
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է դյուրացնել վարչական գործերով դատական նիստերի լուսատեսանկարահանումը և հեռարձակումը
Քաղաքացիական գործերով դատական նիստի կինո և լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով ու հեռուստատեսությամբ կատարվում են կողմերի համաձայնությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ: Իսկ վարչական գործերով նիստի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով կատարվում են դատավարության մասնակցի միջնորդությամբ` գործը քննող դատարանի թույլտվությամբ:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը վարչական դատավորության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել Ազգային ժողով, որով առաջարկում է վարչական գործերով նիստերի լուսանկարահանումը, տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով իրականացնել դատավարության մասնակիցների համաձայնության առկայության դեպքում և ոչ թե միջնորդություն ներկայացնելու միջոցով:
Ըստ պատգամավորի՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նման կարգավորումը, որը կանոնակարգում է մասնավոր հարաբերությունները, արդարացված է, քանի որ յուրաքանչյուր դեպքում, անհրաժեշտ է, որ կողմերը հայտնեն իրենց համաձայնությունը: Ինչ վերաբերում է վարչական դատավարությանը, որը կանոնակարգում է քաղաքացի-պետություն հարաբերությունները և ունի հանրային բնույթ, նման մոտեցումը արդարացված չէ, քանի որ վարչական մարմինները գործում են հրապարակայնության սկզբունքի հիման վրա: Այս պարագայում խաթարվում է հրապարակայնության սկզբունքը, քանի որ դատավարության լուսաբանումը թույլատրվում է միայն դատավարության մասնակցի միջնորդությամբ՝ դատարանի թույլտվությամբ:
Մինչդեռ, Արփինե Հովհաննիսյանի կարծիքով, հաշվի առնելով վարչական գործերի հանրային բնույթը՝ այն պետք է լուսաբանվի բոլոր դեպքերում, երբ կողմերը համաձայն են, իսկ եթե վարչական մարմինն է առարկում, ապա վերջինս պետք է հիմնավորի, թե ինչու դատական նիստը չի կարող լուսաբանվել: Այս դեպքում միայն դատարանը կարող է գնահատել հիմնավորումը և որոշել՝ թույլատրել, թե ոչ:
Այդ դրույթի վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանն առաջարկել է հոդվածը լրացնել հետևյալ նոր նախադասությամբ. «Այն դեպքում, երբ դատավարության մասնակից վարչական մարմինը համաձայնություն չի տալիս, ապա նա պարտավոր է հիմնավորել, որ նման սահմանափակումը անհրաժեշտ է պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»:
Մեկնաբանել