HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գավառի օդանավակայանը ծառայում է անասուններին

Երբ մեր գավառցի ծանոթներին ասում ենք, որ գնում ենք՝ քաղաքի օդանավակայանը նկարելու, զարմանում են, թե ինչ կա այնտեղ, օդանավակայանը վաղուց չի գործում: Ասում եմ՝ դե, չգործելն ենք նկարելու: Բայց երբ տեղ ենք հասնում, հասկանում եմ, որ ասել, թե այս կառույցը չի գործում, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ որպես այդպիսին օդանավակայան չի մնացել:

Գեղարքունիքի մարզում խորհրդային տարիներին 3 օդանավակայան կար՝ Գավառում, Վարդենիսում եւ Մարտունիում (այս ցուցանիշով այն զիջում է միայն Սյունիքին, որտեղ 4 օդանավակայան է կառուցվել): Վերջին երկուսի մասին պատմել ենք: Դրանք վաղուց ծառայում են գյուղատնտեսական նպատակների՝ արոտ ու վարելահող են դարձել, չիմացողն էլ դժվարությամբ կհասկանա, որ տեղանքը նախկինում աերոդրոմ է եղել: Նույնը կարելի է ասել Գավառի օդանավակայանի մասին, որից միայն ավերակներ են մնացել, սակայն այս կառույցը երեքից միակն է, որի հողի նպատակային նշանակությունը՝ կատեգորիան, թեկուզ մասամբ, մինչ օրս չի փոխվել, այն մնում է օդանավակայան: Այլ հարց է, թե փաստացի ինչի է ծառայում այդ հողը:   

1971-1987 թթ. քաղավիացիայի հայկական վարչությունը ղեկավարած Դմիտրի Աթբաշյանը հիշում է, որ երբ ինքը նշանակվեց պաշտոնին, Գավառում, ավելի ճիշտ՝ Կամոյում, գործող թռիչքադաշտ կար, որը հետո դարձրեցին աերոդրոմ: Գավառի ներկա քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի փոխանցմամբ՝ օդանավակայանը սկսել է գործել 1966-ից:

1960-ականների վերջին խորհրդային  քաղաքացիական ավիացիա մտած «Յակ-40»-ները մարդատար փոխադրումներից դուրս մղեցին հին ինքնաթիռներին, մասնավորապես՝ «Ան-2»-ներին («Կուկուռուզնիկ»), որոնք սկսեցին կիրառվել հիմնականում գյուղատնտեսական ավիացիայում: Ուղեւորափոխադրումներից դուրս մնալուց հետո սրանք վստահվեցին երիտասարդներին, ովքեր դեռ «Յակ-40»-ով թռչելու իրավունք չունեին եւ փորձ էին կուտակում «Ան-2»-ի վրա: Կամոյի սարքաշինական գործարանից այս օդանավերը Երեւան էին տեղափոխում սարքավորումներ, որոնք հետո տարածվում էին ԽՍՀՄ-ով մեկ: Չվերթներն իրականացվում էին վիզուալ թռիչքների կանոններով, պարզ եղանակին: 

1976-ին, ըստ Դ. Աթբաշյանի, շահագործման է հանձնվել Կամոյի օդանավակայանի սպասասրահը: Օդանավակայանն ուներ նաեւ դիսպետչերական կետ, տեխնիկական այլ շինություններ: Ավիատորի ասելով՝ նախատեսվում էր գրունտային թռիչքուղին դարձնել ասֆալտապատ, սակայն ծրագիրն իրականություն չդարձավ:

Հատկապես մեծ էր այս օդանավակայանի դերը Ղարաբաղյան պատերազմի տարիներին: Դեռեւս Գավառ չվերանվանված Կամոյից «Մի-8» ուղղաթիռներով տարբեր տեսակի օգնություն էր ուղարկվում, մասնավորապես, Գետաշենի ենթաշրջանին, Շահումյանի, Մարտակերտի շրջաններին՝ ալյուր, զենք, մարդկային ուժ: Օդանավակայանն ընդունում էր նաեւ փախստականներին ու ներքին տեղահանվածներին (լուսանկարներ): Պատերազմից հետո այն դադարեց գործել:

Կամոյի օդանավակայանում, 1991 թ.

1999-ի հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի կառավարությունը փոփոխություն կատարեց օգոստոսին կայացրած որոշման մեջ, որով մի շարք այլ համայնքների ավելացվեց Գավառը. ըստ այդմ՝ ««Էրեբունի» տարածքային օդանավակայաններ» պետական ՓԲԸ-ից առանձնացված օդանավակայանների գույքը անհատույց սեփականության իրավունքով հանձնվեց համայնքներին: Գավառի օդանավակայանն անցավ քաղաքին: Չնայած դրան՝ հողը մնում էր պետական սեփականություն: 2001-ին ընդունված նոր Հողային օրենսգրքով սահմանվեց, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերը կառավարության որոշմամբ առանձնացվում եւ հողամասի հատակագծի հիման վրա անհատույց սեփականության իրավունքով փոխանցվում են համայնքներին: Սակայն այդ հողերի մի մասը, գտնվելով համայնքների սահմաններում, մնաց պետական, իսկ հանձնված հողերի մի մասն էլ ճանաչվեց մասնավորեցման ոչ ենթակա:

2006-ին կառավարությունն անհատույց Գավառ համայնքին հանձնեց 9674 հա հող (սրանից 460-ը մասնավորեցման ենթակա չէ), համայնքի վարչական սահմաններում գտնվող եւս 370 հա մնաց պետական: Ըստ գործադիրի որոշման՝ այս 370-ից 36 հեկտարը օդանավակայանի զբաղեցրած հողերն են, որոնց վրա են գտնվում վազքուղու մի մասը եւ շենք-շինությունները: Եթե նախկինում այստեղ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ էին իջնում, ապա վերջին շրջանում գրունտային թռիչքուղին դարձել է ավտոմրցությունների վայր

Քաղաքապետ Գ. Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ օդանավակայանի նախկին տարածքից մոտ 25 հա-ն էլ համայնքի սեփականությունն է դարձել եւ տրվում է վարձակալման. տարածքն օգտագործվում է գարու եւ ցորենի ցանքսի նպատակով: Օդանավակայանի մնացած հատվածը մասնավորեցված է: Այսինքն՝ նախկին պետական հողակտորն այսօր բաժանված է երեք տիպի սեփականության:      

Ըստ Դ. Աթբաշյանի՝ Գավառի օդանավակայանի նախկին թռիչքուղին ուներ 1600 մ երկարություն եւ 85 մ լայնություն, ծովի մակարդակից բարձրությունը՝ 1980 մ: Այս վերջին ցուցանիշով Գավառի աերոդրոմը Հայաստանում երկրորդն էր՝ զիջելով միայն Ջերմուկին, որի թռիչքուղին գտնվում է ավելի քան 2 կմ բարձրության վրա:

Նախկին օդանավակայանի սպասասրահը, ինչպես նշվեց, կառուցվել է 1976-ին, բայց այսօր դրանից միայն պատերն ու առաստաղն են մնացել: Անասունների թրիքն ու փռված հարդը հուշում են, որ չգործող սպասասրահը տակավին վերջերս գոմ կամ առնվազն անասունի հանգստի տեղ է ծառայել: Գրունտային նախկին թռիչքուղու ցեխերի մեջ էլ մնացել են կճղակների հետքերը:

Շեշտենք, որ օդանավակայանի հարեւանությամբ բազմաթիվ գոմեր կան, որոնք հին կառույցներ են, բայց գործում են: Ներկայում օդանավակայանի լքված շենքը այս գոմերի անասունների համար, թերեւս, կացարան է ծառայում շոգ ամիսներին տեղանքում արածելիս: 

Կառույցի՝ գոմի վերածվելու ու ընդամենը երեք տասնամյակում ավերակ դառնալու պատճառների մասին հարցին 2005 թ.-ից քաղաքապետ աշխատող (2002-2005 թթ. եղել է փոխքաղաքապետ) Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Օդանավակայանի վարչական շենքը իբրեւ գոմ օգտագործվել է մինչ համայնքային սեփականություն հանդիսանալը (հիշեցնենք՝ քաղաքին այն հանձնվել է 1999-ին), դրանից հետո աշխատանքներ են տարվել տարածքը մաքրելու եւ պահպանելու ուղղությամբ: Շենքը կիսավեր վիճակում է, քանի որ այս տարիների ընթացքում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել»: Իրականում պաշտոնյայի միայն երկրորդ միտքն է ճիշտ, լուսանկարներն ապացուցում են, որ շենքը հիմա էլ ծառայում է անասունների կարիքներին, իսկ թե ինչ մաքրման ու պահպանման աշխատանքների մասին է խոսքը, դժվար է ասել:

«Google Earth» ծրագրի՝ արբանյակից արված պատկերներում կարելի է տեսնել, որ վարչական համալիրի տարածքը տարիներ առաջ ցանկապատված է եղել, իսկ, օրինակ, սպասասրահի շենքի համեմատաբար նոր տանիքն այսօր հուշում է, որ ոչ վաղ անցյալում այն ինչ-որ մեկին ծառայել է:

Հիմա ցանկապատ չկա, շինություններն ուղղակի թալանված տեսք ունեն, պատերի մի մասը ջարդած-քանդած է, դրանց վրայից սալիկները թափվել են ոտքի տակ, միջանցիկ քամին ավերակի մի ծայրից մտնում, մյուսից դուրս է գալիս:      

Մեր հարցին, թե Գավառի համայնքապետարանը որեւէ ծրագիր ունի արդյոք օդանավակայանի գույքի եւ հողի արդյունավետ կիրառման վերաբերյալ, քաղաքապետը հայտնել է. «Օդանավակայանի տարածքի եւ գույքի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ են ֆինանսական լուրջ ներդրումներ, որոնք, ցավոք, այս պահին համայնքը չունի: Իհարկե, աշխատանքներ են տարվում ներդրողներ փնտրելու եւ խնդիրը պետական եւ միջազգային ծրագրերում ընդգրկելու ուղղությամբ»: Դատելով նախկին օդանավակայանի ներկա վիճակից՝ ներդրողներ փնտրելու եւ, մասնավորապես, միջազգային ծրագրերում ընդգրկելու աշխատանքների մասին նախադասությունը, մեղմ ասած, ժպիտ է առաջացնում. տպավորություն է, որ ասողը երբեք չի տեսել օդանավակայանի ավերակներն ու հաստ շերտով կեղտը:

Օդանավակայանի նոր լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (1)

տխուր հոդված է!
// Սիրտս նման է էն փլած տնեէ՜ր Հեյ վա՜խ տո լաճ տնավեր// --- Վահե ջան, էս տնավեր լաճերից ի՜նչ սպասես: Հայ փողատերերին ասա՝ էն ֆլան սարի տակին մի պստիկ ոսկու հանք կա, - իրենց մորը կծախեն , էքսկավատորներով, տրակտորներով ու տանկերով ափալ թափալ վրա կտան, հող, ջուր, դաշտ ու անտառ իրար կխառնեն, իրենց փայ չալաղաջ տեղերը կհանեն ու ամեն ինչը թափած մունդռած, կթողնեն կերթան: Սպասենք եղբայր, բալքի մի բան կփոխվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter