HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Սասնա ծռերի» գործով փաստաբանները չեն ստացել տեսաձայնագրությունների մի մասը

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց  «Սասնա ծռերի»  անդամներ, ամբաստանյալներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի գործով նիստը, որի ընթացքում երեք անգամ բացարկի միջնորդություն ներկայացվեց նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Առաջին միջնորդությունը դատավորը մերժեց, հաջորդ միջնորդությունը ներկայացրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը։ Փաստաբանը հայտնեց, որ Գաբրիելյանը հունիսի 21-ին դատական սանկցիա կիրառելու մասին որոշում է կայացրել իր նկատմամբ, իսկ հուլիսի երեքին համանման որոշում է կայացել Մոնիկա Մարգարյանի նկատմամբ, որոնց մեջ եղել է անկողմնակալ վերաբերմունք գործի ավարտի վերաբերյալ․ «Որոշումների շարադրանքից երեւում է՝ դատավորը պարզել է, որ նշված երկու գործերով հանցանքների կատարման մեջ մեղադրվող անձինք կատարել են այդ գործողությունները։ Որոշման մեջ նկարագրված են այն գործողությունները, որոնք դատարանն արդեն իսկ պարզված եւ ապացուցված է համարում»,- հայտնեց փաստաբանը և պնդեց նաև, որ դատավորը արտահայտված դիրքորոշում ունի ոչ միայն պաշտպանյալների մեղավորության, այլեւ գործի մեղադրական ելքի վերաբերյալ։

«Այլ կերպ ասած, գործի ելքը ոչ թե կանխորոշված է, այլեւ ըստ էության, որոշված է, մեղադրական դատավճիռը կայացված է, իսկ գործի դատաքննությունը ոչ թե ձեւական է, այլեւ արդարադատության իրականացման իմիտացիա է»,- հավելեց Շուշանյանը։

Տիգրան Հայրապետյանը միացավ ներկայացած միջնորդությանը, պնդելով, որ անթույլատրելի է պահել միայն դատավարության ձեւական կողմը, իսկ բովանդակությանն արժեք չտալը։ «Սա հարվածում է մեր ընտանիքին, մեր ապագային, Հայաստանի ապագային, ամեն ձեւական գործողություն, որը կատարվում է բովանդակությունն անտեսելով, պետք է դատապարտվի։ Եթե դուք ձեր որոշումներում մեջբերում եք կատարել ու համարել՝ հանցավոր խումբ է կազմավորվել, որպեսզի կատարի այս արարքները, դուք արդեն գնահատական եք տվել։ Ինձ թվում է սրանից հետո հետագա ընթացքը դառնում է ձեւական»,-հայտարարեց փաստաբան Հայրապետյան։

Դատարանը ինքաբացարկ հայտնելու միջնորդությունը խորհրդակցական սենյակից վերադառնալով` մերժեց։

Որոշումը հրապարակելուց հետո փաստաբան Արա Ղարագյոզյանը նույնաբովանդակ միջնորդություն ներկայացրեց` դատավորին նորից բացարկ հայտնելով։

Արա Ղարագյոզյանը նշեց, որ դատարանը կանխակալ վերաբերմունք է ունեցել իր պաշտպանյալ Մանվել Աթոյանի նկատմամբ։ Փաստաբանը հավելեց նաեւ, որ դատավորը համոզիչ եւ հաստատուն որոշում չի կայացրել կալանքի վերաբերյալ։

Դատավորը ինչպես Բալասանյանի, Շուշանյանի, այնպես էլ Ղարագյոզյանի միջնորդությունը մերժեց։

Տիգրան Սարգսյանի պաշտպանը եւս մի նոր միջնորդություն ներկայացրեց կալանքի ժամկետի վերաբերյալ` նշելով, որ այս ամիսների ընթացքում իր պաշտպանյալը որեւէ մտահոգություն առաջացնող վարքագիծ չի դրսեւորել։ Պաշտպանը նշեց, որ դատախազները միայն դասագրքային օրինակներ են ներկայացնում, սակայն չեն նշում, թե կոնկրետ ինչպիսի խոչընդոտություններ կարող է կատարել ամբաստանյալը․ «Պատերազմի միջով անցած մարդիկ են, դուք չեք կարող ասել, որ այս մարդը կվախենա և փախուստի կդիմի»,- հայտնեց  փաստաբանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանը նույնպես միացան ներկայացրած միջնորդությանը, իսկ մեղադրական կողմն առարկեց միջնորդության դեմ՝ պնդելով, որ Տիգրան Սարգսյանն, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել կատարվող քննչական գործողություններին, կարող է ազդեցություն թողնել իր դեմ ցուցմունք տվածների վրա։

Դատավորը, խորհրդակցական սենյակից վերադառանալով, հրապարակեց միջնորդությունը մերժելու մասին որոշումը։ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը նշեց, որ գործերի հատորներից երեքը չունի, չունի նաև գործում առկա որոշ տեսաերիզներ։ Դատավորը հայտնեց, փաստաբանի մոտ բացակայող երեք հատորները, կալանքների վերաբերյալ որոշումներ են միայն պարունակում։

Մուշեղ Շուշանյանը նշեց, որ նախաքննության ավարտից հետո գրավոր միջնորդել է ՝ տրամադրեն գործում առկա փաստաթղթային նյութերի պատճենները, տեսանյութերն ու ձայնագրությունները։ Տրամադրել են 69 հատոր, իսկ քննիչն ասել է, որ տեսագրություններն ու ձայնագրությունները կտրամադրվեն հետագայում, սակայն հետագայում սկավառակների մի մասն է տրամադրվել։

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը և Արա Ղարագյոզյանը նույնպես պնդեցին, որ իրենք ևս չունեն տեսաերիզները։ Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ տեսաերիզների վերաբերյալ կզրուցի գործը քննող քննիչի և դատախազների հետ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter