
Կողբի համայնքապետը Զորականի ֆոնդային բյուջեի խնայված գումարով իր համար «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենա է գնել
Խոշորացումից հետո անցած մեկ տարում լարված հարաբերություններ է ստեղծվել Տավուշի մարզի Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի և խոշորացված համայնքի մեջ մտնող Զորականի գյուղացիների միջև:
Արսեն Աղաբաբյանի խոսքով՝ նախկին գյուղապետը, այժմ Զորականում իր լիազոր ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանի հետ պաշտոնապես չի շփվում: «Նրանց մեջ հարաբերություն չկա: Պատճառն արդեն պետք է իրենց հարցնեք»,- ասաց Կողբ համայնքի առաջատար մասնագետ Արթուր Մելքումյանը:
Աղաբաբյանը «Հետք»-ի հետ զրույցում պնդում էր, որ Սուրեն Մարտիրոսյանին և զորականցիներին իր դեմ լարում է Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Քանի որ Սուրեն Մարտիրոսյանը 2016թ.-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությանը առաջադրվել է Կողբ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, Արսեն Աղաբաբյանը նրան մեղադրում է դավաճանության մեջ։
«Համայնքի ղեկավարի հետ շփվում ենք, խի չենք շփվում: Ինքն է ինձ Զորականում նշանակել իր լիազոր ներկայացուցիչ, ոնց կարող եմ իր հետ չշփվել: Թող գնան մարզպետի հետ իրար մեջ որոնեն դավաճանությունը: Դեռ ծնված չեմ եղել իրենք մարզպետի հետ ընկերներ են եղել: Իրենց ընկերության ընթացքում մի 5 անգամ պրոբլեմ են ունեցել, մի 15 անգամ խռովել ու բարիշել են»,- պարզաբանեց Սուրեն Մարտիրոսյանը:
Զորականցիները դժգոհեցին նաեւ մարզպետից՝ ասելով, որ նա իրենց խաբել է և Զորականը միացրել Կողբ համայնքին:
«Մարզպետի շահն էն էր, որ Կողբն իր ծննդավայրն է: Սկզբում նախատեսված էր Բերդավանը միացնել Կողբին: Բերդավանցիները չցանկացան միանալ Կողբին: Այդ դեպքում պետք է մեկ այլ գյուղ միանար Կողբին, որ այն չմիանար Նոյեմբերյանին: Հովիկ Աբովյանը զոհ դարձրեց Զորականին»,- բացատրեց զորականցի Աշոտ Գրիգորյանը:
Արթուր Մելքումյանի խոսքով՝ բերդավանցիները Կողբին չմիանալու համար դիմում են գրել ԱԺ-ին, թե «չենք ուզում միանալ Կողբին, 100 տարվա թշնամի ենք»: «Կարճ ասած խառնեցին, Զորականը հանեցին խոշորացվող Այրում համայնքի ցուցակից, միացրին Կողբին»,- ասաց Արթուրը:
Արթուր Մելքումյանը
Աշոտ Գրիգորյանի խոսքով խոշորացումից առաջ մի քանի զորականցիներ գնացել են Տավուշի մարզպետի մոտ՝ պարզելու Զորականի ճակատագիրը: «Հենց զորականցիները միացան Կողբին՝ Զորականը սահմանամերձ գյուղ է դառնալու: Լույսի, գազի վարձ չեն մուծելու: Զորականի երեխաները ձրի են սովորելու բուհերում: Ասաց՝ ձեր ճանապարհաշինությունը լինելու է ընտիր»,- պատմեց Աշոտը: Վերջինիս խոսքով՝ զորականցիները 2016թ.-ի սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրությանը Զորականի գյուղապետ Ս. Մարտիրոսյանին խոշորացվող Կողբ համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրել մարզպետի խորհրդով։
«Էդ էլ խաբեց, չարեց: Կողբից մեր գյուղապետին մեկ ձայն էլ չտվեցին: Մարզպետն ասաց 4 ավագանու թեկնածու դրեք, 4-ն էլ կընտրվեն, էդ էլ չօգնեց: Կողբ գյուղից ընտրվեց ավագանու 10 անդամ, Զորականից՝ 1»,- դժգոհեց Աշոտը:
Արսեն Աղաբաբյանն ասում է՝ Սուրեն Մարտիրոսյանին Զորականում լիազոր ներկայացուցիչ է նշանակել իր մի քանի ընկերների խնդրանքով: Կողբ համայնքի խնդիրների մասին մոտ մեկ ժամ ինձ հետ զրուցելիս համայնքի ղեկավարը գեթ մեկ անգամ չհիշատակեց Զորականի անունը: Ա. Աղաբաբյանը 2017թ.-ին վարչական բյուջեի 128,9 մլն. դրամ եկամուտներից 121 մլն դրամը՝ մոտ 94 տոկոսը, աշխատավարձի ֆոնդ է նախատեսել խոշորացված համայնքի 122 աշխատողների համար: Աշխատողներից 119-ը կողբեցի են, և միայն 3-ն են զորականցի:
Նախատեսված 35 մլն դրամից ավելին կազմում է համայնքապետարանի աշխատակազմի՝ 21 հաստիքով աշխատողների աշխատավարձը: 6 հազար բնակիչ և 2 բնակավայր ունեցող խոշորացված Կողբ համայնքը կառավարելու համար 21 հաստիքով աշխատակազմ ստեղծող Արթուր Աղաբաբյանը դժգոհեց, թե աշխատավարձի վճարները հանելուց հետո, մոտավորապես 8- 9 մլն դրամ է մնում համայնքի մյուս խնդիրների համար:
«Մենք հազիվ ենք մեր գոյությունը պահում: Չենք կարող մեր բյուջեի միջոցներով մի հատ լուրջ խնդիր լուծել: Դա բացառվում է»,- ասաց համայնքապետը:
Կողբի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը
Կողբ խոշորացված համայնքի մեջ մտնելիս Զորականը իր ֆոնդային բյուջեում 17,7 մլն դրամ եկամուտ է ունեցել: «Մեր ֆոնդային բյուջեի մի քանի տարվա փողը չենք ծախսել, հավաքել ենք Զորականում մանկապարտեզ կառուցելու համար»,- պատմեց Զորականի գյուղապետարանի նախկին հաշվապահ Արթուրը:
Արսեն Աղաբայանին զորականցիները խնդրել են ֆոնդային բյուջեի իրենց խնայողությունները օգտագործել Զորականի համար: Համայնքի ղեկավարը խոստացել է ձեռք չտալ այդ գումարին: Խոստումից 15 օր անց զորականցիները Տավուշի մարզպետարանի կայքում նկատել են, որ համայնքի ավագանին 2016թ.-ի հոկտեմբերի 14-ի N41-Ա որոշմամբ թույլատրել է Արսեն Աղաբաբյանին 2016 թ.-ի համայնքի ֆոնդային բյուջեի միջոցների հաշվին գնել թեթև մարդատար ավտոմեքենա:
«Որ մենք միացել ենք, իրենց ֆոնդային բյուջեն եղել է 2 մլն դրամ: Ինքը մեր ֆոնդային բյուջեի գումարով իր համար 2016թ.-ի արտադրության «Toyota Corolla» մակնիշի ծառայողական ավտո է առել, 9 մլն 450 հազար դրամ է տվել: Ինքն իրավունք ունի դա անելու, դա արդեն ընդհանուր բյուջե է: Բայց Արսեն Աղաբաբյանը մեզ խոստացել էր, որ մեր ֆոնդային բյուջեի գումարները ծախսվելու է մեր գյուղի համար»,- ասում է Արթուրը:
Սա է եղել Կողբ համայնքի ղեկավարից զորականցիների դժգոհելու գլխավոր պատճառներից մեկը: «Գնացել ենք հետը խոսելու: Ասաց 3 օրից հետո էդ գումարը կդնեմ տեղը: Էդ 3 օրը էսա դարձել է 5 ամիս»,- ավելացրեց Աշոտ Գրիգորյանը: Համայնքի ղեկավարն էլ «Հետք»-ին ասաց, որ ինքը լիազոր ներկայացուցիչ Սուրեն Մարտիրոսյանին հայտնել է, որ 4 մլն դրամ է պետք Զորականի ֆոնդային բյուջեից։
«Ասել եմ եկող ամսվա վերջին էլի ձեր 17 մլն դրամը կվերականգնեմ: Ու ինչ եղավ արդյունքում, քանի որ ես ու մարզպետն ընդհանրապես իրար հետ չենք շփվում, Հովիկ Աբովյանը Սուրեն Մարտիրոսյանին կանչում է, թե գնա Զորականի ժողովրդից ստորագրահավաք արա, ձեր ֆոնդային բյուջեի 4 մլն դրամով իրեն համար ավտոմեքենա առնելու համար: Ես էլ ձեզ Կողբից կառանձնացնեմ, կմիանաք Այրումին»,- ասաց Ա. Աղաբաբյանը:
Զորականցիները 500 ստորագրությամբ բողոքն ուղարկել են վարչապետ Կարեն Կարապետյանին ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
«Զանգեցին ինձ, ասացին էսենց բան կա: Հարցրին՝ ավտոմեքենան լրիվ օրինակա՞ն ա: Ասացի՝ հա»,- պատմեց Արսեն Աղաբաբյանը:
Դրանից հետո Ա. Աղաբաբյանը հավաքել է Զորականի ակտիվին, համայնքի զորականցի ավագանու անդամներին ու բոլորի ներկայությամբ նախատել է Սուրեն Մարտիրոսյանին: Դրանով փակվել է զորականցիների 500 ստորագրությամբ վարչապետին ու տարածքային կառավարման եւ զարգացման նախարարին ուղղված դիմումի հարցը:
Հեռախոսազրույցի ընթացքում Սուրեն Մարտիրոսյանը «Հետք»-ին բացատրեց, որ Զորականում 100 խնդիր կա չլուծված. «Զորականցիների 500 ստորագրությամբ դիմումը վարչապետին գրել են մեր խնայած գումարներով, այդ խնդիրներից 1-2 լուծելու փոխարեն, իր համար ավտոմեքենա առնելու համար»,- ասաց նա:
Նոյեմբերի 20-ին մեր՝ Զորական այցելության ժամանակ Սուրեն Մարտիրոսյանը տեղում չէր: Ասացին՝ գնացել է մայրաքաղաք՝ հիվանդանոցում գտնվող հիվանդ մորը տեսնելու: Նա հանձնարարեց Արթուր Մելքումյանին մեզ պատմել Զորականում ստեղծված վիճակի մասին:
Զորականում 10 տարուց ավելի է՝ մանկապարտեզ չկա: Գյուղում 2-6 տարեկան 64 երեխա կա: Այս տարի «Հույսի կամուրջ» ՀԿ-ի 17 հազար դոլար ֆինանսավորմամբ գյուղապետարանի նախկին շենքի 2-րդ հարկը վերանորոգվել է՝ Զորականում երկու խմբով մանկապարտեզ բացելու համար: Օգոստոսի 5-ին Կողբի համայնքապետարանն ընդունել է կատարված աշխատանքները: Նոյեմբերի 5-ին եղել է մանկապարտեզի բացումը:
Զորական համայնքը
«Հիմա մանկապարտեզը չի գործում, մեկ ամիս առաջ ասել են՝ պետք է գազ քաշեն»,- հայտնեց Արթուրը: Կողբ համայնքի ավագանին իր 2017թ.-ի նոյեմբերի 3-ի N43-Ա որոշմամբ որոշել է հիմնադրել Կողբ համայնքի «Զորական գյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ:
«Շրջանցելով ավագանու այս որոշումը՝ Արսեն Աղաբաբյանը որոշել է Զորականում բացել ոչ թե մանկապարտեզ, այլ Կողբի թիվ 1-ին մանկապարտեզի մեկ խումբ: Համայնքապետին ասացի՝ զորականցիները խումբ բացելու հետ համաձայն չեն»,- պատմում է Արթուր Մելքումյանը։
«Իրենց համաձայնվելով չի, սաղ հանրապետությունում օպտիմալացում է գնում»,- պատասխանել է համայնքապետը։
Արսեն Աղաբաբյանի ասելով՝ մանկապարտեզի գազաֆիկացումը 2 օրվա գործ է: Թե ինչու է այդ դեպքում այն մեկ ամիս ձգձգվում, նա չպարզաբանեց:
«Մենք կցանկանայինք մեր ֆոնդային բյուջեի խնայված գումարներից համայնքի ղեկավարը վերանորոգեր Զորականի գերեզմանոց և դպրոց գնացող ճանապարհները: Ես բացասական եմ գնահատում համայնքի ղեկավարի և Զորականի բնակչության հարաբերությունները: Արսեն Աղաբաբյանը համայնքապետին հարիր ջերմությամբ չի վերաբերվում մեզ»,- ասաց զորականցի Զինա Վերդյանը:
Կողբ համայնքում ստեղծված վիճակի մասին «Հետք»-ը մեկնաբանություն խնդրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանից։
«Ես տեղյակ եմ Զորականում տիրող վիճակին: Այդ մասին տեղեկացրել եմ նաև վարչապետ Կարեն Կարապետյանին: Ամենայն մանրամասնությամբ գրավոր կտեղեկացնեմ Զորականում տիրող վիճակի մասին իմ տեսակետը»,- հայտնեց Հովիկ Աբովյանը:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել