HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժեց դատավոր Վանիկ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

Գեղարքունիքի մարզի դատավորների, դատախազի և այլ անձանց մասնակցությամբ կաշառքի գործով ամբաստանյալ դատավոր Վանիկ Վարդանյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավադության դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանն այսօր ընթերցեց Վանիկ Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության վերաբերյալ որոշումը՝ մերժելով այն:

Խոսքը, հիշեցնենք, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի, մարզի դատախազ Սևակ Շհոյանի, փաստաբան Էդուարդ Չինարյանի ու ևս 9 անձի վերաբերյալ  քրեական գործի մասին է, որոնք մեղադրվում են կաշառք տալու, ստանալու կամ կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:

Ամբաստանյալներից 5-ը, որոնց թվում՝ Աղվան Պետրոսյանը, Վանիկ Վարդանյանը, Սևակ Շհոյանը գտնվում են կալանքի տակ: Հունվարի 12-ին տեղի ունեցած  դատական նիստին ամբաստանյալ Վանիկ Վարդանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն իր պաշտպանյալին գրավով ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել, և դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Նշենք, որ պաշտպանի խոսքով՝ Վանիկ Վարդանյանն ունի մի շարք առողջական խնդիրներ, մեծահասակ ծնողներ հաշմանդամություն ունեցող երեխա:

Ռուբեն Հակոբյանի խոսքով՝  իր պաշտպանյալի կալանավորման որոշումը հիմնավորված է նրանով, որ իբր նա,  ազատության մեջ մնալու դեպքում,  կարող է քննություն իրականացնող մարմնին ներկանալուց խուսափել և ապօրինի ազդեցություն գործադրել այս գործով անցնող այլ անձանց նկատմամբ: Մինչդեռ, ըստ Ռուբեն Հակոբյանի, այս հիմքերը գոյություն չունեն:

Հակոբյանը միջնորդություն ներկայացնելիս ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Վանիկ Վարդանյանը գործով անցնող որևէ անձի հետ չի առերեսվել, քանի որ վերջինիս և այդ անձանց ցուցմունքների միջև չեն եղել հակասություններ: Նման պայմաններում, ըստ  փաստաբանի,  հարց է առաջանում, թե ու՞մ նկատմամբ պիտի Վարդանյանը փորձեր անօրինական ազդեցություն գործադրել և ինչո՞ւ պիտի փորձեր:

Ինչ վերաբերում է պնդմանը, թե Վանիկ Վարդանյանը կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ, ապա, ըստ Ռուբեն Հակոբյանի, իր պաշտպանյալն արդեն իսկ իր վարքով ապացուցել է, որ նման արարք չի կատարի:

Սակայն դատավոր Արսեն Նիկողոսյանը, փաստորեն, համարել է, որ դատավորին կալանքի տակ պահելու հիմքեր կան:

Գլխավոր լուսանկարում դատավոր Արսեն Նիկողոսյանն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter