HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչն է պատժելի, ինչը՝ ոչ. քաղհանրությունը քննարկում է քրեական ու դատական օրենսգրքերի նախագծերը

Շուտով օրենսդիր մարմինը կընդունի երկու նոր օրենսգրքեր՝ դատական և քրեական: Քաղաքացիական հասարակությունը քննարկում է երկու օրենսգրքերի նախագծերը՝ նախօրոք ներկայացնելով առաջարկություններ: Դրանցից որոշներն ընդունվել են, որոշները՝ ոչ: Հիշեցնենք, որ դատական օրենսգիրքն ԱԺ-ի կողմից արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Այսօր «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության կողմից ստեղծված «Արդարադատություն» խմբի անդամները, որի կազմում են փաստաբաններ, իրավապաշտպաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, փորձագետներ, ներկայացրեցին իրենց առաջարկություններն ու նկատառումները երկու օրենսգրքերի նախագծերի շուրջ:  

Թեպետ հրավիրված էին պետական շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդուհանդերձ ընդամենը 1-2 մարմնից էին պաշտոնյաներ ներկայացել: Փաստաբան Հայկ Ալումյանը նկատեց, որ եթե Վենետիկի հանձնաժողովը նման քննարկում կազմակերպեր, ապա բոլոր պաշտոնյաները եթե ոչ առաջին, ապա երկրորդ դեմքերով ներկայացված կլինեին:   

«Նոր Սահմանադրությամբ ի չիք է դրվում դատական իշխանության անկախությանը»

«Քաղաքացիական հասարակության նկատառումները դատական և քրեական օրենսգրքերի նախագծերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը «Արդարադատություն» խմբի անդամները կարևորեցին դատական իշխանության անկախության ու արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման հարցերը:

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ոչ թե դատական օրենսգրքով, այլ նոր՝ 2015 թ.-ի Սահմանադրությամբ, ի չիք է դրվում դատական իշխանության անկախությանը. «Դատական օրենսգիրքը մի վայրկյան դնենք մի կողմ, տեսնենք Սահմանադրությունն ինչ է ասում՝ այն, որ դատական իշխանությունը երկրի նախագահի լիակատար վերահսկողությունից անցնելու է մեծամասնության լիակատար վերահսկողության տակ, ձևը փոխվել է, բովանդակությունը՝ ոչ»:

Հայաստանի հելիսնկյան քաղաքացիաակն ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով, քաղաքացիական հասարակության դերը դատական իշխանության գործունեության հարցում հասցված է մինիմումի, ավելին՝ կրում է ձևական բնույթ: Թերևս, միայն շրջակա միջավայրի հարցերում է պահպանվել, այն էլ, ըստ իրավապաշտպանի, Օրհուսի կոնվենցիայի պահանջն է:

Փաստաբան Հայկ Ալումյանի համոզմամբ, դատավորը ֆինանսական կախման մեջ պետք է չլինի որևէ կողմից: Մինչդեռ քաղաքացիական ոլորտում քննվող գործերի առյուծի բաժինը բանկերինն է, որոնցով դատի են տալիս քաղաքացիներին: Հետևաբար, ըստ փաստաբանի պետք է հայտարարագրվի դատավորների ունեցվածքը այն մասով նաև, թե որ բանկերից կարող է ունենալ կախվածություն: Ի դեպ, այս թեմային անդրադարձել է «Հետքը»՝ բացահայտելով, թե ինչպիսի ցանկալի վարկառուներ են դատավորները:

Փաստաբաններին զսպելու միջոց՝ տուգանք

Դատական օրենսգրքի նախագծի մեկ նորամուծություն, այն է՝ փաստաբաններին ու դատախազներին տուգանքով պատժելու մասին դրույթը լուրջ քննարկումների տեղիք է տվել: Փորձագետ Դավիթ Խաչատրյանն այն անվանեց քրեական պատիժ. «Դատական սանկցիա տուգանքը ինքնին հանդիսանում է քրեական պատիժ նաև ՄԻԵԴ-ի դիրքորոշումների համաձայն»,-ընդգծեց փորձագետը:

2005 թ-ին ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրեց ընդդեմ Կիպրոսի՝ համարելով դատական սանկցիա տուգանքը որպես պատիժ փաստաբանի նկատմամբ, որը կայացվել է դատավորի կողմից, այն դատավորի, ով փաստորեն իր իսկ գործով հարց է լուծել։ Մինչդեռ ոչ մեկը չի կարող լինել դատավոր սեփական գործով։ «Սանկցիաներ կիրառած դատավորները տուժող են փաստորեն և ինքնուրույն չեն կարող նման վարքագիծ դրսևորել»,-հավելեց փորձագետ Խաչատրյանը:

Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Էմիլ Ամիրխանյանի կարծիքով, տուգանքի մեխանիզմ ներդնելով այն որպես գործիք է ծառայելու՝ ներազդելու, ճնշելու փաստաբանին. «Դատարանն է գնահատելու փաստաբանի վարքագծի իրավաչափությունը, մի մարմին, որին հասցեագրվել է նման վարքագիծը։ Իսկ այս հարցում դատարանը չի կարող լինել անաչառ մարմին»,-կարծիք հայտնեց Էմիլ Ամիրխանյանը։ Բացի այդ, դատարանի՝ տուգանքի սանկցիա կիրառելու մասին որոշումը կայացման պահից է ուժի մեջ մտնելու և չի կասեցվելու բողոքակմամբ։ Սա, ըստ Էմիլ Ամիրխանյանի, ևս խնդրահարույց է:

Փաստաբանական դպրոցի տնօրենի տեղակալ Ռոման Ահարոնյանն էլ առանձնացրեց քրեական օրենսգրքի նախագծում տեղ գտած երեք խնդրահարույց դրույթ, որոնք ուղղված են նաև փաստաբանական գործունեությանը: Մասնավորապես՝ 260-րդ հոդվածով սահմանվում է՝ ՀՀ կամ այլ պետության առևտրային կամ այլ կազմակերպության ծառայողի, արբիտրի, աուդիտորի, պահառուի, կառավարչի, նոտարի կամ փաստաբանի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը ի վնաս այդ կազմակերպության շահերին օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը, կամ իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով իր լիազորություններից չբխող արարք կատարելը, որը հանգեցրել է մարդու իրավունքների կամ ազատությունների, օրինական շահերի սահմանափակման, զրկման կամ այլ էական վնասի կամ խոշոր չափի գույքային վնաս է պատճառել անձի, կազմակերպության, հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնհինգապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը երկու հարյուր ժամ տևողությամբ կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Քրեորեն պատժելի է դարձել նաև փաստաբանի կամ անձին իրավաբանական օգնություն ցույց տվող կամ տված այլ անձի կողմից վստահորդից ստացված տեղեկատվությունն ապօրինի օգտագործելը կամ նրա անունից հանդես գալու լիազորություն ունենալով՝ առանց անձի համաձայնության հակառակ կողմին իրավաբանական խորհրդատվություն մատուցելը կամ օգնություն ցուցաբերելը կամ վերջինիս օգտին որևէ արարք կատարելը, որը վնաս է պատճառել այդ անձի օրինական շահերին կամ իրավունքներին: Ըստ Ռոման Ահարոնյանի, այս հարցը քաղաքացիաիրավական տիրույթի հարց է, ոչ թե քրեաիրավական:

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելն այլևս պատժելի արարք չէ

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ ընտրական իրավունքի դեմ ուղղված հանցագործություններում ակնհայտորեն մեղմացում կա։ Սակայն հարցն այն է, որ նույն դրույթները քրեական օրենսգրքում խստացվել էին 2016-ին՝ երկու տարի առաջ, երբ որպես հիմնավորում նշվել էր, որ դրանք արվում են ընդդիմություն-իշխանություն-քաղհասարակություն քաղաքական համաձայնությամբ պայմանավորված: «Այս նախագծում հետադարձ քայլ է կատարվել, առանց որևէ հիմնավորման: Արդյո՟ք սա նշանակում է, որ այդ համաձայնությունն այլևս չկա, որ դարձյալ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում»։

Մասնավորապես, ԹԻ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատուն նշեց, որ երկու դրույթ դուրս է մնացել նախագծից: Օրինակ՝ քվեարկության պարագաները՝ գրանցամատյան, կնիք, դրոշմանիշ և այլն, դիտավորությամբ հափշտակելու մասին հոդվածը, չսամհանված կարգով զենքով ընտրատեղամաս մուտք գործելու մասին դրույթը. «Ինչ է՝ միթե վերացել է այդ մասով հանրային վտանգավորությունը»:

Դուրս է մնացել նաև այն խրախուսող դրույթը, ըստ որի ընտրակաշառք ստացող անձինք, ովքեր երեք օրվա ընթացքում կդիմեին իրավապահներին և կաջակցեին հանցագործության բացահայտմանը, կազատվեին քրեական պատասխանատվությունից։ Նախկինում այս դրույթը ներկայացվել է որպես կանխարգելիչ: Հետևաբար ինչ է փոխվել, որ այն հանվել է, հարց է բարձրացնում Հերիքնազ Տիգրանյանը:

Ավետիք Իշխանյանը ենթադրում է՝ քրեական նոր օրենսգիրքը մշակող խմբի վրա ճնշումներ են եղել

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն անդրադարձավ ցմահ ազատազրկմանը՝ որպես բացառիկ պատժատեսակի, կարգավորումներին, որոնք առաջարկվել են նոր նախագծով: Ասաց, որ շատ եվրոպական երկրներում արդեն բացառել են նաև ցմահ ազատազրկում պատժատեսակը, օրինակ Բոսնիայում, Իտալիայում՝ հիմնավորելով այն հանրահայտ իրավական ճշմարտությամբ, այն է՝ պատժի խստությունը դեռևս չի կանխարգելում հանցագործությունը, այլ պատասխանատվության անխուսափելիությունը։

Կան երկրներ, որտեղ ցմահ ազատազրկում կարող է նշանակվել ոչ թե 18, այլ՝ 21 տարեկանից սկսած։ Հիմնավորումն այն է, որ 18-21 տարեկանը դեռ անցումային շրջան է: Այդ ինստիտուտը կոչվում է Երիտասարդ չափահասների արդարադատություն: Թեպետ այդ ինստիտուտն առկա է նախագծում, այդուհանդերձ, այլ դրույթների հետ հակասություն է առաջացնում, ըստ իրավապաշտպանի:

Ավետիք Իշխանյանը նշեց, որ քրեական օրենսգրքի նախագծի նախնական տարբերակում նախատեսված էր ցմահ ազատազրկման համար 21 տարեկանից բարձր սահմանել։ Նոր առաջադրված նախագծում նորից 18 տարեկանն է։ Իրավապաշտպանը ենթադրում է, որ քրեական օրենսգիրքը մշակող խմբի վրա ճնշումներ են եղել, հետևանքն այն է, որ 21 տարեկանի շեմը բացառվել է. «համոզված եմ, որ սա քաղաքական որոշում է: Երբ առաջարկություն արվեց դարձյալ շեմը բարձրացնել, հիմնավորումն այն էր, թե մենք պատերազմական վիճակի մեջ։ Ես անկեղծ ասած չեմ հասկանում, արդյո՟ք Հայաստանում պաշտոնապես պատերազմ է, և ի՟նչ կապ ունի պատերազմը»:  

Ըստ Ավետիք Իշխանյանի, պատճառն այն է, որ իշխանությունը պարզապես չի ցանկանում գոնե վերանայել ցմահ ազատազրկվածների խնդիրը։ «Հայաստանում, կարծես,  քաղաքական որոշում կա որևէ ձևով չանդրադառնալ դատապարտյալների այս խմբին։ Չի կիրառվում պայմանական ազատումը, ձևական պատճառաբանություններով այդ գործերը մերժում են, ներումը, չեն վերանայվում քրեական գործերը»։

Նախագծերին կարող եք ծանոթանալ այստեղ.

Դատական օրենսգրքի նախագիծ

Քրեական օրենսգրքի նախագիծ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter