HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամբաստանյալի աթոռին հայտնված դատավորն իր վերաբերյալ գործի նյութերին ամբողջությամբ չէր ծանոթացել

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դդատարանի նախագահի, դատավորներից մեկի, մարզի դատախազի և մյուսների վերաբերյալ դատական նիստը սկսվեց շուրջ 40 րոպե ուշացումով, ապա րոպեներ անց հետաձգվեց:

Նիստն ուշ սկսելու պատճառն ամբաստանյալներին ժամանակին դատարան չներկայացնելն էր, իսկ նիստի հետաձգման պատճառը՝ ամբաստանյալ դատավոր Աղվան Պետրոսյանի՝ գործի նյութերին ոչ ամբողջությամբ ծանոթ լինելը:

Նշենք, որ Աղվան Պետրոսյանը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն է, նախաքննության ընթացքում հրաժարվել է ծանոթանալ գործի նյութերին, իսկ նոյեմբերի 24-ին տեղի ունեցած դատական նիստին վերջինիս պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալին տրամադրել գործի նյութերը, այս թվում՝ դրանում առկա տեսաձայնագրությունները, ինչպես նաև պայմաններ ստեղծել, որպեսզի կալանավայրում գտնվող իր պաշտպանյալը կարողանա ծանոթանալ դրանց:

Գործի նյութերը տրամադրվել են Պետրոսյանին, սակայն վերջինս դեռևս ամբողջությամբ չի ծանոթացել դրանց: Դատարանում Աղվան Պետրոսյանը հայտարարեց, որ փոքր-ինչ վատառողջ է եղել և միայն երեք հատորին է ծանոթացել:

Դատարանն այս հիմքով հետաձգեց դատական նիստը՝ հաջորդ նիստը նշանակելով արդեն 2018թ. հունվարի 12-ին:

Հիշեցնենք, որ ըստ գործի՝ Աղվան Պետրոսյանը մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այսինքն՝ դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող, որպես դատավոր իր վարույթում գտնվող քրեական գործով անցնող անձանցից մեկին քրեական պատասխանատվությունից ազատելու, իսկ մյուսի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու համար ստացել է առանձնապես խոշոր չափի կաշառք:

Բացի այդ, Աղվան Պետրոսյանը մեղադրվում է նաև դատավոր Վանիկ Վարդանյանի հետ մեկ այլ գործի շրջանակներում առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Վերը նշված դրվագների շրջանակներում ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև Արմավիրի մարզի դատախազը, մեկ փաստաբան և մի խումբ այլ քաղաքացիներ:

Նշենք, որ այս գործով անցնող ամբաստանյալներն առարկել են իրենց տեսանկարահանման դեմ:

Գլխավոր լուսանկարում նիստը նախագահող դատավոր Արսեն Նիկողոսյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter