HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Պետրոսյան․ «260 հազար դրամով փորձում են մարդկանց տեղափոխել պաշտպանության ոլորտ»

Նելլի Պետրոսյան

Ազգային ժողովում քննարկում է ընթանում «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամների հետ: Պահանջը մեկն է` միաժամանակ պահպանել թե՛ ծառայության, թե՛ կրթության անընդհատության սկզբունքը: Շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանի համոզմամբ` ֆինանսական պայմանները կրթության և պաշտպանության ոլորտում այնքան անհավասար են, որ արդյունքում նախապատվությունը տրվում է երկրորդին: «Հենց «Պատիվ ունեմ» ծրագրով 260 հազար դրամ աշխատավարձ է տրվում սպաներին, իսկ գիտաշխատողներին` 60-80 հազար դրամ: Նախորդ հանդիպման ժամանակ Վիգեն Սարգսյանը մեր տղաներից մեկին էսպիսի մի հարց տվեց` «որքա՞ն ես ստանում գիտությամբ զբաղվելով», մեր ընկերը պատասխանեց` «80 հազար դրամ», նախարարն էլ ասաց` արի մեզ մոտ, մենք քեզ 260 հազար դրամ կտանք: Այսինքն ստացվում է, որ սոցիալական գրավչության միջոցով փորձ է արվում մարդկանց տեղափոխել մյուս դաշտ»,- ասաց Դավիթ Պետրոսյանը:

Նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը ներկայացրեց բանակում ծառայած երիտասարդների շրջանում իրենց անցկացրած հետազոտության արդյունքները: Ասում է` դրանով որոշակիորեն հստակեցվում են կրթություն-բանակ կապի հետևանքները. «Կազմեցինք հարցաթերթիկ, հետազոտություն անցկացրինք 1000 ծառայած տղաների շրջանում` հաշվի առնելով ընդունելության քննության միավորները: Այսպիսով, նրանց 9%-ը զորացրվելուց հետո ուսումը չի շարունակել, 13-ը սովորել է հեռակա ուսուցման համակարգում, 10%-ը փոխել է մասնագիտական ուղղվածությունը, 43%-ի մոտ նկատվել է ՄՈԳ-ի նվազում, իսկ 21%-ի դեպքում որակի աճ է եղել, չեն տուժել»: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը չի կարծում, թե բանակում ծառայելը, միանշանակ, ազդում է կրթության իրավունքի իրականացման վրա. «Իսկ ո՞վ ասաց, որ մասնագիտությունը փոխելը ծառայության հետևանք է: Կարող է մարդը գնացել, ծառայել, եկել է, ուզում է այլ մասնագիտություն ձեռք բերել»:

Նախարարը վստահ է` բոլոր առաջարկվող տարբերակները կարելի է լավագույնս վերանայել համապատասխան մարմնի առկայության դեպքում. «Ես պատկերացնում եմ, որ պիտի ձևավորվի լուրջ հանձնաժողով, որի մեջ կներգրավվի ԿԳՆ-ն, հասկանանք` որ մասնագիտության մեջ ինչ խնդիր կա, ինչպես պետք է դրանք լուծենք: ՊՆ-ի հետ էլ ենք խոսել, պատրաստ ենք քննարկել»:

Նախարարը  նաև ներկայացրեց 2007-2016թթ. ուսումնասիրությունների արդյունքները` արձանագրելով. «Ունենք այսպիսի տվյալներ. դոկտորները 445-ն են, թեկնածուները` 5032: Նրանցից 2017թ. նոյեմբերի դրությամբ գիտության մեջ մնացել են դոկտորներից 191 հոգի, թեկնածուներից` 646: Էստեղ կան նաև մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացիներ չեն, բայց նրանց թիվը փոքր է: Այսինքն, դոկտորների 42.9%-ն է մնում գիտության մեջ, թեկնածուների` 12.8%-ը»: Շարժման անդամներին կարծես թե չեն բավարարում նախարարի ներկայացրած տվյալները. փաստեր են ուզում ոչ թե գիտությամբ զբաղվողների վերաբերյալ, այլ ծառայությունից վերադարձած այն անհատների, ովքեր ցանկանում են զբաղվել գիտությամբ:

Շարժման մասնակիցներին հետաքրքրում է` որքանով է արդարացված տարկետման իրավունքից զրկել նրան, ով բժշկական եզրակացության համաձայն` չի կարող սպայական կոչում ստանալ: Պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանի խոսքով` քայլեր են ձեռնարկվում խնդրին լուծում տալու համար. «Այժմ ծառայության  համար բժշկական չափորոշիչները վերանայվում են, իսկ եթե առողջության սահմանափակում է, դեռ չի նշանակում, թե չի կարող ծառայել, կարող է որպես շարքային չծառայի, բայց այլ ծառայություն մատուցի»: 

Լևոն Մկրտչյանը ստեղծված իրավիճակը մեկնաբանում է տարիքային խմբով. 18 տարին լրացած անձը դեռևս հստակ չգիտի` գիտնական դառնալու՞ է, թե՞ ոչ: Ըստ նախարարի` գիտության և ծառայության միջև հակասություն չկա, խնդիրն էլ արհեստական է. «Ես, նույն երիտասարդներին հարգելով, չգնացի համալսարան, քանի որ էմոցիոնալ փուլ անցավ այս ամենը: Բայց անձամբ հանդիպել եմ մտահոգ անձանց հետ` հասկանալու հիմնական խնդիրները: Ենթաօրենսդրական դաշտում կարելի է որոշ չափով լուծել այս խնդիրները: Սիրով հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, դասախոսներին: Մենք էլ ձեզ հետ կհասկանանք , թե ըստ ոլորտների` ինչ չափանիշներ պիտի դնենք, որ ընդառաջենք տղաներին»:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ հավելում է․ «Որևէ ենթաօրենսդրական ակտ չի կարող ընդունվել առանց ուսանողների մասնակցության»: Փաստորեն Կառավարությունը պատրաստակամություն է հայտնում լսել ուսանողների կարծիքը:

«Մեր ամբիոնները ծերանում են: Օրինակ, կարող եք նայել ֆիզիկայի ֆակուլտետը և պատկերացում կազմել: Ուստի տարկետումը չի խանգարում գիտությանը, նախ պետք է կրթական ոլորտում փնտրել բացերը»,- քննարկման ընթացքում նշեց Լևոն Մկրտչյանը:

Շարժման մասնակից Գարիկ Պետրոսյանին մտահոգում է այն, որ բանակում երբեմն անհասկանալի է «մասնագիտություն-պարտականություն» կապը. «Արդյո՞ք ըստ մասնագիտությունների գիտնականների զբավածությունը բանակում հստակեցված է, որովհետև հաճախ բանակում մի մասնագիտության տերը մեկ այլ աշխատանք է իրականացնում»:

Նախաձեռնության անդամները հայտնեցին իրենց վերջնական դիրքորոշումը` կառավարությունը թող սահմանի տարկետման իրավունքի տրամադրման ճկուն քաղաքականություն. «Մենք ունենք գրագետ սպաների անհրաժեշտություն: Թող ուսանողն ունենա ազատ ընտրության իրավունք` պահպանելով և´ ծառայելու, և´ կրթության անընդհատության սկզբունքները»:

Շարմազանովը վստահեցրեց, որ բոլոր առաջարկները քննարկվելու են: Կլոր-սեղան քննարկումը շարունակվում է:  

Հիշեցնենք, որ «Հանուն գիտության զարգացման» շարժման անդամներն օրեր շարունակ դասադուլ էին անցկացնում` ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Սակայն ԱԺ-ն երկորորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի» մասին օրենքը: Շարժման անդամները համաձայնության էին եկել` Ազգային ժողովում անցկացնել կլոր-սեղան քննարկում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter