HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստան-Չինաստան. առևտրային երկրորդ գործընկերոջը միայն հանքահումք ենք վաճառում

Ներկա դրությամբ Չինաստանը Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է` ապրանքաշրջանառության ծավալներով։ Առաջին տեղում Ռուսաստանն է։ Հայաստանը, սակայն, այս առևտրում առավելապես ներկրողի դերում է։ Մեծ են և ներկրվող ապրանքների ցանկը, և ծավալները։ Իսկ արտահանման պատկերը «միօրինակ» է. Չինաստանին միայն հանքահումք ենք վաճառում։ 

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների՝ այս տարվա առաջին ինն ամիսներն Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան  417 մլն ԱՄՆ դոլար։ Դա այս ժամանակահատվածում Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 9.6%-ն է։ 

Հունվար-սեպտեմբերին Հայաստանից չինական շուկա է արտահանվել 79 մլն դոլարի ապրանք։ Հայաստանի արտահանման մեջ Չինաստանի տեսակարար կշիռը կազմում է 5.1%: 

Նույն ընթացքում այս երկրից ներմուծվել է մոտ 339 մլն դոլարի ապրանք, որն էլ Հայաստանի ներմուծման ամբողջ ծավալի 12%-ն է կազմում։ 

Վերջին 10 տարիներին Չինաստանի հետ ապրանքաշրջանառության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին: Դրան հաջորդող երկու տարիներին այն անկում է ապրել։ 

Իսկ այս տարի աճ է նկատվում։ Դեպի Չինաստան արտահանումը, 2016 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ, աճել է 15%-ով, ներմուծումը՝ 38%-ով։  

Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականից։ Հենց այդ տարվանից Երևանում գործում է Չինաստանի առևտրա-տնտեսական ներկայացուցչությունը։ Նույն տարում Երևանում բացվել է Չինաստանի դեսպանությունը։ Իսկ չորս տարի անց Պեկինում բացվել է Հայաստանի դեսպանությունը:  Երկու երկրների պաշտոնյաները հանդիպումների ժամանակ հաճախ են շեշտադրում տնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Մասնավորապես, շեշտադրվում է նաև առևտրաշրջանառությունը։ Օրինակ՝ 2015 թվականի մարտին նախագահ Սերժ Սարգսյանը պետական այց է կատարել Չինաստան։ Հանդիպումների ժամանակ խոսվել և շեշտադրվել է նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը։  Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝ նշված այցի ժամանակ Չինաստանի պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանն ու Սերժ Սարգսյանը «գոհունակությամբ են նշել երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններում վերջին տարիներին արձանագրած առաջընթացը: Չնայած ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին՝ կես միլիարդ դոլարը գերազանցող ցուցանիշին, Հայաստանից Չինաստան արտահանման մեծացմանը, այդուհանդերձ, զրուցակիցների կարծիքով, երկու երկրները չպետք է բավարարվեն եղած ձեռքբերումներով և պետք է ջանքերը շարունակեն առկա տնտեսական ներուժը լիարժեքորեն օգտագործելու, Հայաստանի տնտեսության մեջ չինական ներդրումների ներգրավման և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ»:  Բացի այդ, Սերժ Սարգսյանի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը նոր և ավելի մեծ հնարավորություններ է բացում նաև հայ-չինական տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից:

Այս հանդիպումների ժամանակ ստորագրվել են նաև համաձայնագրեր։

Նույն տարվա սեպտեմբերին Չինաստան աշխատանքային այց է կատարել նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

Նշված  հանդիպումներից ընդամենը մեկ տարի անց՝ 2016 թվականին, Հայաստանից Չինաստան արտահանումը կտրուկ նվազում է։ Իսկ արտահանման կազմը որևէ կերպ չի դիվերսիֆիկացվել։ Ավելին՝ այս տարվա առաջին կիսամյակում հիմնականում մեկ անուն ապրանք է արտահանվել։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ պաշտոնական հանդիպումները, գոնե, արտահանման մասով և գոնե, առայժմ տեսանելի արդյունքներ չեն տվել։ Այլ կեպ ասած՝ հայկական ապրանքները չինական շուկային չեն հետաքրքրում։

 

Հայաստանը երկրորդ առևտրային գործընկերոջը հետաքրքրում է հիմնականում հանքանյութով, մասնավորապես՝ պղնձով, մասամբ էլ՝ թանկարժեք մետաղի հանքանյութով։ Հայկական ապրանքների նկատմամբ չինական շուկայի հետաքրքրությունը ավարտվում է այս երկու ապրանքներով։ Չնայած, որ արտահանվում են ևս մի քանի տեսակի ապրանքներ, օրինակ՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, սակայն դրանց ծավալը փոքր է և ընդհանուրի մեջ` ոչ էական։

Դեպի Չինաստան արտահանումը կտրուկ աճել է 2012-2015 թվականներին, որից հետո՝ նույնքան կտրուկ նվազել։ Հայաստանի մաքսային ծառայության հրապարակած տվյալները ցույց են տալիս, որ այդ աճը պայմանավորված էր պղնձի ու թանկարժեք մետաղի հանքանյութի արտահանման ծավալների բազմապատկմամբ, ընդ որում՝ թե ֆիզիկական ծավալների, թե արժեքի։ 2016 թվականին, սակայն, արտահանումն անկում է ապրել՝ այս անգամ էլ պայմանավորված պղնձի ծավալների ավելի քան կրկնակի կրճատմամբ, համաշխարհային շուկայում դրա գնանկմամբ։

Նշենք, որ  Չինաստանը համարվում է աշխարհում պղնձի խոշորագույն սպառողներից և գին թելադրողներից մեկը։

Ուշագրավ է, որ Մաքսային ծառայության վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից Չինաստան է արտահանվել մոտ 44 մլն դոլարի ապրանք, որի 99%-ը միայն պղնձի հանքանյութն է։ Իսկ թանկարժեք մետաղի հանքանյութ չի արտահանվել։

Չինաստանից Հայաստանը գնում է ավելի քան  900 անուն ապրանք

Փոխարենն ավելի դիվերսիֆիկացված է ներմուծումը։ Չինաստանից Հայաստանը գնում է ավելի քան 900 անուն ապրանք։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ներկման ծավալով առաջին տեղում տեխնիկան է, մասնավորապես բջջային հեռախոսները։ Օրինակ, 2016 թվականին ներկրվել է մոտ 47 մլն դոլարի «հեռախոսային ապարատ բջջային ցանցի կամ այլ կապի»։ 2015-ի համեմատ այս ցուցանիշը 1.6 անգամով աճել է։ Առավել մեծ ծավալի ներկվում է նաև հագուստ, կոշիկ, շինարարական իրեր, համակարգիչներ և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter