HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Միշտ կոկիկ էր, մինչև իրեն լրիվ կարգի չբերեր, շարք չէր գալիս»,-սպանված կուրսանտին այսպես է հիշում հրամանատարը

 Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց դեպքի ժամանակ ամբաստանյալների ու սպանված Հայկազ Բարսեղյանի մարտոցի հրամանատար հանդիսացող Դավիթ Դավթյանը:

Վերջինս այժմ ռազմական ինստիտուտում չէ, այլ զորամասում է ծառայություն իրականացնում:

Վկան դատարանին հայտնեց, որ դեպքի օրը՝ 2015 թվականի հունվարի 29-ին, ինքը ռազմական ինստիտուտում չի եղել, այդ ժամանակահատվածում վերապատրաստման դասընթացների է մասնակցելիս եղել:

Երբ դեպքի մասին հայտնի է դարձել, Դավիթ Դավթյանն, իր խոսքով, տանն է եղել, հեռախոսազանգի միջոցով իրեն կանչել են ինստիտուտ:

Վկան պտտաձողից կախված Հայկազ Բարսեղյանին չի մոտեցել, չի մոտեցել նաև նրա մահճակալին. միայն տեսել է, որ այն արյունոտված է եղել. ահա այն ամենն, ինչ դեպքի մասին կարող էր պատմել սպան:

Վերջինս դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից երկուսը`Նորայր Սահակյանն ու Վաչե Սահակյանը դրական բնութագիր են ունեցել: Սկսեց Նորայր Սահակյանից ու նշեց, որ վերջինս աչքի է ընկել և՛ իր լավ վարքով, և՛ բարձր առաջադիմությամբ:  Ըստ Դավիթ Դավթյանի`Վաչե Սահակյանը ևս լավ է սովորել, մարտկոցի հրամանատարը նրա մասին ևս որևէ բացասական բան չկարողացավ ասել:

Ինչ վերաբերում է ամբաստանյալներ Մովսես Ազարյանին ու Գնել Թևոսյանին, վերջիններս, ըստ Դավիթ Դավթյանի, բացասական են բնութագրվել. լավ չեն սովորել ու կարգապահ չեն եղել:

«Գնելին Մովսեսի հետ չես համեմատի, բայց նա էլ լավ չէր սովորում»,- ասաց հրամանատարը`նկատի ունենալով, որ Մովսես Ազարյանն էլ ավելի բացասական բնութագիր ուներ, քան Գնելը:

Ինչ վերաբերում է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, վկան նրան ևս դրական է հիշում. ասում է՝ կարգապահ էր, կոկիկ, լավ էր սովորում:

«Ամեն անգամ բաղնիքից հետո ուշանում էր շարքից. միշտ կոկիկ էր, մինչև իրեն լրիվ կարգի չբերեր, շարք չէր գալիս»,- ասաց Դավթյանն ու հիշեց, որ անգամ շարքից ուշանալու համար երբեմն նկատողություն է արել Հայկազին:

Վերջինս ռազմական ինստիտուտում չի ցանկացել սովորել, նպատակ է ունեցել սովորելու Ռուսաստանում, բայց չի ստացվել:

Դավթյանի խոսքով`2014-ի սեպտեմբեր ամսին Հայկազը մոտեցել է իրեն ու ասել, որ չի ցանկանում սովորել ինստիտուտում, հետո ինքը, Հայկազը և վերջինիս հայրը միասին զրուցել են, ու Հայկազը նորից շարունակել է ուսումը:

Վկայի խոսքով`դեպքից հետո ինքը փորձել է Գնել Թևոսյանից պարզել`արդյոք վերջինս որևէ տեղեկություն ունի՞: Այդ խոսակցության ժամաակ ներկա է եղել նաև Թևոսյանի հայրը`Զարմիկ Մարկոսյանն, ով այդ ժամանակ եղել է ռազմական ինստիտուտի պետի սպառազինությունների գծով տեղակալը:

Դավթյանը Գնելին հարցրել է`հնարավո՞ր է`ինչ- որ բան գիտես, և Զարմիկ Մարկոսյանը թույլ չի տվել որդուն պատասխանել հարցին`նշելով, թե նա ոչինչ չգիտի: Այս զրույցի ժամանակ արդեն պարզ է եղել, որ Գնել Թևոսյանին ռազմանական ոստիկանություն են տանելու: Նախաքննական իր ցուցմունքում Դավիթ Դավթյանը մանրամասնել է, որ Զարմիկ Մարկոսյանի խոսքից հետո Գնել Թևոսյանն ասել է`«տանում են, թող տանեն, ես ոչ մի բան չգիտեմ»:

Դավթյանը հիշեց նաև, որ կուրսանտներից մեկն իրեն հայտնել է այն մասին, որ Գնել Թևոսյանի խնդրանքով վերջինիս անձնական իրերի մեջից դանակ ու հագուստ է վերցրել ու տվել հորը՝ Զարմիկ Մարկոսյանին:

Դատարանում հրապարակվեց նաև վկայի նախաքննական ցուցմունքը: Դրանում Դավիթ Դավթյանը գրել էր, թե կուրսանտներից մեկը`այս գործով կարևոր վկա Նորիկ Օհանջյանյանը, ով Հայկազ Բարսեղյանի ննջարանում է քնելիս եղել, իրեն ասել է, որ սպանության օրը երեք կուրսանտ մտել են ննջարան, հավաքվել Բարսեղյանի մահճակալի մոտ, նրան խեղդել: Օհանջանյանն, ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, ասել է նաև, որ այդ երեքի մեջ հաստատ եղել է Գնել Թևոսյանը:

Ինչպես հայտնի է, այս գործի նյութերի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև Գնել Թևոսյանի հոր`Զարմիկ Մարկոսյանի նկատմամբ, ով, ըստ մեղադրանքի, որդու համար ինստիտուտում արտոնյալ պայմաններ է ստեղծել:

Այս գործի քննության ընթացքում բազմաթիվ կուրսանտներ հայտնել են այն մասին, որ Գնել Թևոսյանը հաճախ է բացակայել զորամասից, ինչը թույլատրելի չի եղել:

Վկա  Դավթյանին այս աչնչությամբ ևս հարցեր ուղղվեցին, և վերջինս պատասխանեց, թե Գնելին հայրը տանում, բերում էր, ու եթե անգամ չէր կարելի, ինքն իրավասու չէր այդ հարցում արգելք հանդիսանալ:

Այսօրվա դատական նիստն ավարտվեց, և մյուսը նշանակվեց հունվարի 22-ին

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Այնպես է պատահել , որ Մասիս-Երևան գնացող ավտբուսում հաճախ կիրակի օրերին միասին ենք գնացել Հայկազի հետ, զրուցել ենք իրար հետ, շատ համեստ ու հարգալից տղա էր, ինչ որ տեղ ամոթխաց ու բարի հայացք ուներ ու շատ կոկիկ հագնվաց, դրա հետ նաև գիտակից ու հաճելի զրուցակից, քանի անգամ եմ ինքս տեսել , որ իր տեղը զիճել է, երբ կանգնաց կին կամ հասակով տղամարդ է տեսել կանգնաց: Շատ ցավալի է, երբ իմացա Հայկազի հետ կատարվածը, արտակարգ լավ մարդ, որ մտածում էր իր կյանքը նվիրաբել իր երկրի պաշտպանությանը, ոչ թե իր տականք ու հխփացաց հայրենակցի ձեռքով սպանվեր: Իմ խորին ցավակցություները իր հարազատներին ու թող աստված հոգին լուսավրի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter