HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Նորաշեն 2007» կոոպերատիվի գործով ՊՆ աշխատակիցներ են անցել

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի բազմահատոր քրեական գործի դրվագներից մեկը կապված է Երեւանի Նորաշեն 37 (Գեւորգ Չաուշի 37) հասցեի շենքի հետ, որի պատմությունը մի ամբողջ ոդիսական է. շենքը մի քանի տեր է ունեցել, եւ դեռ հայտնի չէ, թե քանիսը կունենա հետագայում: Այս շենքի պատմության հետ են կապված մասնավորապես ՊՆ բարձրաստիճան աշխատակիցների անուններ:

Ամեն ինչ սկսվել է 2006-ին, երբ քաղաքացի Վիգեն Ղանդիլյանը որոշել է կոոպերատիվ հիմունքներով շենք կառուցել: Այդ նպատակով նա գնել է Նորաշեն 37 հասցեում գտնվող եւ «Տոսպ» ԲԲԸ-ին պատկանող 2000 քմ մակերեսով հողատարածքը, որի վրա դեռ խորհրդային տարիներից կառուցված է եղել 16 հարկանի շենքի հիմք: 2008-ին Ղանդիլյանն ի վերջո ստացել է շինթույլտվություն եւ ստեղծել է «Բազմաբերդ» կոոպերատիվը, որի միջոցով էլ նախավճարի պայմանագրեր է ստորագրել 25 քաղաքացիների հետ: Ղանդիլյանը մտադիր էր 62 բնակարան ունեցող 7 հարկանի շենք կառուցել: Մուծումների արդյունքում հավաքված 120 մլն դրամով կառուցապատողը մի շարք աշխատանքներ է կատարել կիսակառուցի վրա, սակայն դա բավարար չի եղել: 2009-ին Վ. Ղանդիլյանը հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ ու սկսել է գործընկեր փնտրել շինարարության համար: Ծանոթացել է իր շենքից ոչ հեռու՝ Չաուշի 14/3 հասցեում շինարարություն իրականացնող «Նորաշեն 2007» կոոպերատիվի ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի ու Լուսաբեկ (Լյովա) Սամվելյանի հետ: Վերջիններս առաջարկել են շենքը վաճառել իրենց՝ պայմանով, որ 25 քաղաքացիների հանդեպ «Բազմաբերդի» ունեցած պարտավորություններն իր վրա կվերցնի «Նորաշեն 2007»-ը, իսկ մյուս բնակարանները կմնան իրենց հայեցողության տակ: Վիգենը համաձայնել է, քանի որ, ինչպես ինքն է ասում, առողջական ու ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել, շահառուներից ոմանք էլ շինարարության ձգձգման պատճառով իր դեմ մտել էին դատարան: Առաջ անցնելով նշենք, որ, ըստ Վիգենի, մոտ 10 շահառու հետ են վերցրել իրենց գումարները եւ մյուսների նման նոր պայմանագրեր չեն ստորագրել «Նորաշեն 2007»-ի հետ:

2009-ի հոկտեմբերի 9-ին Վիգենը վաճառել է իր տարածքն ու կիսակառույցը: Գործարքը կատարվել է Նոր-Նորքի նոտարական գրասենյակում՝ նոտար Նոնա Գասպարյանի կողմից: Վ. Ղանդիլյանը ՀՔԾ-ում տված ցուցմունքում շեշտել է. «Արմենն ու Լյովան ինձ որեւէ գումար չեն տվել, ինձ համար կարեւոր էր միայն, որ լուծվի «Բազմաբերդ» կոոպերատիվի անդամների բնակարանային խնդիրը, եւ նրանց ներդրումները չկորչեն: Ես դա հաշվի առնելով եմ իմ անվամբ գրանցված տարածքը տվել նրանց»:  Սակայն, այնուամենայնիվ, առքուվաճառքի պայմանագրում նշվել է ձեւական գումարի չափ՝ 47 մլն դրամ: Բացի այդ՝ որպես գնորդ էլ ձեւակերպվել է Վիտալի Մանուչարյանը: Ո՞վ է այս անձը, եւ ինչու՞ է պայմանագրում նշվել հենց 47 մլն դրամ, երբ Վիգեն Ղանդիլյանը կիսակառույցի վրա ծախսել էր ամբողջ 120 մլն դրամ:

Լյովա Սամվելյանն իր ցուցմունքում նշել է, որ Վիտալի Մանուչարյանը ժամանակին բնակարան է գնել իրենցից եւ ցանկություն հայտնել նույնպես զբաղվել շինարարությամբ, ինչից հետո իր ու Արմենի առաջարկով 130.000 դոլար (47 մլն դրամ) գումար է տվել, այլ կերպ ասած՝ ներդրում է կատարել վերջիններիս շինարարական բիզնեսում, որից հետո էլ կիսակառույցը գրանցել են Վիտալիի անունով: Սամվելյանի գործընկեր Արմեն Թադեւոսյանն այլ կերպ է ներկայացրել այս ամենը: Ըստ նրա՝  իրենք 3-4 տոկոս տոկոսադրույքով շուրջ 4 ամսով գումար են վերցրել ՊՆ աշխատակից Արթուր Պողոսյանից (ներկայումս գնդապետ Պողոսյանը ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի վարչության պետի տեղակալն է- հեղ.): Բայց Թադեւոսյանը գումարի չափը մի անգամ նշել է 100.000, մի անգամ՝ 115.000 դոլար: Ու հենց որպես այդ գումարի վերադարձնելիության երաշխիք՝ գրավ, Պողոսյանի գործընկեր Վիտալի Մանուչարյանի անունով էլ գրանցել են կիսակառույցը:

Վիգեն Ղանդիլյանն էլ պատմել է, որ առքուվաճառքի պայմանագիր ստորագրելուց մի քանի օր առաջ Թադեւոսյանի հետ գնացել է ՊՆ՝ գնդապետ Պողոսյանի մոտ. «Արմենի եւ Պողոսյանի խոսակցություններից զգացվում էր, որ նրանք շուտվանից են ճանաչում իրար, եւ Արմենը, ներկայացնելով ինձ Պողոսյանին, ասաց. «Ինքն է այդ տարածքի տերը»: Դրանից հետո Պողոսյանը հարցեր տվեց այդ տարածքի փաստաթղթերի վերաբերյալ, չնայած մինչ այդ Արմենը ինձ ասել էր, որ Նորաշեն 37 շենքի շինարարության համար գումարը Պողոսյանն է տալու, վերջինիս այդ հարցադրումներից հետո համոզվեցի, որ իրոք նա պետք է Արմենենց գումար տար շինարարության համար»: Վիգենը Պողոսյանին մի անգամ էլ հանդիպել է նոտարական գրասենյակում. «Այդ օրը Վիտալիի հետ նոտարական գրասենյակ եկել էր նաեւ Պողոսյանը, եւ հենց նա մինչեւ նոտարի մոտ մտնելը ինձ ու Վիտալիին ասաց. «Դու (նկատի ունենալով ինձ) վաճառողն ես, իսկ դու (նկատի ունենալով Վիտալիին)՝ գնորդը»: Այդ ժամանակ իրոք նկատել եմ, որ նրանք գումար էին բերել Արմենին տալու համար…»:

Ըստ էության, առաջ է եկել երկու վարկած: Ըստ առաջին տարբերակի՝ Պողոսյանը տոկոսով գումար է տվել «Նորաշեն 2007»-ին, փոխարենը շենքը որպես գրավ գրանցել իր ծանոթի անունով: Երկրորդ տարբերակով՝ Պողոսյանը առանց տոկոսների գումար է տվել «Նորաշեն 2007»-ին՝ որպես ներդրում Վիտալիի կողմից, եւ շենքը գրանցվել է վերջինիս անունով: Ի վերջո, նախաքննության ընթացքում տոկոսով գումար տալու հանգամանքը չի ապացուցվել:

Լյովան պատմել է, որ 2010-ին խնդիրներ են առաջացել շինարարության հետ, եւ Վիտալին որոշել է դուրս գալ ընդհանուր գործից ու հետ է պահանջել իր 130.000 դոլարը: Արմենն ու Լյովան սկսել են մարդ փնտրել, ով կարող էր իրենց պարտքով տալ այդ գումարը՝ Վիտալիին վերադարձնելու համար:   

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter