HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Կոմիտաս 5-ի գործով Արգիշտի Կիվիրյանի բողոքը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել Արգիշտի Կիվիրյանի բողոքը` կապված իր նկատմամբ Եվրոպական կոնվենցիայի երրորդ հոդվածի խախտման հետ (անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը):

Այս մասին «Հետք»-ին ասաց Կիվիրյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը: Փաստաբանը նշեց, որ բողոքը վերաբերում է Կոմիտաս 5-ում տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին:

Հիշեցնենք, Արգիշտի Կիվիրյանը ակտիվորեն մասնակցում էր 2013-ի ամռանը Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարության դեմ կազմակերպված բողոքի ակցիաներին: Օգոստոսի 24-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի օրը վերջինս բերման էր ենթարկվել ոստիկանություն և, իր պնդմամբ, ոստիկանական մեքենայի մեջ, ոստիկան Վրթանեսյանի կողմից ծեծի ենթարկվել: Մինչդեռ ոստիկանները պնդում էին, թե Կիվիրյանն է, որ ոստիկաններից մեկի նկատմամբ բռնություն է գործադրել:

«Կոմիտասից տանելու ընթացքում  ոստիկանը բռնություն էր գործադրել Կիվիրյանի  նկատմամբ և նրան պատճառել մարմնական վնասվածքներ: Հետագայում իրենց գործողությունները քողարկելու նպատակով ստեղծել էին մի վարկած, թե Կիվիրյանն ինքնավնասվել է` գլխով դռան բռնակին հարվածելու միջոցով, ավելին, բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ`վերջինիս կծելով, որից հետո, ոստիկանն, իբր ստիպված է եղել ֆիզիակական ուժ գործադրել, որպեսզի կանխի այդ գործողությունները»,-գործի հանգամանքները հիշեցրեց Երվանդ Վարոսյանը:

Նշենք, որ այս միջադեպից հետո Կիվիյանի նկատմամբ  քրեական գործ էր հարուցվել` Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, այն է` իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը: Այս  գործով դատական նիստերը զավեշտի էին վերածվում: Դեպքի վայրում ծառայություն իրականացրած, ինչպես նաև Կիվիրյանին բերման ենթարկած ոստիկանները հակասական ցուցմունքներ էին տալիս: Ոստիկաններից մեկն անգամ, այն բանի համար, որ թաքցնի, թե մինչև դատական նիստի սկսվելն ում հետ է հեռախոսազրույց ունեցել, նիստի ընթացքում կուլ էր տվել իր հեռախոսի քարտը:

Այնուամենայնիվ, Առաջին ատյանի դատարանը Կիվիրյանին մեղավոր էր ճանաչել իրեն մեղսագրվող արարքում, սակայն Վերաքննիչ դատարանը արդարացրել էր նրան:

Ինչ վերաբերում է ոստիկանների կողմից Կիվիրյանի նկատմամբ  բռնություն գործադրելուն, ապա Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել ոստիկանների նկատմամբ  քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս որոշումը Կիվիրյանի փաստաբանների կողմից բողոքարկվել էր:

Վերջիններս պնդում էին, որ Կիվիրյանին բերման ենթարկելու տեսագրություններ կան համացանցում, որոնցում երևում է, թե ովքեր են ներկա եղել դեպի ժամանակ, սակայն քննիչը նրանց չի հարցաքննել, այլ սահմանափակվել է ընդամենը երեք ոստիկանների հարցաքննությամբ, որոնցից երկուսը հենց Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններն էին: Ուստի փաստաբանների համար զարմանալի չէ, որ այս ոստիկանները պիտի հերքեին, թե բռնություն են գործադրել Կիվիրյանի նկատմամբ, քանի որ հակառակ դեպքում ի հայտ էր գալու իրենց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Այսպիսով, փաստաբանները պնդում էին, որ Կիվիրյանի` իր նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու, ապօրինություններ կատարելու վերաբերյալ հայտարարությունները համապատասխան արձագանքի չեն արժանացել, և պետական պատկան մարմինները դրանց վերաբերյալ քննություն չեն իրականացրել:

Հայաստանի դատական ատյանները սպառելուց ու արդյունքի չհասնելուց հետո փաստաբանները դիմել էին Մարդու իրավունքների եվրոպայան դատարան:

Երվանդ Վարոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ը Կառավարությանը հարցեր է ուղարկել՝ փորձելով ստանալ հետևյալ պատասխանները. արդյոք կառավարությունը չի՞ գտնում, որ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի փաստ է տեղի ունեցել և, Կառավարության կարծիքով` Կիվիրյանի նկատմամբ վատ վերաբերմունքի ստուգման հետ կապված արդյունավետ քննություն իրականացվել է, թե՞ ոչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter