HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունու բժշկական փաստաթղթերը կներկայացվեն Վերաքննիչ դատարանում

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու կյանքին վտանգ է սպառնում: Այս մասին Արծրունու եղբայրը՝ Սևակ Արծրունին, բարձրաձայնել է «Արեւելք»-ին տված հարցազրույցում:

Եղբոր խոսքով՝ Արսեն Արծրունին տևական ժամանակ  բողոքներ ու գանգատներ է ունեցել, սակայն պատճառը պարզ չի եղել: Վերջերս` բժշկական ընդհանուր հետազոտություն անցնելուց հետո, պարզվել է, որ Արծրունու մոտ առկա է վահանաձև գեղձի չափերի մեծացում: Ավելին, վահանաձև գեղձի շրջանում առկա են նաեւ բազմաթիվ ուռուցքներ, հանգույցներ, որոնց ծագումը, հայտնի չէ:

«Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ: Եվ եթե քաղցկեղածին են, ապա մենք շատ-շատ ժամանակ ենք կորցնում, ամեն վայրկյանը թանկ է նրա առողջության համար: Իսկ եթե քաղցկեղածին չեն, ապա սա այն հիվանդությունն է, որը բանտային պայմաններում անհնար է բուժել, ունենում է հետևանքներ, որոնք ազդում են ոչ միայն գեղձային, հորմոնալ համակարգի վրա, այլեւ նկատելի բացասական ազդեցություն են ունենում նաև սրտի, ուղեղի աշխատանքի, շնչառական համակարգի, քնի, կենտրոնացման վրա, մի խոսքով, հիվանդությունը շատ ուղղություններով է իր քայքայիչ հետևանքները թողնում հիվանդի վրա՝ կրճատելով նրա կյանքի տևողությունը: Իսկ եթե այս ամենին էլ գումարենք բանտային զրկանքները, հիգիենիկ պայմանների բացակայությունը, հոգեբանական գործոնը և շատ այլ հարցեր, ապա կարելի է հասկանալ, թե այսօր ինչպիսի վտանգ է սպառնում Արսենի կյանքին»,- ասել է Սևակ Արծրունին:

Կալանավորի առողջական վիճակի և նման պայմաններում կատարվելիք հետագա քայլերի վերաբերյալ «Հետքը»-ը զրուցեց Արծրունու փաստաբան Նարինե Ռշտունու հետ:

Փաստաբանը հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Արծրունին դիմել էր՝ իրեն պայմանական վաղաժամկետ ազատման համար, սակայն դեկտեմբերի 1-ին դատարանը մերժել է դիմումը: Նշենք, որ դատարանի որոշումն արդեն իսկ  բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:

Այդ ժամանակ, սակայն, դեռևս կալանավորի ախտորոշումը պարզ չի եղել:

«Մի երկու անգամ ուշաթափվել էր, բայց բժշկական փաստաթղթերը դեռևս չկային: Հիվանդության մասին Արծրունու եղբայրը՝ Սևակը, ինձ հայտնեց  այն ժամանակ, երբ առաջին ատյանի որոշման դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացվել»,- մեզ հետ զրույցում ասաց Նարինե Ռշտունին՝ հավելելով, որ թեև այս պահին ինքն ամբողջությամբ ծանոթ չէ բժշկական փաստաթղթերի բովանդակությանը, բայց որքանով եղբորից տեղեկացել է, բուժումը, որը անհրաժեշտ է Արսեն Արծրունուն, հնարավոր չէ քրեակատարողական հինարկում և նույնիսկ «Դատապարտյալների հիվանդանոցում» իրականացնել:

«Լուրջ բուժում է անհրաժեշտ: Մենք, հավանաբար, այդ բժշկական փաստաթղթերը կներկայացնենք  Վերաքննիչ դատարանում՝ բողոքի քննության ժամանակ՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք»,- նշեց Նարինե Ռշտունին: Արծրունու հարազատների հետ քննարկելուց և նրանց համաձայնությունը ստանալուց հետո փաստաթղթերի հիման վրա փաստաբանն ամենայն հավանականությամբ միջնորդություն կներկայացնի նաև Արծրունուն ազատ արձակելու, որպեսզի նա համապատասխան բուժում ստանա:

Նշենք, որ Արսեն Արծրունին և վերջինիս փաստաբաններն արդեն տևական ժամանակ պայքարում են կալանավորի ազատության համար:

Արսեն Արծրունին արդեն 20 տարուց ավելի է, ինչ անազատության մեջ է:  ՀՀ գերագույն դատարանը 1996թ. նրան մեղավոր է ճանաչել երկու տարբեր սպանությունների դրդելու մեջ և դատապարտել է մահապատժի: 2003թ. ՀՀ նախագահի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: 2006թ. ՀՀ դատախազության միջնորդության հիման վրա դատարանը վերանայել է գործը՝ համապատասխանեցնելով Քրեական օրենսգրքի փոփոխություններին:

2011 թվականին Արծրունու փաստաբանը պարզել է, որ 2006թ. կայացրած դատական ակտով Արծրունին մեղավոր է ճանաչվել երկու և ավելի անձանց սպանության համար:

Արծրունու փաստաբանները, սակայն պնդում են, որ Արծրունուն վերագրվող գործողությունները չպետք է վերաորակվեին որպես երկու կամ ավելի անձանց սպանություն, քանի որ մի սպանությունը տեղի է ունեցել 1993 թվականին,  մյուսը՝ 1994-ին, և դեռևս 1996թ. ՀՀ գերագույն դատարանը գտել է, որ այդ երկու սպանությունները որևէ կապ չունեն իրար հետ և պետք է դիտարկել առանձին:

 

գլխավոր լուսանկարը՝ arevelk.am-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter