HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց Պավել Մանուկյանի վերաբերյալ գործով հարցաքննել դատավոր Արտուշ Գաբրիելյանին

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու և դատավորին վիրավորելու վերաբերյալ Պավել Մանուկյանի մասնակցությամբ գործի քննությունը սկսվեց:

Երևանի Ավան և  Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ այս գործով առաջին դատական նիստը:

Խոսքը, հիշեցնենք, Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի մասին է: Մանուկյանն, ըստ մեղադրանքի, 2017-ի հուլիսի 26-ին կայացած դատական նիստին չի ենթարկվել դատարանի օրինական պահանջին, շարունակել է առանց նրա թույլտվության խոսել դատական նիստի ընթացքում, որից հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը Մանուկյանին տասը ժամով նիստերի դահլիճից հեռացնելու որոշում է կայացրել: Մանուկյանն էլ, ըստ առաջադրված մեղադրանքի, ոտնձգելով արդարադատության մարմինների նորմալ գործունեության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերությունների, ինչպես նաև դատավորի պատվի ու արժանապատվության դեմ, անհարգալից վերաբերմունք է դրսևորել դատարանի նկատմամբ` դատավորին անվանելով «ցռան մոզի»:

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալի կարգավիճակ ունեցող Պավել Մանուկյանին դուր չեկավ, որ դատավորն իրեն «ամբաստանյալով» դիմեց: Նա սկսեց իր վերաբերմունքն արտահայտել իշխանությունների, նկատմամբ, վիրավորական արտահայտություն արեց Սերժ Սարգսյանի հասցեին, և դատավորը հորդորեց նիստի ընթացքում որևէ անձի չվիրավորել:

«Հենց իրերն իրենց անունով ենք կոչում, դատավորների ջանը քոս է ընկնում»,- հակադարձեց Պավել Մանուկյանը: Դատավոր Սերգեյ Մարաբյանը, սակայն, րոպեների ընթացքում կարողացավ դահլիճում աշխատանքային մթնոլորտ ստեղծել ու շարունակել նիստը:

Դատարանն այսօր հետաձգեց Պավել Մանուկյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանի երկու միջնորդությունները: Դրանցից մեկը վերաբերում էր գործը կարճելուն, իսկ մյուսը` դատավոր Արտուշ Գաբրիելյանին այս գործի շրջանակներում հարցաքննելուն:

Ինեսսա Պետրոսյանը նշեց, որ դատավոր Ատուշ Գաբրիելյանը որևէ հաղորդում չի ներկայացրել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու միջոցով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մասին: Փաստաբանն ընդգծեց, որ Արտուշ Գաբրիելյանն անգամ չի հարցաքննվել այն դեպքում, երբ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքն ուղղակիորեն կապված է դատավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու հետ:

«Նախաքննական մարմինը  քրեական գործը հարուցել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հոդվածով, բայց ակնհայտ է, որ  դատարանը ներկայացնում է դատավորը, ում պատիվն ու արժանապատվությունը, ըստ մեղադրանքի վիրավորվել է»,- նկատեց Ինեսսա Պետրոսյանը և ընդգծեց, որ նախաքննական մարմինը պետք է հարցաքններ Արտուշ Գաբրիելյանին ու պարզեր` արդյոք նրա պատիվն ու արժանապատվությունը վիրավորե՞լ է:

Ինեսսա Պետրոսյանի խոսքով` գործով միայն մի քանի կարգադրիչի ուղղորդված ցուցմունքներ են: Ըստ փաստաբանի` նախաքննական մարմինն անօրինական քննություն է կատարել` դատարանին դիտարկելով ոչ թե որպես սուբյեկտ, այլ դատարան, որը նույնիսկ ենթակա չէ հարցաքննության: Նման պայմաններում, ըստ Ինեսսա Պետրոսյանի, այս քրեական գործը ենթակա է կարճման:

Այն բանից հետո, երբ դատավոր Սերգեյ Մարաբյանը հետաձգեց այս միջնորդության քննությունը, Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց Արտուշ Գաբրիելյանին դատակոչել ու հարցաքննել: Փաստաբանը նշեց, որ պաշտպանական մարտավարությունից ելնելով` չի ցանկանում նշել այն հնարավոր հարցերը, որոնք ինքը պատրաստվում է տալ Գաբրիելյանին, սակայն դրանցից մեկն, այնուամենայնիվ, նշեց. պետք է պարզել՝ արդյոք Արտուշ Գաբրիելյանը վիրավորվել է:

Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս Պավել Մանուկյանը հայտարարեց` ինքը ցանկանում է, որ Գաբրիելյանին դատակոչեն:

«Անպայման, համ էլ կարոտել եմ: Լավ մարդ ա Գաբրիելյանը, բերեք, մի հատ տեսնենք: Որպես մարդ՝ հետը քեֆի էլ կգնայի, բայց որպես դատավոր...», - հայտարարեց Պավել Մանուկյանը:

Դատավորն այս հարցի քննությունը ևս հետաձգեց: Այսօր դատարանն անցավ գործով դատաքննության: Մեղադրանքն ընթերցելուց հետո Պավել Մանուկյանը հայտարարեց, որ այն չի ընդունում:

Այսօր դատական նիստերի դահլիճում ցուրտ էր: Ամբաստանյալ  Մանուկյանի մյուս պաշտպանը` Հարություն Բաղդասարյանը հայտարարեց այն մասին, որ Մանուկյանը ոտքի հատվածում ցրտի պատճառով ցավեր ունի:

Մանուկյանը, հիշեցնենք, ՊՊԾ գնդի գրավման օրերին վիրավորվել էր: Վերջինիս ոտքը վիրահատված է, դրանում մետաղական հատվածներ են տեղադրված:

Մանուկյանը հայտարարեց, որ իրեն այսօր «Վիլիսով» են դատարան բերել և դատավորին խնդրեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի գազելով տանեն: Դատավորը նշեց, որ թեև դա իր իրավասության մեջ չի մտնում, բայց կխնդրի համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 2-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter