HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

«Ապրանքների ծագման երկրի հավաստագրերի տրամադրման կարգը պարունակում է նորմեր, որոնք հստակ չեն». վարչապետը հանձնարարականներ տվեց

Կառավարության հերթական՝ նոյեմբերի 30-ի նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներով սկսեց, որոնցից առաջինը վերաբերում էր տնտեսական ոլորտում որոշ հանցագործությունների ապաքրեականացմանը:

«2017 թվականի փետրվար ամսին Կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում ապաքրեականացվեց երկու միլիոն դրամի չափով հարկը, տուրքը, պարտադիր այլ վճարները չկատարելու համար նախատեսված նորմը՝ այն բարձրացնելով մինչև չորս միլիոն դրամի, ինչպես նաև հստակեցվեցին այդ արարքների համար քրեական պատասխանատվության հիմքերը: Միաժամանակ իրականացված ուսումնասիրությունների, ինչպես նաև գործարարների հետ քննարկումների արդյունքում առաջացել է  Քրեական օրենսգրքով  նախատեսված որոշ տնտեսական հանցագործությունների  ապաքրեականացման հարցերին ընդհանուր անդրադարձ կատարելու անհրաժեշտություն»,- ասաց Կարապետյանը:

Գործադիրի ղեկավարը, հղում կատարելով միջազգային փորձին, նկատեց, որ նման հանցակազմով դեպքերի մի մասը չունի հանրային վտանգավորության բարձր աստիճան.

«Ելնելով վերոնշյալից հանձնարարում եմ Տնտեսական զարգացման և ներդրումների, Արդարադատության նախարարներին, ինչպես նաև ՊԵԿ նախագահին երկամսյա ժամկետում համատեղ մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել Քրեական օրենսգրքով նախատեսված տնտեսական գործունեության ոլորտում առկա այն հանցակազմերի ապաքրեականացման վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր, որոնք ունեն հանրային վտանգավորության ցածր աստիճան, և առկա է դրանց վարչական վարույթի՝ Քաղաքացիական դատավարության շրջանակներում լուծման արդյունավետ հնարավորությունները»,- նկատեց Կարեն Կարապետյանը:

Կարապետյանի երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման կարգի հստակեցմանը.

«Ապրանքների արտահանման և մասնավորապես մաքսային վճարների արտոնությունների որոշման հարցում կարևոր նշանակություն ունի ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը: Այդ պատճառով հատկապես կարևոր է, որ այդ գործընթացը իրականացվի հստակ, կանխատեսելի և դժվարություն չառաջացնի բարեխիղճ գործարարների համար: Ներկայումս Առևտրաարդյունաբերողների պալատի կողմից  քայլեր են ձեռնարկվում թվային գործիքների ներդրման ուղղությամբ, որի միջոցով գործարարների համար համապատասխան դիմումները և հավաստագրերի տրամադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ գործող ապրանքների՝ տեղական և օտարերկրյա, ծագման երկրի հավաստագրերի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը պարունակում է այնպիսի նորմեր, որոնք հստակ չեն, և դրանից ելնելով` ապրանքի փորձաքննությունն առաջացնում է հայեցողական լիազորությունների, տարաբնույթ մեկնաբանությունների կատարման հնարավորություն: Կարգով սահմանված չեն նաև հավաստագրերի տրամադրման մերժման կամ ոչ հիմնավոր փորձաքննությունների դեպքերի վերահսկողական մեխանիզմներ»,- ասաց Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարեց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և առաջարկեց Ռազմավարության նախաձեռնությունների կենտրոնի տնօրենին ու Առևտրաարդյունաբերական պալատին մեկամսյա ժամկետում համատեղ մշակել ու Կառավարության աշխատակազմ ներկայացնել հավաստագրերի տրամադրման կարգը պարզեցնելու և հստակեցնելու վերաբերյալ առաջարկություններ:

Կարապետյանի երրորդ հանձնարարականը վերաբերում էր տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելուն:

Վարչապետի խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ այդ օրերին կտրուկ ակտիվանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեությունը, այդ պատճառով անհրաժեշտ է ապահովել մաքսային ձևակերպումների պատշաճ ձևակերպումը:

«Հանձնարարում եմ ՊԵԿ նախագահին և առաջարկում եմ ԿԲ նախագահին դեկտեմբերի երկուսից սկսած մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունն ապահովելու նպատակով շաբաթ-կիրակի և տոնական օրերին բոլոր մաքսատներում, ինչպես նաև առևտրային բանկերում կազմակերպել աշխատանքների կատարման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան»,- ասաց նա:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter