
ՀՀԿ-ն ու ՀՎԿ-ն Վանաձորում համագործակցության հուշագիր են ստորագրել
Վանաձորի ավագանու ՀՀԿ և ՀՎԿ խմբակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել՝«քաղաքի առջև ծառացած խնդիրները համատեղ հաղթահարելու, քաղաքի զարգացման բնականոն ընթացքն ապահովելու և մասնակցային կառավարում իրականացնելու համար»։
Հուշագրի տեքստն արդեն տեղադրված է Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, որի ներքո ստորագրել են քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և ՀՎԿ ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը: Տեղեկացնենք, որ երեկ իր ֆեյսբուքյան էջում համագործակցության կոչի առաջարկով հանդես էր եկել Մամիկոն Ասլանյանը:
Քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ նոյեմբերի 21-ին նախատեսված է արտահերթ նիստ, որի օրակարգում է Արկադի Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու որոշումը: Նոյեմբերի 10-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց ԱԺ 26 պատգամավորների դիմումի հիման վրա որոշումը՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելով ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում համայնքի ղեկավարը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա, տարիքով ավագ անդամը»։
Ըստ ՍԴ որոշման՝ իրենց իրավաբանական ուժը կորցրած ճանաչվեցին ավագանու կողմից հաստատված համանյքային բյուջեն, ինչպես նաև 2016 թվականի պետական բյուջեի հաշվետվությունը:
ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչված դրույթները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար մինչ 2018-ի մարտի 31-ը ժամանակ է տվել:
Մամիկոն Ասլանյանը Վանաձորի քաղաքապետ է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 10-ին, սակայն մինչև այս պահն ավագանու նիստերին մասնակցել են միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել