25 տարի ազատազրկում. «Կայարանցի Թևոսիկի» եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով հրապարակվեց դատավճիռը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, այսօր հրապարակեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատավճիռ` ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին դատապարտելով 25 տարի ժամկետով ազատազրկման:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են Թևոս Սաֆարյանի շրջապատում գտնվող անձինք՝ Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա հանցագործության հետքերը թաքցնելու համար սպանել Ներսիսյանին ու մարմինը նետել դիտահորը: Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ: Մովսես Ներսիսյանի դին առայսօր չի հայտնաբերվել, և նախաքննություն իրականացնող մարմինը նրան սպանված է համարել ապացույցների համակցությամբ:
Ըստ գործի նյութերի՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը վերջինիս անհետացման օրը հանդիպել են, և Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել, ապա դին Մովսեսի մեքենայով տեղափոխել է Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ, որտեղ էլ նետել է կոյուղու դիտահորն, ապա մեքենան տարել ու թողել «Զվարթնոց» օդանավակայանում՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը գնացել է Հայաստանից:
Նշենք, որ դիտահորը, որտեղից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանին, գտնվում է Սարգսյանին պատկանող հողատարածքի մոտ: Այստեղ տևական ժամանակ ապարդյուն որոնողական աշխատանքներ են տարվել՝ Ներսիսյանի դիակը հայտնաբերելու ուղղությամբ: Չարենցավան քաղաքից մինչև Աերացիա հասնող կոյուղաջուրը Աերացիայում մաքրման է ենթարկվում, ապա թափվում Արաքս գետը: Աերացիայում նույնպես Մովսես Ներսիսյանի դին չի հայտնաբերվել:
Գործի քննության ընթացքում 4 անկենդան շուն և մեկ խոզ է նետվել այն դիտահորը, որից, ըստ գործի նյութերի, Իսրայել Սարգսյանը նետել է սպանված Մովսես Ներսիսյանի դին, և որոնողական աշխատանքների արդյունքում ինչ-որ ոսկորներ են հայտնաբերվել, որոնք, սակայն, չեն պատկանել մարդու:
Իսրայել Սարգսյանը երեքուկես տարուց ավելի տևած գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, թե Մովսեսին չի սպանել, որ ինքն անձամբ է նրան հորդորել մեկնել Հայաստանից, իսկ Մովսեսը մնացել է:
Դատախազությունը Իսրայել Սարգսյանին մեղսագրվող սպանություններից յուրաքանչյուրի համար պահանջել է 17 տարվա, իսկ ապօրինի զենք կրելու համար` 2 տարվա ազատազրկում, առաջարկելով նրա նկատմամբ պատիժների համակցության արդյունքում վերջնական պատիժ նշանակել 25 տարի ժամկետով ազատազրկում:
Դատարանը, փաստորեն, ամբաստանյալի համար սահմանեց նույն չափի պատիժ, որը պահանջում էր մեղադրող կողմը:
Դատավճռի հրապարակումից հետո Իսրայել Սարգսյանը հայտարարեց, որ այլ սպասելիք չուներ:
«Ինչպես միշտ, արդարություն չկա, երկրում քաոս է»,- ասաց Սարգսյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել