
Մղարթում ձախողվեց Շեկաղբյուրի ոսկի–բազմամետաղային հանքերևակման երկրաբանական 2-րդ հայտի քննարկումը
Այսօր Մղարթ գյուղում կրկին ձախողվեց «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի –բազմամետաղային հանքերևակումում 2017-2020թթ. երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկումը: Մղարթցիները և արդվեցիները «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչների առաջ փակեցին Մղարթ գյուղ մտնող ճանապարհը, ապա վարչական ներկայացուցչի նստավայրի շենքի դուռը և թույլ չտվեցին նրանց իրականացնել հանրային քննարկումը:
«Հեռացեք»,- «Միռամ»-ի ներկայացուցիչներից պահանջում էին Մղարթի, Արդվիի, հարևան Այգեհատ ու Արևածագ գյուղերի գյուղացիներն ու նրանց երեխաները: Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանը հենց Մղարթի վարչական ներկայացուցչության շենքում կազմեց արձանագրություն հանրային քննարկումը կայացած չլինելու մասին: Ա. Տիտանյանն իր արձանագրությամբ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին և բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Սահակյանին հայտնեց. «Օձուն համայնքի Մղարթ, Արդվի, Այգեհատ, Արևածագ բնակավայրերից Մղարթում ներկա բնակիչները դեմ են Շեկաղբյուրի ծրագրի իրականացմանը և թույլ չտվեցին 2-րդ հայտի քննարկման անցկացում: Սույն թվականի դեկտեմբերի 1-ին ժամը 12:00-ին Օձուն համայնքի Մղարթ բնակավայրի ներկայացուցչի նստավայրում նախատեսված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տարածքում երկրաբանական ուսումնասիրության 2-րդ հայտի հանրային քննարկումը չկայացավ»: Գյուղացիները համայնքի ղեկավարի արձանագրությունը ընդունեցին ծափահարություններով:
Հիշեցնենք, որ «Միռամ» ՍՊԸ-ի 1-ին հայտի քննարկումը հուլիսի 26-ին ձախողեցին արդվեցիները: Նրանք նույնպես գյուղի մուտքի մոտ փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին նրանց մտնել Արդվի: Հոկտեմբերի 4-ին 460 բնակիչ ունեցող Մղարթի վարչական ներկայացուցիչ Երվանդ Նավասարդյանը իր 15 համախոհների հետ 2-րդ հայտը քննարկելուց հետո համաձայնություն էր տվել «Միռամ» ՍՊԸ-ին՝ Մղարթի 54 հա արոտավայրերի տարածքում ոսկի որոնելու: Երվանդ Նավասարդյանն այդ թույլտվության շարժառիթները հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Ասացին` Ձեր ջրի հարցը կլուծենք, նույնիսկ կառավարությունից փող ենք բերել: Ասացին` էդ փողից Արդվուն չենք տալիս, միայն Ձեզ ենք տալիս էդ փողը: Մարդիկ գյուղի ջրի հարցը լուծելու համար համաձայնեցին»: Երվանդ Նավասարդյանն այսօր փորձեց հավաքված գյուղացիների համաձայնությունը ստանալ` «Միռամի» ներկայացուցիչներին լսելու: Սակայն նրա առաջարկը գյուղացիներն ընդունեցին սուլոցներով: Այդ պահին իրավիճակը կարող էր կռվի վերածվել, սակայն վրա հասած Թումանյանի ոստիկանության բաժնի ոստիկանները հանդարտեցրին գյուղացիներին:
Գյուղացիներին աջակցելու համար մայրաքաղաքից Մղարթ էին ժամանել բնապահպաններ Լևոն Գալստյանը, Հակոբ Սանասարյանը, Սեյրան Մինասյանը, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, բնապահպանական ակտիվիստներ և բազմաթիվ լրագրողներ: «Մենք եկել ենք ոչ թե լսումներին մասնակցելու, եկել ենք էն գյուղացիների կողքին կանգնենք, ովքեր ընդհանրապես դեմ են հանքային գործունեությանը էս տարածքում: Մենք համոզված ենք` քանի որ արդվեցիները հաստատակամ են, մենք իրենց աջակցելու համար ենք եկել»,- ասաց Լևոն Գալստյանը:
«Եթե ասում են ոսկու հանք, մենք պետք է հասկանանք բազմամետաղներ: Բազմամետաղների հատկությունը գիտության մեջ ուսումնասիրված է, դրանք շրջակա միջավայրում լինելով՝ էդ հողն ու ջուրը դարձնում են ծանր մետաղներով վարակված: Ծանր մետաղները մարդկանց պարգևում են չբերություն, մեռելածնություն, հրեշածնություն, քաղցկեղ և բազմապիսի այլ հիվանդություններ: Հանքը բացելու դեպքում այստեղ 10, 20, 30 տարի հետո մարդիկ այլևս չպետք է ապրեն»,- բացատրեց «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը:
«Ուզում եմ ասել, որ սրանք ոչ թե ժողովրդի համար մտածում են, այլ ժողովրդի հերը անիծում են: Իմացա՞ր: Արա, մի երկու ապրանք կա գեղըմը, էդ 2 ապրանքով են ապրում գեղըմն, է՜: Էդ էլ ուզում եք վերացնեք»,- «Միռամի» ներկայացուցիչներին դիմեց մղարթցի Գառնիկ Խաչատրյանը: «Գաղտնի ճանապարհով եկաք, պարզ ճանապարհով գնացեք»,- անցանկալի հյուրերին առաջարկեց մղարթցի 83–ամյա Վանիկ Մեհրաբյանը: «Մենք ուզում ենք մեր գյուղերում տուրիզմ զարգացնենք, մեզ հանքարդյունաբերություն պետք չէ, չենք ուզում, հեռացեք»,- ասաց արդվեցի Սուրեն Կիրակոսյանը:
«Սաղ ազգին նպաստառու շինեք, մալադեց»,- փորձեց գյուղացիներին հակադարձել «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից մեկը, որը հրաժարվեց հայտնել իր անունը: «Թե սովից մեռած, թե ռակից»,- ռեպլիկ արեց մեկ ուրիշ միռամցի:
Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը գյուղացիներին բացատրեց իր` Մղարթ գալու առաքելությունը. «Սա մի գործընթաց է, որն իրականացվում է փորձաքննական գործընթացի շրջանակում: Հարցն այն է, որ գործընթացը վերջնական եզրահանգման գալու համար պետք է անցկացվի հանրային քննարկում: Եթե չեք ուզում, չուզելն էլ հանրային քննարկում է: Բոլորը դեմ են, մենք լիազոր մարմնին կներկայացնենք իրավիճակը: Կհայտնենք, որ ազդակիր համայնքերը դեմ են: Վերջնական որոշումը լիազոր մարմինն է ներկայացնում»,- ասաց նա:
Երկրաբան Մանվել Հարությունյանն էլ ասաց, որ Մղարթ է եկել «Միռամ» ՍՊԸ-ի Շեկաղբյուրի ոսկի –բազմամետաղային հանքերևակման երկրաբանական ծրագիրը ներկայացնելու. «Իսկ դուք ինչու եք մտածում, որ հանրապետությունում միայն Չինաստանից ու Թուրքիայից փալաս-փուլուսներ բերեն ու արդյունաբերություն զարգացնեն` առանց աշխատատեղեր ստեղծելու, հա՞: Դուք էտենց եք մտածում: Եթե չեք բացում հանքերևակները, թող ժողովուրդը սոված մնա»,- ասաց նա: Երկրաբան Մանվել Հարությունյանի խոսքը գյուղացիների ուշադրությանը չարժանացավ:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով` հանքարդյունաբերական ընկերություններում աշխատող շատ մարդիկ այսօր Հայաստանում շատ վատ են ապրում: Այդ համայնքներում աղքատությունը խորանում է: Աղքատ լինել` չի նշանակում միայն գումար չունենալ: Աղքատ են նաև այն մարդիկ, ովքեր ապրում են աղտոտված շրջակա միջավայրում, չունեն ջուր կամ խմում են կեղտոտ ջուր, զրկված են ոռոգման ջրից և այլն: Եթե հանքը բացվի, պատմությունը կրկնվելու է նաև այստեղ»,- բացատրեց պատգամավորը: Լենա Նազարյանը վճռական էր տրամադրված գյուղացիների շահերը պաշտպանելու հարցում:
«Շեկաղբյուր ոսկի-բազմամետաղային հանքը գյուղացիներին կտա միայն շրջակա միջավայրի ավերում, թող գնան նայեն Ախթալայի ձորի վիճակը: Ես շատ ուրախ եմ, որ գյուղացիները համախմբված պայքարում են: Եթե պետք է խրամատ փորել, ես իրենց հետ կլինեմ: Ես ուզում եմ վերլուծել «Միռամ» ՍՊԸ-ի ներկայացրած ողորմելի ՇՄԱԳ-ը: Մարդիկ նույնիսկ չգիտեն Հայաստանում ընդունված աղտոտվածության սահմանային թույլատրելի նորմերը: ՇՄԱԳ-ի մեջ անկապ թվեր են գրված: Էլ չեմ ասում, որ այն բացարձակապես առողջ տրամաբանության հետ կապ չունի: Այստեղ մարդու վրա ազդեցության մասին ոչինչ չկա գրված, իսկ մարդու վրա ազդեցությունն այսօր աշխարհում ամենաշատն է կարևորվում»,-բացատրեց քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սեյրան Մինասյանը:
Գյուղացիները և բնապահպանները երկժամյա համառ պայքարից հետո հաղթանակած հեռացան Մղարթից:
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել