HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեսախցիկն ինձ «տեղափոխեց» Սլավոնական համալսարան. առաջին ինտերնետ քննությունս

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Վերջին օրերին միանգամից երկու լավ իրադարձություն տեղի ունեցավ այստեղ՝ կլոր բանտում: Նախ առաջին անգամ ինտերնետով տեղափոխվեցի Սլավոնական համալսարան՝ առցանց հանձնելով քրեական իրավունք առարկայի քննությունս և նույն օրն էլ իմացա, որ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել Վերաքննիչ դատարանի հաղթանակս տեսակցությունների սահմանափակման վերացման ու պատժի հաշվարկի մասին:

Տրամադրությունս քննություններին բարձր է լինում, բայց այս անգամ առավել բարձր էր, որովհետև մինչ այդ ևս մեկ լավ լուր էի ստացել`դատախազությունը հրաժարվել էր բողոքարկել տեսակցություններիս և պատժի հաշվարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը: Այո՛, սա իմ առաջին և կարևոր դատական հաղթանակն էր, որը հնարավոր դարձավ ազնիվ, արդար որոշումներ կայացրած դատավորների և Սլավոնական համալսարանում ստացածս իրավագիտական գիտելիքների շնորհիվ:

Անպայման ուզում եմ մանրամասն պատմել ձեզ, թե ինչպես հանձնեցի 5-րդ կուրսի 1-ին կիսամյակի վերջին քննությունս՝ քրեական իրավունք առարկայից:

5 տարի շարունակ Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի դասախոսները տարվա մեջ 2-3 անգամ այցելում էին «Նուբարաշեն» բանտ, որպեսզի կարողանամ հանձնել քննություններ և ստուգարքներ: Իհարկե, շատ լավ է, երբ անմիջական շփում եմ ունենում դասախոսների հետ, մանավանդ մռայլ բանտում, որտեղ տասնյակ տարիներ գրեթե նույն մարդկանց ես տեսնում, իսկ հյուրեր հազվադեպ են այցելում:

Բայց այս անգամ, կարծում եմ, աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ. որքանով տեղյակ եմ`Հայաստանում առաջին անգամ դատապարտյալին, այն էլ ցմահ, թույլատրվեց ինտերնետով քննություն հանձնել: Այո՛, տեսախցիկի միջոցով տեղափոխվեցի Սլավոնական համալսարան՝ հանդիպելով քրեական իրավունք առարկայի դասախոսներին:

Ուրեմն այսպես, ուրբաթ օրը ցերեկը, ժամը 14:00-ին բացում են խցի դուռը, և ինձ ուղեկցում ցմահների հարկի աշխատակիցների համար նախատեսված սենյակ: Ներս է մտնում ՍՀԻԱ (սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների) բաժնի պետը և մեծ ծրար դնում սեղանին:

-Սա ի՞նչ է,- հարցնում եմ:

-Քո ձեռքով բաց`կտեսնես:

Ծրարի մեջ մի սարք էր, որը միայն հեռուստացույցով էի տեսել: Լավ չգիտեմ անունը՝ կոչվում է iPad կամ notebook: Պետն ասում է, որ այդ սարքով պիտի հանձնեմ քննությունս: Սարքն ապահովել էին այս տարիներին ինձ հարազատ դարձած ընկերներս, որի համար հոգաչափ շնորհակալ եմ:

Նայում եմ անծանոթ սարքին. չգիտեմ`ո՞նց օգտվել դրանից: 22-րդ տարին է, որ բանտում եմ: Իսկ անցած դարի 90-ականներին նման սարքեր գոյություն չունեին, իսկ համացանցից օգտվել չի թույլատրում բանտարկյալին: Միայն ուսանող ու աշխատանք ունեցող բանտարկյալներին թույլատրվել է հարազատների տրամադրած համակարգիչներով օրական 3 ժամ պարապել հատուկ կաբինետում, բայց առանց ինտերնետի հնարավորության:

Բաժնի պետի զանգերից հասկանում էի, որ համալսարանից չեն կարողանում միանալ, ու ստիպված մենք էինք փորձում: Մի քիչ տանջվելուց հետո վերջապես կապը համալսարանի հետ հաջողվեց: Ահա և դասախոսներն են երևում էկրանին՝ նստած հարմարավետ, գեղեցիկ մի դահլիճում: Բարևում ենք իրար: Անսովոր է այս կերպ հաղորդակցվելը, շատ յուրահատուկ զգացողություն… Փոխադարձ ստուգում ենք ձայնի և տեսապատկերի որակը, ամեն բան լավ է:

Սկսվում է Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք առարկայի քննությունը: Այս անգամ պատասխանում եմ հայերենով, քանի որ առարկան ՀՀ քրեական իրավունքն է: ՌԴ-ի օրենսդրության վերաբերյալ առարկաներն էլ ռուսերենով եմ հանձնել:

Դասախոսներն առաջարկում են տոմսի թիվն ասեմ 1-ից 21-ի շրջանում: Ընտրում եմ համար 15-ը: Դասախոսներից մեկը մոտեցնում է էկրանին`ցույց է տալիս, հետո բացում է և ցույց տալիս հարցերը: Տառերն այդքան էլ լավ չեն երևում, խնդրում եմ կարդալ, մոտս գրի եմ առնում: Ինձ պատրաստվելու ժամանակ են տալիս: Սենյակում՝ կողքիս, նստած են ՍՀԻԱ բաժնի պետը ու ևս երկու աշխատակից: 3-4 րոպեից ասում եմ՝ պատրաստ եմ ու սկսում եմ պատասխանել:

Է՛լ ավելի պարտավորված եմ ինձ զգում. գիտակցում եմ`Հայաստանում առաջին նախադեպն է, երբ դատապարտյալը բանտից առցանց քննություն է հանձնում: Տոմսի հարցերին պատասխանելուց հետո`խնդրում եմ, որ ինձ այլ հարցեր էլ տան և որքան բարդ`այնքան լավ. ուզում եմ արտահայտվել, ինքս էլ հասկանամ, թե որքանով եմ կարողանում բանտային պայմաններում, առանց դասախոսություններ լսելու, առանց շփման արտաքին աշխարհի հետ յուրացնել գրքերից և համալսարանից, հարազատներիցս ստացվող նյութերը:

Ահա և քննությունը մոտենում է ավարտին, դասախոսներն անջատում են ձայնը`գնահատման հարցով իրար հետ խորհրդակցելու համար: Անհամբեր սպասում եմ: Նորից միացրեցին ձայնը՝ ասելով՝ չէին սպասում նման լավ պատրաստվածություն, շատ գոհ են, գնահատականս`գերազանց է: Խորհուրդ են տալիս, որ ծանոթանամ նաև Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին`է՛լ ավելի խորացնեմ գիտելիքներս քրեական իրավունքի ոլորտում, քանի որ հենց այս ուղղվածությունն եմ ընտրել: Փոխադարձ իրար շնորհակալություն ենք հայտնում:

Այսպես`վերջին կուրսում կայացավ առաջին առցանց աննախադեպ քննությունս: Շնորհակալությունս եմ հայտնում Սլավոնական համալսարանի վարչակազմին, դասախոսներին, «Քաղաքականության և իրավունքի» ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանին ու իր թիմին. նրանք են, որ 5 տարի շարունակ ապահովում է իմ անխափան ուսուցումը, իսկ այժմ էլ`նախադեպ ստեղծեցին, որ այլ դատապարտյալներն էլ այսուհետ կարողանան համացանցի միջոցով սովորել`կրթութուն ստանալ: Շնորհակալություն նաև Քրեակատարողական  վարչությանն և «Նուբարաշեն» բանտի ադմինիստրացիային ու աշխատակիցներին, որ հնարավոր դարձավ առցանց քննությունը:

Այսպիսով՝ արդեն պատրաստվում եմ 2 պետական քննություններին ու զուգահեռ գրում դիպլոմային աշխատանքս՝ «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների բողոքարկման օրենսդրական հիմքերն ու պրակտիկան» թեմայով:

...Մի հետաքրքիր ամերիկյան ֆիլմ հիշեցի, երևի շատերդ եք տեսել, կոչվում է «Երկորյակները», այնտեղ երկորյակ եղբայրներից մեկը`Առնոլդ Շվառցնեգերը, հասարակությունից մեկուսացված է մեծացել, իսկ մյուսը`Դենի Դե-Վիտոն, քաղաքի թոհուբոհի մեջ մեծացած տղա է: Ու այս ֆիլմում ցույց է տրվում տեսական գիտելիքներով հարուստ ու պրակտիկ կյանքի փորձ ունեցող մարդկանց առավելություններն ու թերությունները:

Հիշեցի մի դեպք, երբ բանտից փախել էի ու ազատության մեջ էի: 2004 թվականի ձմեռն էր: Կանգառում մոտեցա մի երթուղայինի, որի նմանները անցած դարի 90-ականներին չկային: Ուզում էի բացել, բայց չկարողացա: Մի քանի անգամ ուժեղ քաշում էի դեպի ինձ, բայց իզուր: Նկատեցի, որ երթուղայինում նստածներից մեկը ժպտում է: Մեկ էլ մի աղջիկ մոտեցավ, իր նուրբ ձեռքով բռնեց բռնակը ու ոչ թե քաշեց, այլ հանգիստ կողք տարավ`դուռը բացեց: Ամոթ էր, բայց դե՛, ինչ արած, հո չէի ասելու, որ անցած դարում նման դռներով երթուղայիններ չկային:

Համոզված եմ, որ վաղ, թե ուշ պետք է արագ քայլերով հետևենք զարգացած`քաղաքակիրթ երկրների օրինակին, որտեղ առցանց ուսումը վաղուց կիրառվում է, անգամ դատապարտյալներն են այդ կերպ սովորում: Լավ է, որ առաջին քայլը մեզ մոտ էլ կատարվեց: Սա շատ կարևոր է, քանի որ, գիտությունը և տեխնիկան զարգանում են, իսկ տասնյակ տարիներ հասարակությունից մեկուսացված լինելով` դատապարտյալները պետք է կարողանան ժամանակակից տեխնիկայից օգտվել և ունենալ համապատասխան հմտություններ, ոպեսզի հասարակություն վերադառնալուց`հնարավորինս շուտ ադապտացվեն, աշխատանք գտնեն, բեռ չդառնան արագ զարգացող հասարակության վրա:

 

Մեկնաբանություններ (4)

Մարտիկ
Այս տղային դեռ ինչքա՞ն պիտի պահեն։ Ի՞նչ է շահում հայ արդարադատությունը, որևէ մեկը կարո՞ղ է պատասխանել, երբ Մհեր Ենոքյանը բանտում է, իսկ Լիսկայի աչք հանող ոծրդին՝ ազատության մեջ
Լևոն
Շնորհավորում եմ ՝մասնագիտական առարկան փայլուն հանձնելու կապակցությամբ:Ինքս խորհուրդ կտամ նախադեպերից զատ կազմել և լուծել խնդիրներ,դատախաղեր և այլն:Նաև շնորհավոր Սուրբ ծնունդ և Ամանոր: Լևոն Բաղդասարյան www.levgroup.am
Հարություն
Ողջունում եմ Մհեր ջան հերթական ձեռքբերումդ։ Քո անկոտրում կամքը և համառ պայքարելու ունակությունը կարող են լավագույն օրինակ հանդիսանալ ոչ միայն անազատության մեջ գտնվող շատերի համար, այլ նաև ազատ սակայն առօրյա կյանքի դժվարություններից հուսահատության ու անելանելիության մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց համար։ Լավ կլիներ, որ քո անազատության տարիների բոլոր հիշողությունները հանձնեիր թղթին եւ մի պայծառ օր էլ հրատարակվեր։ Կարծում եմ համաշխարհային գրականության գոհարների կողքին այն իր ուրույն տեղը կգտներ։ Հաջողություն և համբերություն եմ մաղթում քեզ Նորանոր հաղթանակներ
Սամվել
Շնորհավորում եմ Մհեր ջան:Շարունակիր համառորեն պայքարել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter