
Նալբանդյանի համայնքապետի աշխատակազմին նախարարներն էլ կնախանձեն
Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքում միայն այս տարի մոտ 30 գյուղացի վաճառել է իր սեփական հողատարածքները: Նալբանդյանում տղամարդիկ կատակում են, թե գյուղում տուն պահողները կանայք են, քանի որ ամառվա սեզոնին կանանց աշխատուժի պահանջարկն ավելի մեծ է, քան իրենցը:
Նալբանդյանում կանայք 15-20 հոգանոց աշխատանքային խմբեր են ստեղծում եւ նրանցից մեկին ընտրելով խմբի ղեկավար՝ օրը 5-6 հազար դրամով բանվորություն են անում գյուղի հողերում, շատ հաճախ՝ նախկինում իրենց պատկանող հողերում: Խմբի ղեկավար ընտրում են ամենաառույգին ու գրագետին, որպեսզի հողատերերի հետ գին «բարիշի» եւ ամենակարեւորը` նրանցից կարողանա ստանալ իրենց աշխատավարձերը, քանի որ շատ դեպքերում հողատերերը «նիսիայով» են աշխատացնում կանանց ու ամիսներով գումարը չեն տալիս:
Նալբանդյանի կանանց պահանջարկն այնքան մեծ է, որ նույնիսկ հարեւան գյուղերից են նրանց աշխատանքի առաջարկ անում: Նմանատիպ 15 խումբ կա գյուղում: Իսկ եթե ընտանիքի տղամարդն էլ է աշխատանք գտնում, ապա այդ ընտանիքը համարվում է գյուղի հարուստը` 150-300 հազար դրամ աշխատավարձով:
«Ամեն ամիս 200-300 հազար դրամ գումար է տուն մտնում, կեսն էլ վարկերի տակ են, բանկերն արդեն վարկ չեն տալիս ու հող չեն կարողանում մշակել: Ֆինանսապես կայուն չի գյուղացին, բացի այդ, 0.6 հա հողով եկամուտը բավարար չէ, որ կարողանան ամբողջ տարին այդ եկամուտով ապրել»,- ասում է Նալբանդյանի համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը:
4200 բնակչություն ունեցող Նալբանդյանը Արմավիրի մարզի ամենամեծ գյուղերից է: Ընդհանուր առմամբ, մշակվում է 1000 հա վարելահող, իսկ 300 հա-ը չի մշակվում: Որոշ դեպքերում էլ գյուղի վարելահողերը մշակում են հարեւան Ջանֆիդա համայնքի գյուղացիները, որոնք հիմնականում զբաղվում են սոխի մշակությամբ: Գրիգոր Մկրտչյանի ասելով` գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները քիչ են, քանի որ բանվորություն անելն ավելի ձեռնտու է:
Ըստ համայնքապետի` գյուղի հողի հարկը կազմում է 15 մլն դրամ, նույնքան էլ համայնքին տրվող դոտացիան է: Սակայն ավագանու՝ դեկտեմբերի 12-ին կայացրած որոշումից պարզվում է, որ համայնքի ղեկավարը անհասկանալիորեն մի քանի անգամ «կրճատել» է դոտացիայի գումարի չափը: Մոտ 21 մլն դրամ կազմում են գյուղի սեփական եկամուտները, որից 17 մլն 868 հազարը հողի հարկն է, իսկ դոտացիան 41 մլն 296 հազար դրամ է:
Գրիգոր Մկրտչյանի ասելով՝ դոտացիայի գումարը նույնիսկ համայնքապետարանի ու նրա ենթակայության հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը չի բավականացնում, իսկ աշխատակազմը փոքր չէ` 39 աշխատող: Միայն համայնքապետարանում 24 մարդ է աշխատում: Ըստ հաստիքացուցակի` համայնքապետարանում առկա են այնպիսի հաստիքներ, որոնք «երազանք» կարող են լինել շատ համայնքների համար, այդ թվում` քաղաքային: Օրինակ` համայնքի ղեկավարի օգնական` 90 հազ. դրամ աշխատավարձով, ռեֆերենտ` 70 հազ. դրամ, ֆինանսական բաժնի երեք առաջին կարգի եւ երկու առաջատար մասնագետներ` 60-70 հազ. դրամ աշխատավարձով:
Նույնիսկ համակարգչային օպերատորներն են Նալբանդյանում դասակարգված. 60 հազար դրամ աշխատավարձով մեկ ավագ օպերատոր, եւս երկու օպերատորներ` 50 հազարական դրամ աշխատավարձով: Կա մեկ գործավար-քարտուղարուհի եւ մեկ քարտուղարուհի` 50 հազարական դրամ աշխատավարձով: Ամսական նույնքան գումար է ստանում նաեւ համայնքապետարանի վարորդը: Փոխարենը մշակույթի տան տնօրենը, գրադարանի վարիչը ստանում են ընդամենը 35 հազ. դրամ աշխատավարձ, որը պահակի աշխատավարձից ավել է ընդամենը 2500 դրամով, իսկ համայնքապետի աշխատավարձը 210 հազար դրամ է:
Թեեւ Գրիգոր Մկրտչյանի ասելով գյուղում շատ աշխատանքներ են կատարվել` կապիտալ վերանորոգվել է երաժշտական դպրոցը, խմելաջրի ցանցի մեծ մասը, փոխվել են արտեզյան հորերի պոմպերը, բարեկարգվել են գյուղամիջյան եւ դաշտամիջյան ճանապարհները, սակայն գլխավոր հարցը մնում է չլուծված` գյուղի մշակույթի տունը վերանորոգելու համար գումար չկա: Այն ընդգրկված է Նալբանդյանի զարգացման քառամյա ծրագրում, սակայն ըստ համայնքապետի` առանց կառավարության օգնության հնարավոր չէ այն վերանորոգել:
«Մի քանի տարի առաջ հաշվարկվել է, որ միայն տանիքը փոխելը կարժենա 60 մլն դրամ: Տանիքը կաթում է, այդտեղ է գործում նաեւ գյուղի գրադարանը, որտեղ կա 7000 կտոր գրականություն: Եթե տանիքը պետությունը վերանորոգի, մնացած աշխատանքները մենք կանենք: Այս հարցով դիմել ենք մարզպետարան: Ուրիշ տարբերակ չկա, պիտի պետությունը օգնի, որ կարողանանք վերանորոգել»,- ասում է Նալբանդյանի համայնքապետը:
Գրիգոր Մկրտչյանի խոսքով` գալիք տարում նախատեսում են կատարել 3 մեծ ճանապարհների, դաշտամիջյան ճանապարհների վերանորոգման եւ հարթեցման աշխատանքներ: Ըստ համայնքի ղեկավարի՝ դաշտամիջյան ճանապարհներն ամբողջությամբ հարթեցնելու համար կպահանջվի մոտ 3 տարի:
Գյուղը գիշերային լուսավորություն, կարելի է ասել, չունի: Գլխավոր ճանապարհին ընդամենը 6 լամպ է միացված, եւ 2012 թ. նախատեսվում է փողոցն ամբողջությամբ լուսավորել: Վթարային է նաեւ գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում է 80 երեխա: Եթե գալիք տարվա բյուջեով գումար ավելանա, ապա այն ուղղվելու է մանկապարտեզի վերանորոգմանը: «Այսօր պետությանն էլ շատ չենք կարող նեղել, վերջին 20 տարիների ընթացքում համայնքում նոր գործ է արվել, պետական բյուջեով դպրոցն է կապիտալ վերանորոգվել»,- ուրախանում է համայնքապետը:
Մանկապարտեզը վերանորոգելու համար դեռեւս ֆինանսական միջոցներ չունեն, բայց եթե համայնքապետը նպատակային ծախսեր բյուջեի միջոցները, այդ ծրագիրն անիրականանալի երազ չէր թվա: Օրինակ` համայնքի ղեկավարը անձնագրային տարիքի պատանիներին արգելել է գնալ Արմավիր՝ անձնագիր ստանալու:
Համայնքապետարանում հավաքում են նրանց բոլորի փաստաթղթերը եւ միասնական ներկայացնում ոստիկանությանն առընթեր անձնագրային բաժին, իսկ հետո անձնագրայինի պետն այցելում է գյուղ եւ անձամբ բաժանում անձնագրերը: Մեկ այլ դեպքում էլ հավաքում է բոլոր նորապսակներին եւ դարձյալ ՔԿԱԳ պետին հրավիրելով համայնք` հանդիսավոր կերպով բաժանում են ամուսնության վկայականները, եւ այս ամենը՝ համայնքապետարանի հաշվին:
Համայնքապետը նաեւ ասաց, որ ամեն տարի գյուղի վետերաններին տոների առթիվ «պատիվ է տալիս», իսկ այս տարի նրանց բջջային հեռախոսներ է նվիրել, որ խնդիրներ առաջանալու դեպքում անձամբ զանգահարեն իրեն: Երբ խոսք եղավ ավագանու մասին, Գրիգոր Մկրտչյանը նշեց, թե գյուղում ավագանու անդամները շատ զգոն են եւ հետամուտ իրենց գործին: Սակայն նշեց, որ ավագանու անդամներ ընտրվում են միայն մեծ ազգություն ունեցողների ներկայացուցիչները: Ի դեպ, համայնքապետի եղբայրը` Գագիկ Մկրտչյանը, նույնպես ավագանու անդամ է:
«Մեզ մոտ փակ բան չկա, մի քանի անգամ ստուգումների են եկել, ստեղ ոչ մեկը թալանով չի զբաղվում, ամեն ինչ պարզ է»,- համայնքապետարանի հրապարակային գործունեության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ հայտնեց Գ. Մկրտչյանը: Սակայն համայնքապետարանի գործունեությանը վերաբերող՝ օրենքով պարտադիր հրապարակման ենթակա եւ ոչ մի որոշում փակցված չէր համայնքապետարանում:
Մեկնաբանել