HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ո՞վ է Նորաշեն 37 շենքի իրական տերը. Դմո՞ն, թե՞ Տուգոն

«Նորաշեն 2007» կոոպերատիվի կողմից կառուցվող Նորաշեն 37 (Չաուշի 37) հասցեի շենքն այսօր Արտաշես Մելիքյանի (մականունը՝ Դմո) «Արտ-Մել» ՍՊԸ-ի հաշվեկշռում է: Հիշեցնենք, որ 2009-ի հոկտեմբերին շենքի նախկին սեփականատեր Վիգեն Ղանդիլյանը այն իրավաբանորեն վաճառել, սակայն իրականում հանձնել էր «Նորաշեն 2007» կոոպերատիվին, բայց վերջինիս ղեկավարներ Արմեն Թադեւոսյանի ու Լյովա Սամվելյանի գործողությունների արդյունքում առքուվաճառքի պայմանագրում որպես գնորդ էր ձեւակերպվել ՊՆ աշխատակից Վիտալի Մանուչարյանը, որը 130.000 ԱՄՆ դոլար էր տվել Թադեւոսյանին ու Սամվելյանին՝ որպես ներդրում համատեղ բիզնեսի մեջ (այս դրվագի մանրամասները տես այստեղ):

2010-ին Վիտալին որոշել էր դուրս գալ այդ բիզնեսից եւ հետ էր պահանջել իր 130.000-ը: Արմենն ու Լյովան սկսել էին մարդ փնտրել, ով իրենց պարտքով կտար այդ գումարը՝ Վիտալիին փոխանցելու համար: Արմենը ՀՔԾ-ում պատմել է, որ իրենք դեռ նախկինից 900.000 դոլարի պարտք են ունեցել իրենց ծանոթ Արտաշես Մելիքյանին ու Վիտալիի պահանջից հետո դիմել են կրկին նրան: Ըստ Թադեւոսյանի՝ պայմանավորվածությունը եղել է այսպիսին. Արտաշեսը 130.000-ով պետք է շենքը գներ Վիտալիից, հետո միասին պետք է շինարարությունն ավարտին հասցնեին, բնակարաններ հանձնեին այն մի քանի անձանց, ովքեր պայմանագրեր են ունեցել «Նորաշեն 2007» կոոպերատիվի հետ եւ մուծումներ են կատարել, իսկ վերջում մնացած բնակարանների վաճառքից գոյացած գումարով պետք է վճարվեր Արտաշեսին ու նրա ծանոթներին ունեցած պարտքը:

Իր հերթին Լյովան Արտաշեսի հետ առերեսման ժամանակ նշել է. «…Ես եւ Արմեն Թադեւոսյանը խնդրեցինք Արտաշեսին մեզ օգնել, քանի որ մոտ հարաբերությունների մեջ ենք եղել: Պայմանավորվեցինք, որ միասին կառուցենք այդ շենքը: Քանի որ գումար չունեինք, նա պետք է Վիտալիկից գներ տարածքը, որից հետո ներդրումներ կատարեինք: Պայմանավորվածության համաձայն՝ Արտաշեսը Վիտալիկից 130.000 ԱՄՆ դոլարով գնեց այդ տարածքը, որից հետո մոտ երկու ամիս՝ մինչեւ նույն տարվա դեկտեմբերը, այդտեղ գործ ենք արել: Կոնկրետ ես ու Արմենը այդտեղ ներդրել ենք շուրջ 5 մլն դրամ գումար եւ գործ ենք արել: Սակայն դրանից հետո այլեւս որեւէ ներդրում չենք արել եւ այդ շենքով չենք զբաղվել: Նշեմ նաեւ, որ մինչեւ այդ գործարքը Արտաշեսին ասել ենք, որ մոտ 12-15 անձի հետ արդեն ունենք պայմանագրեր՝ այդտեղից բնակարաններ տալու վերաբերյալ, եւ մեր հիմնական խնդրանքը Արտաշեսին եղել է նա, որ շենքը կառուցեն, որ այդ բնակիչների բնակարանների հարցը լուծվի, ինչին նա չի առարկել»:

Բայց թե Արմենի, թե Լյովայի հետ առերեսման ժամանակ Արտաշեսը պնդել է, թե «ինձ որեւէ մեկը չի ասել, որ տարածքի վերաբերյալ մի շարք մարդիկ ունեն ինչ-որ պայմանագրեր: Եթե ես իմանայի այդ մասին, ապա հաստատապես այն չէի գնի, նույն արժեքով կարող էի այդպիսի տարածք գնել նույն տարածքում… Ես այդ մասին իմացել եմ եմ միայն 2011 թ. մարտին, երբ սկսել ենք շինարարությունը: Այդ ժամանակ մի խումբ մարդիկ եկան շինհրապարակ ու ասացին, որ պայմանագրեր ունեն»: Նա նաեւ շեշտել է, թե տարածքը գնելուց հետո ձմռանը շինարարություն չի կատարվել, ինչպես նշել էր Լյովան, եւ բացի այդ՝ վերջիններս ոչ մի ներդրում չեն արել:   

Նորաշեն 37 հասցեի կիսակառույցը եւ տարածքը Արտաշես Մելիքյանը Վիտալի Մանուչարյանից գնել է 2010-ի հոկտեմբերի 19-ին: Առքուվաճառքի պայմանագրում նշվել է 48 մլն դրամ: Սակայն քաղաքացիները, որոնք «Նորաշեն 2007»-ին մուծումներ էին կատարում իրենց գալիք բնակարանների դիմաց, ասում են, որ գործարքի պահին իրենք արդեն ընդհանուր 180 մլն դրամ էին փոխանցել կոոպերատիվին, այսինքն՝ այս պարագայում ինչպե՞ս կարող էր շենքն ընդամենը 48 մլն արժենալ, եթե դա առքուվաճառքի իրական գործարք էր:

Նրանք նաեւ շեշտում են, որ շենքի շինարարության մինչեւ 10 տոկոսն էր արվել այդ պահին, այնինչ փաստաթղթերում նշվել է 50 տոկոս: Իրենց խոսքերը բնակիչները հիմնավորում են լուսանկարներով, որոնք արվել են նույնիսկ ավելի ուշ՝ 2011-ի ապրիլի 10-ին: Դրանցում պարզ երեւում է, որ 50 տոկոս շինարարության մասին խոսք լինել չի կարող: Բայց այդ 50 տոկոս շինարարության «փաստի» հիման վրա սեփականատերը, ըստ տուժած շահառուների, կատարել է պետական գրանցում եւ ստացել 62 բնակարանների սեփականության վկայականներ (hարկ է նաեւ նշել, որ եթե շենքի նախկին սեփականատերեր Վիգեն Ղանդիլյանը, Վիտալի Մանուչարյանը եւ «Նորաշեն 2007»-ը մտադիր էին 62 բնակարանով 7 հարկանի շենք կառուցել, ինչի համար ստացել էին շինթույլտվություն, ապա այսօր արդեն կառուցվող շենքն ունի 12 հարկ):

Շահառուները երկրի նախագահին ուղղված նամակում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտնել են հետեւյալ համոզմունքը. «Նորաշեն 2007»-ի պարտատերերը չեն սպասել մինչեւ շենքի կառուցումն ու դրանից ստացված շահույթից իրենց պարտքի մարումը եւ ի վերջո ձեւական գործարքով տիրացել են կիսակառույցին ու 2000 քմ տարածքին:

Ի՞նչ է ստացվում: Արմեն Թադեւոսյանն ու Լյովա Սամվելյանը շուրջ 900.000 դոլար պարտք են եղել Արտաշես Մելիքյանին ու նրա շրջապատին, դրան ավելացել է նաեւ Վիտալի Մանուչարյանի պարտքը՝ 130.000 դոլար: Այս վերջին պարտքը փակել է Արտաշեսը՝ փոխարենը վերցնելով Նորաշեն 37-ի տարածքն իր կիսակառույցով: Սակայն Արմենն ու Լյովան դեռ հսկայական պարտք ունեին Արտաշեսին, որը պետք է մարեին: Դա անելու լավագույն տարբերակը, ըստ էության, շենքն ավարտին հասցնելը, շահառուներին իրենց հասանելիքը տալն ու մնացածը Արտաշեսին ու նրա ծանոթներին թողնելն էր: Հենց այսպես էր հարցի լուծումն իր ցուցմունքում ներկայացրել Արմեն Թադեւոսյանը՝ շեշտելով. «Ես ու Լյովան այդտեղ այլեւս եկամուտի ակնկալիք չունեինք»:

Այս տրամաբանության մեջ է տեղավորվում շահառուների պատմածը. «Երբ շենքը ձեւակերպվել էր Արտաշես Մելիքյանի (Դմո) անունով, դեռ շարունակվում էին շենքի շինարարական աշխատանքները Լուսաբեկ Սամվելյանի եւ Արմեն Թադեւոսյանի կողմից, իրենց իսկ ֆինանսական միջոցներով (հիշենք Լուսաբեկի նշած 5 մլն դրամը- հեղ.): Դա կփաստեն նաեւ շինարարները, որոնք մինչեւ 2010 թ. դեկտեմբերի 25-ը վարձատրվել են Լուսաբեկի եւ Արմենի կողմից: Նաեւ Ցոլակ Պետրոսյանի (Արտաշեսի ծանոթներից է- հեղ.) հայտարարությունը մեր խմբին թե Գ. Չաուշի 14/3 շենքի բակում եւ թե Նորաշեն 37 շենքի բակում այն մասին, որ Լուսաբեկն ու Արմենը իրեն եւ իր ընկերներին մեծ գումար են պարտք»:      

«Երբ մենք 2011 թ. ապրիլին ամսին փորձեցինք դադարեցնել մեր կողմից դիտվող ապօրինի շինաշխատանքները եւ ցանկություն հայտնեցինք տեսնել, այսպես ասած, շենքի նոր տիրոջը, որը փաստաթղթում երեւում է որպես Արտաշես Մելիքյան, շենքի վրա աշխատող աշխղեկի զանգից հետո քիչ անց ներկայացավ նույն Ցոլակ Պետրոսյանը, որ մեզ բառացիորեն ասաց, որ մենք շենքը գնել ենք եւ ձեր առջեւ ոչ մի պարտավորություն չունենք, չենք իմացել եւ չենք էլ ուզում իմանալ, որ շուրջ 25 հոգանոց (իրականում պետք է ավելի քիչ լինի, քանի որ մի քանի հոգի դեռ Վիտալի Մանուչարյանի կողմից շենքը գնելուց առաջ խզել էին նախավճարի պայմանագրերն ու հետ վերցրել իրենց գումարները- հեղ.) ցուցակ կա, որոնցից յուրաքանչյուրը վճարել է 10.000-40.000 ԱՄՆ դոլար: Այն դեպքում, երբ նրանք լավ իմացել են, որ Նորաշեն 37 հասցեի այդ կիսակառույց շենքը արդեն իսկ ծանրաբեռնված է «Նորաշեն 2007» ՍԿ-ի հետ կնքած մեր նախավճարի պայմանագրերով, այսինքն՝ երրորդ անձով: Այդ պայմանագրերի երկրորդ օրինակները նրանք վերցրել են Լուսաբեկից եւ Արմենից՝ հաշվարկներ անելու, մեր հարցերը լուծելու պատճառաբանությամբ, եւ խաբել ու չեն վերադարձրել»,- նախագահին գրել են բնակիչները:  Նրանցից մեկը՝ Ալբերտը, Ցոլակի կողմից պարտքերի հիշատակմանն ի պատասախան ասել է. «Դրա հետ ի՞նչ կապ ունենք ես, մյուսը, մյուսը… Մենք շենքի վրա գումար ենք դրել, գործ ենք արել, եկել ես իմ գումարը խլու՞մ ես նրա պարտքի դիմաց»:

Արտաշեսի կողմից շենքը գնելուց հետո դրա վրա հայտնվել է այսպիսի ցուցանակ. «Սույն շենքի պատվիրատուն եւ սեփականատերը հանդիսանում է «Արտ-Մել» ՍՊԸ-ն: «Արտ-Մել» ՍՊԸ-ն որեւէ կապ չունի նախորդ սեփականատերերի հետ: Շենքի հետ կապված բոլոր հարցերով դիմեք «Էստո» իրավաբանական գրասենյակ»: Սա Մելիքյանի իրավաբան Դավիթ Մանթաշյանի գրասենյակն է: Շահառուները պատմում են, որ հենց Մաթաշյանի «շնորհիվ» են իրենք այսօր այս վիճակում հայտնել:

Նրանք ՀՀ նախագահին ուղղված նամակում նշել են նաեւ, որ Նորաշեն 37 շենքի իրական տեր համարվում է ԲՀԿ-ական պատգամավոր Արսեն Ավագյանը (մանակունը՝ Տուգո): Հավելենք, որ վերջինիս է պատկանում «Աստաֆյան» համալիրը:

Տուժած քաղաքացիների դիմումը նախագահին ուղարկվել է նախաքննություն իրականացնող մարմին՝ հատուկ քննչական ծառայություն: Վերջինս արդեն ավարտել է քննությունը, սակայն ամենահետաքրքիրն այն է, որ շահառուները դատավարությունից առաջ հնարավորութուն չունեն ծանոթանալ գործը քննող քննչական խմբի որոշումներին ու մեղադրական եզրակացությանը: «Քննիչներից մի քանի անգամ որոշումը, մեղադրական եզրակացությունն ենք պահանջել, չեն տվել: Ասել են՝ կկազմենք, կտանք դատարանին»,- պատմում են նրանք:

Ըստ նրանց՝ «Նորաշեն 2007»-ի քրգործի այս՝ Նորաշեն 37 շենքի մասով որպես մեղադրյալ անցնում են միայն Արմեն Թադեւոսյանն ու Լուսաբեկ Սամվելյանը: Ի վերջո ո՞վ պետք է փոխհատուցի մի շարք անձանց պատճառով տուժած այս քաղաքացիների մեծ կորուստները: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ շահառուները ոչ միայն իրենց ստանալիք բնակարաններից են զրկվել, այլեւ, փաստորեն, ջուրն են լցրել հսկայական գումարներ: Եվ հիմա նրանք անտեղյակ են նաեւ, թե իրենց գործով ինչ են որոշել քննիչները, ում են մեղադրանք առաջադրել, ով պետք է պատասխան տա…

Մեկնաբանություններ (1)

Anushik
patgamavor chen eeeeeeeeeeeeee ,erespoxannnnnnnnnnnnnnnnnnnn

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter