HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ոստիկանին հարվածելու մեջ մեղադրվող անչափահաս աղջկա վերջին խոսքը . «Խնդրում եմ, որ թողնեք, մնամ ընտանիքիս կողքին»

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց անչափահա Ռ.Մ-ին, սակայն սահմանված պատիժը պայմանականորեն չկիրառեց նրա նկատմամբ՝  սահմանելով երեք տարի ժամկետով փորձաշրջան:

Անչափահաս Ռ.Մ.-ն մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 316 -րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը:

Ոստիկանն, ում նկատմամբ, ըստ մեղադրանքի, բռնություն է գործադրել Ռ.Մ-ն, գործով տուժող ճանաչված Արտակ Հակոբյանն է: Վերջինս, ինչպես նաև գործով վկայի կարգավիճակ ունեցող այլ ոստիկաններ, դատարանում պնդում էին, թե ոստիկանները փորձել են բերման ենթարկել Ռ.Մ-ի եղբորը, ով Հյուսիսային պողոտայում իրավախախում է կատարել: Ըստ ոստիկանների ցուցմունքների՝ դրանից հետո Ռ.Մ-ն հարվածել է Արտակ Հակոբյանին:

Ռ.Մ-ն և վերջինիս եղբայրը՝ Էդգարը, սակայն, այլ  բան են պնդում. վերջիններիս խոսքով՝ անչափահաս աղջիկը ոստիկանին հարվածելու պատճառ է ունեցել:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալի աթոռին հայտնված աղջկա եղբայրը Հյուսիսային պողոտայում առանց թույլտվության փորձել է կազմակերպել ավտոմեքենաների կայանման գործընթացը` դրա դիմաց գումար ստանալով, այսինքն` ըստ ոստիկանների՝ աղջկա եղբայրն ապօրինի գործունեությամբ է զբաղվել, որն իրենք փորձել են կանխել:

Դատարանում ցուցմունք տված աղջկա եղբայրը` Էդգարը, սակայն, պնդում է, թե ինքն ապօրինի չի կազմակերպել մեքենաների կայանման գործընթացը:  Էդգարն աշխատում է Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում, ինչպես նաև երեկոյան ժամերին կազմակերպում է խանութի հարակից տարածքի մոտ գտնվող սրճարանի այցելուների մեքենաների կայանման գործընթացը: Տղայի պնդմամբ՝ բացի ոստիկաններից, որևէ այլ անձ չի դժգոհել իր գործունեությունից, իր վերաբերյալ վերը նշված գործունեության համար առ այսօր չի կազմվել վարչական իրավախախտման մասին որևէ արձանագրություն:

Էդգարը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2016-ի հուլիսի 15-ին, իրեն մեկ անգամ ևս բերման են ենթարկել ոստիկանություն և երեկոյան, արդեն քրոջ ներկայությամբ, նույն օրվա ընթացքում իրեն երկրորդ անգամ էին բերման ենթարկում՝ պատճառաբանելով, թե ինքն ապօրինի է կազմակերպում մեքենաների կայանման գործընթացը:

Էդգարի՝ դատարանում տված ցուցմուքի համաձայն՝ իրեն մոտեցած ոստիկաններն ագրեսիվ վերաբերմունք են դրսևորել, քաշքշել իրեն, հայհոյել:  Այս ամենը տեղի է ունեցել Էդգարի քրոջ՝ ամբաստանյալ Ռ.Մ-ի ներկայությամբ: Վերջինս արտաքնապես տղայի է նման: 

Էդգարի ցուցմունքի համաձայն՝ այն բանից հետո, երբ ոստիկաններն իրեն հայհոյել են, ինքը պահանջել է քրոջ ներկայությամբ պատշաճ վարքագիծ դրսևորել: Դրանից հետո ոստիկան Արտակ Հակոբյանը ասել է, որ էդգարը խաբում է, որ նա աղջիկ չէ, ապա, ըստ եղբոր ցուցմունքի՝ Հակոբյանը շոշափել է քրոջը՝ համոզվելու համար, որ վերջինս աղջիկ է: Այն նույն ժամանակահատվածում իրեն՝ Էդգարին, ոստիկանները ցանկացել են բռնությամբ բերման ենթարկել, և քույրը նման պայմաններում վերցրել է մեքենաների կայանատեղիում եղած երկաթներից մեկն ու հարվածել Արտակ Հակոբյանին:

Վերը նշված հանգամանքները, սակայն, գործով ոստիկանները դատարանում հերքեցին: Վերջիններիս ցուցմունքի ժամանակ անչափահաս Ռ.Մ.-ն պարբերաբար կրկնում էր, թե ոստիկանները ստում են, որ ինքն Արտակ Հակոբյանին հարվածելու պատճառ է ունեցել, որ հարվածել է այն բանից հետո, երբ վերջինս իրեն շոշափել է:

Նշենք, որ մեղադրող դատախազը Ռ.Մ-ի համար 5 տարի ժամկետով ազատազրկում էր պահանջել:

Դատարանն այսօր հասել էր ամբաստանյալի վերջին խոսքին:

«Կներեք, որ տենց բան ա եղել, ես չէի ուզում, չգիտեի, էլի... խնդրում եմ, որ թողնեք, մնամ ընտանիքիս կողքին» ,- դատարանին դիմելով` ասաց անչափահաս աղջիկը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու և շուրջ 30 րոպե անց հրապարակեց  անչափահաս աղջկա նկատմամբ պատիժ նշանակելու և այն պայմանականորեն չկիրառելու մասին դատական ակտը:

Մեկնաբանություններ (2)

Մարիա
Անհասկանալի է ըստ օրենքի եթե մեղադրվող անձը անչափահաս է կիրարվում մեղմ պատիժ կամ ազատվում է իսկ հետաքրիր է երբ ոստիկաներն են հարվածում լինի չափահաս թե անչափահաս չեն պատժվում ինչ օրենք ինչ դատարան կեղծ ծաղրանքի արժանի ծախու դատարան է այնքան են թույլացել որ անչափահասների են դատում: Լավ ոստիկանի պատիվա որ անչափահասի հարվածի համար դադատարանի դռները թակի ամոթ :
Ани
Սարսափելի է, սա սաուդյան արաբիան է, թե... հինգ տարի ... երեք տարի՝ փորձաշրջան... անչափահաս... պատժվում է անչափահաս աղջիկը և ոչ մանկապիղծ ոստիկանը՝ ոստիկանը շոշափել է քրոջը ու աղջիկը հարվածել է նրան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter