HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում բանտի «սրճարանում»

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Բանտում նորությունները քիչ են, իրադարձությունները՝ հազվադեպ, հյուրեր ունենալը` գրեթե բացառիկ երևույթ: Այստեղ միշտ նույն դեմքերն են, նույն ձայները՝ երկաթե դռների ու մարդկանց: Հյուրերն էլ կամ դիտորդներ են լինում, կամ տարբեր պատվիրակություններից, արդեն 5 տարի է՝ ինձ այցելում են նաև իրավագիտության ֆակուլտետի դասախոսները՝ տարեկան 2-3 անգամ:

Իսկ մահապատժի տարիներին՝ ավելի քան 7 տարի հանդիպումներ չկային: ԵԽ անդամ դառնալով՝ քրեակատարողական օրենսդրությամբ նախատեսվեց հարազատների հետ տարվա մեջ 1 անգամ եռօրյա հանդիպում և 3 անգամ մի քանի ժամով` կարճատև:

Օրենսդրությունը թույլ է տալիս նաև այլ անձանց հետ կարճատև հանդիպումներ: Սակայն տեսակցությունները 20 տարի այնքան քիչ էին, որ տարվա մեջ 3-4 անգամ հազիվ կարողանում էի ծնողներիս տեսնել: Եվ միայն մի քանի անգամ կարողացել եմ համատեղել ծնողներիս ու ընկերներ-բարեկամների հանդիպումները: Մարդկային շփումն անփոխարինելի զգացողություններ է տալիս փակված մարդուն:  

Օրեր առաջ բանտում ինձ այցելեցին այս տարիներին արդեն հարազատ դարձած մարդիկ, որոնց հանդիպել և ծանոթացել էի տարածության վրա` դատական նիստերի դահլիճում: Բնապահպան, գործարար Գագիկ Հարությունյանի շնորհիվ լույս աշխարհ եկավ իմ պատմվածքների և վավերապատումների ժողովածուն` «Զգացմունքների պետությունը»: Կինոգետ, ԳԱ անդամ Արծվի Բախչինյանի հետ նույնպես ծանոթացել ենք գրքի միջոցով: Դեռ տարիներ առաջ Արծվի Բախչինյանը գրեց, որ Վերնիսաժում պատահական լսել է, որ մի աղջիկ հարցրել է իմ առաջին `«Ես զրուցում եմ քեզ հետ, Մարդ» գրքի մասին, և ինքը զարմացել է՝ ով է այդ անծանոթ հեղինակը:

«Նուբարաշեն» ՔԿՀ վարչակազմն ամեն ինչ կազմակերպել էր հավուր պատշաճի, ինչը հնարավորություն տվեց ինձ վերջապես մոտիկից տեսնելու իմ նոր բարեկամներին: Գրկախառնվեցինք, մտածում էինք՝ ով որտեղ է նստելու: Գագիկ Հարությունյանն առաջարկեց ռոտացիայի սկզբունքը` ժամանակ առ ժամանակ տեղերով փոխվում էինք: Սրճեցինք՝ Արծվի Բախչինյանի ձեռքերով պատրաստած զեյթունով կարկանդակներով: Ինչից ասես, որ չզրուցեցինք` առաջին սիրուց ու բնապահպանությունից սկսած, կենցաղով ու արդարադատությունով վերջացրած…

Երևի չեմ էլ հիշի, թե վերջին անգամ երբ էի ընկերներիս հետ ֆիզիկական ազատության մեջ սրճարանում սուրճ վայելել: Բայց այստեղ՝ բանտում, 1-2 ժամ զգացողություն էր, թե բանտում «սրճարան» է բացվել, որտեղ հավաքվել ենք ընկերներով:

Գագիկն իր հետ բերել էր ֆեյսբուքյան իր էջից վերցրած մարդկանց բարեմաղթանքները, հուշերը: Նորից ու նորից եմ շնորհակալություն հայտնում բոլորիդ մաղթանքների համար: Այդպես, կարծես սրճարանում նստած` կարդացի ու տեղում կարճ գրեցի այդ պահին զգացածս, նաև նկարեցի այն, ինչ փոքրուց ինքնաբերաբար նկարում եմ, երբ տրամադրությունս բարձր է լինում: Մեր Մասիս-Արարատը` մեջտեղում արևը… Գագիկն ասաց, որ իր պատշգամբից միշտ այդ տեսարանն է երևում, բայց այնտեղից արև չի ծագում: Ես էլ մանկուց առավոտները գրեթե միշտ դիմավորել եմ պատշգամբից` մեր այս պատմական լեռանը նայելով, ու երազել, որ մի օր այնտեղ մեր համար Լույս բացվի…

- Գագի՛կ ջան, սա սյուրռեալիզմ է, - ասում եմ ու շարունակում նկարել:

Որ ուշադիր նայեք, թռչող ափսե էլ կտեսնեք: Մանուկ հասակում էլ տիեզերական սարքը մեր սարի վրա էի նկարում: Գիտե՞ք` ինչու: Ասում էի, որ միայն գիտությունը զարգացնելով՝ կկարողանանք հաղթել թվաքանակով ու ռեսուրսներով գերազանցող թշնամուն: Մի բան գիտեմ` ամեն մարդ իր գործը պետք է լավ անի: Ինքս էլ ուսանող եմ և ցանկանում եմ բարեհաջող ավարտել բուհն ու լավ մասնագետ դառնալ:

«Սրճարանը» փակվում էր, բայց մենք դեռ այնքան զրուցելու նյութ ունեինք: Մի պահ ինձ ազատության մեջ զգացի… Շնորհակալ եմ: Դե՛, գնամ պատրաստվեմ վերջին` քրեական իրավունք առարկայի քննությանը, որն այս անգամ, հնարավոր է՝ առցանց կազմակերպվի:

Մեկնաբանություններ (2)

ԳԱԳԻԿ
Օրհնվի Ծնուննդ, Մհեր։ Բառերն ավելորդ են; Մեր Հադիպումից ես անսահման հարստացած;, որ Մենակ չեմ․ որ Դու կաս։ Մնացածը հետո․․․ Պայքարը շարունակվում է։ Հաղթելու ենք։ Դիմացիր, Եղբա՛յյր։
Վարդան
Մհեր չգիտեմ, եթե կարդում ես իմացի ես վստահ եմ, որ մոտ է քո ազատություն գնալու բաղձալի օրը։ Դու արժանի ես։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter