
«Նորք հոգեբուժական կենտրոն»-ի տարածքի գնորդներից մեկն ունի շահումով խաղերի բիզնես
Կառավարությունն այսօրվա նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի առաջարկով որոշեց «Նորք հոգեբուժական կենտրոն»-ից տարածք և անշարժ գույք օտարել: Մասնավորապես՝ «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ -ին ուղղակի վաճառքի ձևով օտարեց 6843 քառ. մետր մակերեսով շենք շինությունները և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2.766 հեկտար մակերեսով հողամասը:
Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 868 միլիոն դրամ, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ 455 միլիոն դրամ:
Օտարված տարածքում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոն։ Կենտրոնը կառուցվելու է «Հին Նորք» բիզնես կենտրոն»-ի և «Սոֆթ Կոնստրակտ»-ի ներդրումներով:
Ինչպես ասվում է կառավարություն ներկայացված որոշման նախագծում, տարածքը ձեռք բերելու համար պետական գույքի կառավարման վարչությանն է դիմել «Հին Նորք» բիզնես կենտրոն»-ի տնօրենը:
«Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն հիմնադիրների մասով փոխկապակցված է մեկ այլ ընկերությանը՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ին: Քանի որ «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ է, դրա հիմնադիրների մասով տեղեկավություն ճշտելն անհնար է: Իսկ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի հիմնադիրը Անգլիայի Մեն կղզում գրանցված մեկ այլ ընկերություն է՝ «Սոֆթ կոնսթրաքթ լիմիթիդ»-ը:
Պետական ռեգիստրի փաստաթղթերով՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի տնօրենը Հարություն Համբարձումյանն է: Համբարձումյանը «Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպության ղեկավարների խորհրդի անդամ է: Ինչպես նշվում է վարկային կազմակերպության կայքում՝ Հարություն Համբարձումյանը 2008-ից հանդիսանում է «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենը, իսկ 2015 թվականից ղեկավարում է «Վիվառո Գեյմ» ընկերությունը, որը զբաղվում է ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմամբ և նույն տարուց «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության ղեկավարն է, որն էլ խաղային բիզնեսին ծրագրային ապահովում մատակարարող ընկերություն է:
2017 թվականի Երևանի ավագանու ընտրության ժամանակ Հարություն Համբարձումյանը ՀՀԿ-ից առաջադրված էր որպես ավագանու անդամի թեկնածու, սակայն վերջինս ընտրություններում բավարար ձայնով քվե չի հավաքել և ավագանու կազմում չի ընդգրկվել։
Անշարժ գույքը ձեռք բերելու դեպքում «Հին Նորք» բիզնես կենտրոն» ՓԲԸ-ն պատրաստվում է վճարել 2 700 000 դոլարին համարժեք դրամ՝ գույքի վաճառքի գինը, իսկ պայմանագրի կնքման պահից 3 տարվա ընթացքում «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ի հետ համատեղ կատարել 3 000 000 դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:
Պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 1 200 000 դրամ գումարի վճարումից հետո՝ մեկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
Որոշման նախագծի համաձայն՝ «Հին Նորք» բիզնես կենտրոն»-ը և «Սոֆթ Կոնստրակտ»-ը մասնագիտացված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և նպատակ ունեն վերակառուցել ժամանակակից բիզնես կենտրոն, թե ինչպիսին է լինելու այդ կենտրոնը, ինչ ծառայություններ է մատուցելու, որոշման նախագծում չի մանրամասնվել:
Որոշման նախագիծը ներկայացվել է նաև պետական մարմինների գնահատմանը: Ֆինանսների նախարարությունն իր տված եզրակացությունում առաջարկել է կնքվելիք պայմանագրում նախատեսել նաև գնորդի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու դեպքում համապատասխան հետևանքների վերաբերյալ դրույթ:
Հիշեցնենք, որ կառավարությունը սեպտեմբերի 22-ի նիստում որոշել էր միաձուլման ձևով կվերակազմակերպել «Նորք» հոգեբուժական կենտրոն» և «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ները: Ընկերությունների տարածքը օտարելու որոշման նախագիծը քննարկելիս այս մասին առողջապահության նախարարությունը տեղեկացրել էր գործադիրին՝ առաջարկելով հարցը քննարկել միաձուլման և կենտրոնի ծառայությունների մատուցման գործընթացի ավարտից հետո: Այս դիտարկմանն ի պատասխան՝ պետական գույքի կառավարման վարչությունից պարզաբանել են, որ ներկայացված նախագիծը կառավարության աշխատակազմ ներկայացնելուց հետո քննարկվում է համապատասխան նախանիստով և կառավարության նիստով, ուստի նախատեսվում է, որ այն կընդունվի տարեվերջին:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել