացիական շարժումները. «Մեր հասարակության ամենամեծ ցավն այն է, որ մենք երբեք մեր ուժերին չենք հավատում: Ուղղորդվում է այս շարժումը, թե չի ուղղորդվում, հարցը մեկն է`երիտասարդների պահանջը ճի՞շտ է, թե՞ սխալ: Եթե մտնենք, սկսենք վարկաբեկել, որևէ բանի չենք հասնի: Ես ասեկոսեների չեմ ուզում հավատալ»:
Դասադուլ իրականացնողները շաբաթ և կիրակի քննարկելու ենառաջիկա քայլերը, որից հետո պարզ կլինի` երկուշաբթի դասադուլ լինելու է, թե ոչ:
Նելլի Պետրոսյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել