HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենտրանական բանկը ներկայացրել է դեկտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունն ուղարկել է 2017 թ. դեկտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի արձանագրությունը։ Այն նեկայացնում ենք ստորև․

2017 թ. դեկտեմբերի 26-ի ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ, ինչպես և սպասվում էր, 2017թ-ի չորրորդ եռամսյակի անցած ժամանակահատվածում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ նոյեմբերի վերջին կազմելով 2.2%: Գնաճին գերակշռող մասով նպաստել է «Սննդամթերք» խոշոր ապրանքախմբի ապրանքների գների աճը, որի կառուցվածքում սեզոնային բնականոն աճ են դրսևորել «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի ապրանքների գները: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաև կարագի և մսի գների էական աճ՝ պայմանավորված կարագի և խոզի մսի միջազգային գների աճով և տավարի մսի արտահանմամբ, ինչը զգալիորեն նպաստել է բնականոն գնաճի շարունակական աճին: Վերջինս էլ իր հերթին վկայում է վերականգնվող ներքին պահանջարկի և գնաճային սպասումների աճի մասին: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն ավելի արագ են ավելանում՝ պայմանավորված պարենային ապրանքների միջազգային շուկայում վերը նշված ապրանքների գների աճի և 2018թ-ից ՀՀ-ում ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության՝ ներքին գների վրա գերագնահատված ազդեցության վերաբերյալ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությամբ: Միևնույն ժամանակ Խորհուրդն ակնկալում է գնաճային միտումների պահպանում նաև դեկտեմբերին, ինչի հետևանքով ամսվա գնաճը կգերազանցի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը և 12-ամսյա գնաճը կշարունակի ավելանալ՝ տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 5.0%, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար այն գնահատվում է 6.4%՝ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում գնահատված 4.6%-ի դիմաց: Միաժամանակ արձանագրվեց, որ չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ: Նշվեց, որ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը: Ներքին բարձր պահանջարկն իր հերթին արտահայտվել է ներմուծման, առևտրի, տնտեսության վարկավորման աճերի և բնականոն գնաճի արձանագրված տեմպերում:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերը

գերազանցել են սպասումները՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով: Միջազգային ապրանքահումքային շուկայում գնաճային զարգացումներն ընթացել են հիմնականում ԿԲ կանխատեսումներին համահունչ, միայն նավթի գնի մասով է արձանագրվել սպասվածից ավելի աճ՝ պայմանավորված արտադրության ծավալների կրճատմամբ: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց. քանի որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են չափավոր գնաճային ազդեցություններ:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները՝ փաստելով, որ եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածի տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու կամ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները: Գնաճային սպասումների և գնաճային ռիսկերի շարունակվող ավելացման պարագայում, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվեց քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ հաշվի առնելով ներքին պահանջարկի վերականգնման տևականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ամփոփվեց, որ վերոնշյալ բոլոր գնաճային գործոնները ներառված են չորրորդ եռամսյակում արված կանխատեսումներում և ԿԲ-ն մշտապես հետևում է գնաճային զարգացումներին ու առկա ռիսկերի դրսևորմանը: Միևնույն ժամանակ Խորհուրդն այսօր առավել հաստատակամ է, որ կանխատեսված զարգացումների ներքո և միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման առումով առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ:

Խորհուրդը հաստատեց ԿԲ գործիքների տոկոսադրույքների վերաբերյալ որոշումը և առաջարկվող մամլո հաղորդագրությունը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter