HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամուլսարի հանքարդյունաբերական նախագիծը բնական միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է»,- եզրակացրել են միջազգային փորձագետները

Հայաստանում Լիդիանի կողմից ներկայացված Ամուլսարի ոսկու հանքի նախագծի կապակցությամբ

Միջազգային անկախ փորձագետները 2017թ. դեկտեմբերի 24-ին մերժել էին Ամուլսարի ոսկու ծրագրի խնդիրների շուրջ «Lydian International»-ի խորհրդատուների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի հրավերը։ Չնայած դրան, Բնապահպանության նախարարությունն ու «Լիդիանը», մեր ունեցած տեղեկությունների համաձայն, ամեն դեպքում այսօր առավոտյան ինչ-որ փակ քննարկում են անցկացնելու այդ թեմայով։ Հիշեցնենք, որ պատասխան նամակում միջազգային անկախ փորձագետները նաև հիմնավորել էին մերժման պատճառներն ու խոստացել, որ մի քանի օրվա ընթացքում կներկայացնեն այս ծրագրի մասին իրենց վերջնական գնահատականը՝ հնարավորինս պարզ, հստակ և հակիրճ:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը քիմիական/բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանից էլեկտրոնային փոստով արդեն ստացել է այդ վերջնական գնահատականի անգլերեն տարբերակը և դրան ուղեկցող համառոտագիրը։ Ամբողջական գնահատականի հայերեն տարբերակը կներկայացնենք ավելի ուշ, քանի որ այն շատ լուրջ մասնագիտական փաստաթուղթ է և  թարգմանելու համար ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ։ Իսկ մինչ այդ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուղեկցող համառոտագրի հայերեն թարգմանությունը։

 

«Ամուլսարի ոսկու հանքի նախագծի հետ կապված մտահոգությունների, հավանական հետևանքների և հանձնարարականների համառոտագիր. վերջնական փաթեթ

10.01.2018

Ներկայացվում է «Lydian International»-ի, Լիդիան Արմենիայի, ՀՀ կառավարության և ԲՈԼՈՐ այլ շահագրգիռ անձանց ուշադրությանը

Ողջունում ենք ձեզ,

Մենք՝ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ խորհրդատվություն իրականացնողներս, վերջին ութ ամիսների ընթացքում անց ենք կացրել Ամուլսարի ոսկու նախագծի մի շարք ուսումնասիրություններ։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակն էր իրականացնել նախագծի անկախ, մանրակրկիտ, քննողական տեխնիկական գնահատում՝ ուղղված հանքի շահագործման ընթացքում, ինչպես նաև դրանից հետո երկարատև հնարավոր հետևանքների բացահայտմանը։ Այս գրությանն ենք կցում մեր վերջին ու վերջնական ուսումնասիրությունը, որը նախագծի հնարավոր հետևանքների ամփոփագիրն է և պարունակում է Լիդիանին ուղղված հանձնարարականներ, որպեսզի այն ի վիճակի լինի բարելավել իր բնապահպանական ռազմավարության մշակումը։ Մեր գրությանը կից փաթեթը պարունակում է հետևյալը. առաջնահերթ մտահոգությունների ու հանձնարարականների ցանկ, այնուհետև՝ մեր ուսումնասիրություններից բխող բոլոր մտահոգությունների, հնարավոր հետևանքների ու հանձնարարականների ավելի մանրամասն ցանկ, աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ հանքերի ու դրանց բնապահպանական հետևանքների սահմանափակ ցանկ, մեր ուսումնասիրած փաստաթղթերի ցանկը և մինչ օրս մեր պատրաստած զեկույցներն ու հուշագրերը։ Մեր ընդհանուր եզրակացությանը շարունակում է մնալ այն, որ հանքարդյունաբերական այս նախագիծը բնական միջավայրի վրա ազդեցության առումով բարձր ռիսկային է ինչպես շահագործման, այնպես էլ՝ դրա դադարումից հետո երկար ժամանակահատվածում ՝ թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման առկա բարձր ռիսկի, երկրաքիմիական թերի գնահատման, ջրի որակի ոչ բավարար կանխատեսումների ու ռիսկերի մեղմացման ոչ բավարար միջոցառումների և Լիդիանի՝ ոլորտում փորձ չունենալու պատճառներով։

Մեզ նաև մտահոգում են Լիդիանի հրապարակային հայտարարություններն այն մասին, որ պաշարներն ամբողջությամբ օքսիդացված են, ինչը հանգեցնում է այն թյուր ենթադրությանը, թե թթվային ապարների դրենաժ (ԹԱԴ) չի առաջանա շահագործման ընթացքում կամ դրանից հետո։ Այս հայտարարություններն Ամուլսար լեռում գոյություն ունեցող իրականությանը չեն համապատասխանում, եթե այն պետք է շահագործվի ըստ նախագծի։ Լիդիանը պարտավոր է ճշմարտացի հայտարարություններ անել պաշարների դրենաժ առաջացնող բաղադրիչների մասին։

Լիդիանն արձագանքել է մեր ուսումնասիրություններին՝ շարունակ պնդելով, որ իրենք վստահ են, որ Ամուլսարի շահագործման համար մշակել են ազդեցության մեղմացման «գլոբալ լավագույն պրակտիկային» համապատասխանող միջոցառումներ։ Լիդիանի հայտարարություններն ու զեկույցները ցույց են տալիս, որ իրենք խստագույնս թերագնահատել են հանքի վատթար հետևանքները, հատկապես՝ դրա ազդեցությունը ջրերի որակի վրա, ինչը եղել է մեր ուշադրության կենտրոնում և որպես կանոն դա մետաղական հանքերի հետ կապված առավել լուրջ և երկարատև բնապահպանական ազդեցություն թողող մտահոգություններից է։ Կուզեինք ավելացնել, որ թեև Լիդիանի խորհրդատուներն առևերույթ ունեն հանքերի շահագործման ու փակման որոշակի ասպեկտների հետ կապված փորձառություն, մեզ չի ներկայացվել որևէ ապացույց, որ թթվային ապարների դրենաժի հարցում իրենց գլխավոր խորհրդատուն փորձառու է ԹԱԴ-ի գնահատման ու ըմբռնման, երկրաքիմիական բնութագրման և անալիզների մեկնաբանման, ԹԱԴ-ին ուղղված մեղմացման միջոցառումների ոլորտներում։ Մենք ինքներս այս ոլորտներում խորը փորձառություն ունենք և մեր տեսանկյունը բացարձակապես անկախ է հանքը շահագործել ցանկացողի շահերից։

Հանքը նախատեսված է մի վայրում, որը խմելու ու գյուղատնտեսական նշանակության ջրեր է մատակարարում ողջ Հայաստանին։ Հաշվի առնելով հանքի շահագործման և դրա ազդեցության մեղմման ներկայիս պլանները՝ առկա է թթվային դրենաժի ու աղտոտիչների արտահոսման բարձր ռիսկ, որը կաղտոտի ստորերկրյա ջրերը, աղբյուրները, Արփա, Դարբ և Որոտան գետերն ու Կեչուտի ջրամբարը (Ամուլսարի տեղագրական քարտեզն ու մակերևույթային ջրերի պատկերը կարելի է տեսնել այստեղ

Հույս ունենք, որ Հայաստանի Բնապահպանության նախարարությունը կուսումնասիրի մեր ներկայացրած վերջնական փաթեթն ու վերստին գնահատման կենթարկի Լիդիանի ներկայացրած բնապահպանական պլանը՝ հաշվի առնելով այս նախագծի երկարաժամկետ բացասական հետևանքները բնական միջավայրի վրա։

Ի հավելումն, հակառակ 2018թ. հունվարի 8-ին Լիդիանի կատարած պնդումներին՝ մենք չենք համաձայնվել մասնակցել 2018թ. հունվարին Երևանում Հայաստանի բնապահպանության նախարարության հետ նախատեսված հանդիպմանը և մերժումը հիմնավորել ենք 2017թ. դեկտեմբերի 24-ի մեր նամակում (կից ներկայացնում ենք այն անգլերեն և հայերեն)։ Պատրաստ ենք Հայաստանի բնապահպանության նախարարությանն ու Հայաստանի կառավարությանն ուղղակիորեն աջակցել և հանդիպել նրանց հետ Ամուլսարի նախագծի առնչությամբ։ Մենք ներկայացնում ենք մեր անկախ կարծիքները, սակայն դրանց կյանքի կոչման և ընդհանուր նախագծի համար պատասխանատու են Լիդիանը և Հայաստանի կառավարությունը»։

Հարգանքով՝

Հարութ Բրոնոզյան

Քիմիական/էկոլոգիական ինժեներ, գիտությունների մագիստրոս

2947 Honolulu Avenue, Unit B

Glendale, California 91214

Tel. (818) 248-3529; (800) 219-8405

Fax. (818) 248-6343

e-mail: [email protected]

 

Անդրեա Գերսոն, դոկտոր

Ռոջեր Սմարթ, դոկտոր

Blue Minerals Consultancy

Wattle Grove, Tasmania 7109, Australia

[email protected]

[email protected]

www.bluemineralsconsultancy.com.au/

Tel: 0422112516 (Dr Gerson), or

Tel: 0400835603 (Dr Smart)

 

Էնն Մաեստ, դոկտոր

Buka Environmental

Boulder, CO, USA

[email protected]

Tel: 303.324.6948

 

Անդրե Սոբոլևսկի, դոկտոր

Clear Coast Consulting, Inc.

Gibsons, BC, Canada

[email protected]

www.clear-coast.com

Tel: 604-240-8845

 

Մեկնաբանություններ (7)

Գեւորգ
ՀՀ - ն աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկն է՝ 1 քառ. կմ - ի վրա մոտ 100 մարդ: Հաշվի առնելով նաեւ, որ ՀՀ ամբողջ տարածքի միայն փոքրիկ մասն է պիտանի գյուղատնտեսական օգտագործման համար, կարելի է եզրակացնել, որ հողային տարածքներն ու նրանց հետ կապված բնական ռեսուրսները պիտի ոսկուց թանկ գնահատվեին, քանի որ առաջինները պրակտիկորեն հավերժ են, իսկ ոսկին անցողիկ արժեք է: Այսինքն, որքան էլ տնտեսապես նեղված լինենք, չի կարելի առաջինը զոհաբերել կամ նույնիսկ ռիսկի ենթարկել հանուն երկրորդի:
Գեւորգ
«Լիդիանը» հավաստիացնում է, որ վնասակար հետեւանքներ չեն լինելու: Իսկ ուրիշ ինչ պիտի պնդեր այդ գործով խորապես շահագռգիռ տվյալ կազմակերպությունը? Բոլոր տեսակի կանխատեսումներն ու հաշվարկները ցույց են տալիս, որ քաղցրահամ ջրի անբավարարությունը շուտով համար առաջին պատուհասն է դառնալու մարդկության համար: Իսկ ով եւ ինչպես է փոխհատուցելու այն վնասի համար եթե մի 50 տարվա ընթացքում մենք զրկվենք Սեւանի ջրից?
ՀԲՃ
Միջազգային անկախ փորձագետների բոլոր հաշվետևություններն Ամուլսարի մասին անգլերենով այստեղ են՝ https://goo.gl/k82Nn4
AEF
List of Reports and Memoranda Produced by the Bronozian Consultants, Independent Reviewers of Lydian’s Amulsar Gold Project in Armenia Available: https://goo.gl/k82Nn4
Լևոն Գալստյան
«Այսինքն՝ ստացվում է, որ միջազգային հայտնի փորձագիտական խմբերը տվել են բացասական եզրակացություն, Հայաստանի բոլոր անկախ էկոլոգներն ու փորձագետները, գիտնականները, բնապահպանները տվել են բացասական եզրակացություն, բայց միայն Հայաստանի կառավարությունն է, որ հավատացել է «Լիդիան Ինթերնեշնլի» և Lydian Armenia-ի գրած հեքիաթներին ու համաձայնություն է տվել այս ծրագրի իրագործմանը»։ https://www.youtube.com/watch?v=k4xAC6CQ_5Y
AEF
Lydian Armenia's unsubstantiated allegations and rumors about mining in Amulsar were finally exposed by independent international experts. #NoMiningInAmulsar
Լևոն Գալստյան
Lydian Armenia-ի անհիմն պնդումներն ու հիմնվորումները Ամուլսարի մասին վերջնականորեն բացահայտվեցին միջազգային անկախ փորձագետների կողմից․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter