
«Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքները դադարեցված են, պատճառների մասին կարծիքները՝ իրարամերժ
Այսօր «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետում աշխատողների ելումուտ գրեթե չկար: Տարածքում կանգնած էին աշխատողների մի քանի ավտոմեքենաներ: Անցակետի մոտ կանգնած աշխատողներից մեկից տեղեկացանք, որ Վալերի Մեջլումյանի կողմից հունվարի 11-ից Թեղուտի հանքում և ֆաբրիկայում աշխատանքերը դադարեցված են: Թեղուտ բնակավայրի վարչական պատասխանատու Ֆրունզե Նորեկյանի խոսքով՝ այս պահին «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆաբրիկան չի աշխատում նորոգման պատճառով:
«Ես ինչքան տեղյակ եմ, իրենց հետ էլ խոսել եմ, ընկերության աշխատողների մեծ մասին հերթական արձակուրդ են տալիս»,- հայտնեց Ֆ. Նորեկյանը: Թեղուտի գյուղամիջի մթերային խանութի աշխատողը պատմեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատող իր ամուսնուն արձակուդ են ուղարկել, որի պատճառներին ինքը տեղյակ չէ: Շնողի ճանապարհին մեզ հանդիպած Ծովինարն էլ պատմեց, որ օրերս աշխատանքից տուն են ուղարկել «Թեղուտ» ՓԲԸ-ում պահակ աշխատող որդուն՝ ընդգծելով, որ աշխատողներից որևէ մեկը տեղյակ չէ, թե ինչու են իրենց տուն ուղարկում
Շնողցի Լյովա Ալիխանյանը «Թեղուտ ՓԲԸ»- ի աշխատանքերի դադարեցման պատճառների մասին մեզ հետ զրուցեց ավելի հանգամանալից.
«Ես գիտեի, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն վաղ թե ուշ պետք է փակվի»,- ասաց նա: Լյովան ասում է՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի մասին իր տեղեկությունները աշխատակիցներից է իմացել:
«Պոչամբարի պատվարը ոչ բետոն է , ոչ երկաթ: Ընդամենը հողի շերտ է, որը կարող է անձրևներից փափկի: Պոչամբարը արագ է լցվում, չի հասցվում այնտեղ պոչանքների չորացում գնալ: Այն ձորի մեջ է: Պոչամբարի տակից դուրս եկող գրունտային ջուր կա, այն էլ մեծաքանակ: Պոչերը, որ լցնում են պոչամբար, նաև ընդերքից է ջուր դուրս գալիս, ո՞նց կլինի դա»,- ասում է նա:
Լ. Ալիխանյանը նշեց, որ տարվա 365 օրերից «Թեղուտ» ՓԲԸ-ն 100 օր արտանետում է ունենում, դա պատահականություն չի կարող լինել: Ընկերությունը անընդհատ պոչանքները ուղղում է Շնող գետ, այնտեղից էլ Դեբեդ, որպեսզի Թեղուտ ՓԲԸ-ի պոչամբարը չլցվի: Լյովայի խոսքով՝ Թեղուտի հանքի ծավալը ավելի մեծ է, քան Հայաստանի ամենամեծ կոչված Թեղուտի պոչամբարի ծավալը: Դրա համար ընկերության ղեկավարությունը ոչ թե պոչամբարի նախգծով սահմանված տարածքում է լցնում պոչերը, այլ անվտանգության տարածքում: Այդ տարածքը պետք է մնար անվտանգության գոտի, որ վթարի դեպքում պոչերը նախատեսված անվտանգության գոտու տարածքում կուտակվեր և ներքևի տարածքի բնակչությանը չվնասեր:
Լյովա Ալիխանյանը
«Խառատաձոր հանդամասում տեղակայված պոչամբարի հատակը Շնողի հրապարակից 45 մետր բարձր է: Եթե սողանք առաջանա, պոչանքը Թեղուտի ներքևի տները կծածկի, ընկերության գարաժներում աշխատողներին ու Շնող գետի եզերքից երեք շարք տուն հետը կսրբի կտանի: Եթե մի 10 տարի հետո պոչամբարը դեպի ավելի վերև ընդլայնվի, վթարի դեպքում պոչանքը կգա Շնողի հրապարակը կլցվի, դեռ կողքի թաղերի վրա էլ կգնա»,-բացատրում է Լյովա Ալիխանյանը:
Հետաքրքրվեցինք, թե արդյոք պոչամբարի հոսելու վտանգ կա, ինչին ի պատասխան զրուցակիցա ասաց հետևյալը. «Պոչամբարի հոսելու վտանգը էսօր «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարներն են տեսնում, որ կագնեցրել են ընկերության աշխատանքները: Իրենք ուրիշ պատճառ չունեն ընկերության աշխատանքերը դադարեցնելու: Սկի ֆաբրիկայի մեխանիզմների վրայի ներկը չի չորացել: Ֆաբրիկայի համար ամբողջը նոր սարքավորումներ էին բերել: Ուղիղ երեք տարի է, որ ֆաբրիկան աշխատացնում են: Դեկտեմբերի վերջին Թեղուտի ղեկավարությունն իմացավ, որ բնակչությունը պետք է կանգնեցնի պոչամբարի հանցագործությունը: Բայց ընկերությունում հայտնում են , թե «Թեղուտ» ՓԲԸ-ի ֆաբրիկան է վերանորոգվելու: Ֆաբրիկան այս պահին արդեն չի աշխատում, բայց իրենք երկուշաբթի օրը կիսլատեն Դեբեդն էին լցրել: Ժողովուրդը նայում է՝ գետը մաքուր է, բայց մարդիկ խեղդվում էին»:
Վերջինս հիշեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի արտադրության ծավալների մեծացման նախորդ տարվա օգոստոսի 24-ի հանրային լսումներին ընկերության ղեկավարներն ազդակիր Շնող և Թեղուտ համայնքների բնակիչներին համոզում էին իրենց իրավունք տալ ֆաբրիկայում կրկնակի ծավալներով հանքաքար մշակել: Լ.Ալիխանյանը պնդում է, որ Թեղուտի Ֆաբրիկան պրոբլեմ չունի, ընկերության ղեկավարները օգոստոսի 24-ի քննարկումներին վստահ էին, որ ֆաբրիկան պատրաստ է կրկնակի ծավալներով հանքաքարի մշակման:
«Պրոբլեմը իրենց մեղքով է, որ պոչամբարը նախագծային շեղումներով են կառուցել: Շատ կներեք, ոնց որ տաքսիով եկել եք, սալոնում նստելու փոխարեն, գնաք տաքսիի բեռնախցիկում նստեք: Ամեն հարցում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից նախագծային շեղումներ են թույլ տրվել: Ու դրա պատճառը այն է, որ այդ աշխատանքերը մի քանի կոպեկ էժան կատարեն»,- բացատրեց Լ. Ալիխանյանը:
«Թեղուտ» ՓԲԸ-ն արդեն 3 տարի է՝ աշխատում է: Շահագործվել է 2014թ.-ի դեկտեմբերին: «Եթե մենք համաձայնել էինք արտադրության ծավալների կրկնակի ավելացմանը, ապա մի 6 ամիս հետո «Թեղուտ» ՓԲԸ-ի պոչամբարը կպայթեր՝ մեծ սպառնալիքներ դառնալով բնակչության համար»,- ասաց զրուցակիցս: Նրա խոսքով շնողցիները պատրաստվում են Թեղուտի պոչամբարի վտանգների մասին ահազանգ դիմում ուղարկել Ազգային ժողովին: «Պահանջելու ենք, որ ԱԺ հատուկ հանձնաժողովը, դատախազությունը, քննչական կոմիտեն մտնեն «Թեղուտ» ՓԲԸ-ի տարածք»,-ասաց Լ. Ալիխանյանը:
«Հետքը»հունվարի 14-ին «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանից պարզաբանումներ է խնդրել «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքների դադարեցման, աշխատողների կրճատումների, ընկերության վարկերի մարման ընթացքի և ֆինանսական վիճակի մասին.
«Թեղուտ» ՓԲԸ-ում հերթական պլանայանին կանգառ է, որի ընթացքում կատարվում են հարստացուցիչ ֆաբրիկայի սարքավորումների վերանորոգման աշխատանքներ: «Թեղուտ» ՓԲԸ-ում գործարկման պահից առ այսօր պարբերաբար իրականացվել են նման պլանային կանգառներ, դրանք պարբերաբար շարունակվելու են նաև ապագայում՝ պայմանավորված հանքարդյունաբերության առանձնահատկություններով և արտադրական անհրաժեշտությամբ: Այս պահին աշխատողների թվաքանակի կրճատման գործընթաց սկսված չէ: «Ֆինանսական ծանր վիճակի» մեջ լինելու վերաբերյալ լուրերը թողնում ենք առանց մեկնաբանության: Ամեն դեպքում, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ հիմնադրման պահից սկսած «Թեղուտ» ՓԲԸ-ն հանդիսացել է Հայաստանի խոշորագույն հարկատուներից: 2017թ. առաջին երեք եռամսյակի ընթացքում ընկրությունը վճարել է 9,13 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ դասվելով երկրի առաջին տաս խոշոր հարկատուների շարքը: Ընկերությունը իր վարկային պարտավորությունները կատարում է համապատասխան պայմանագրերով սահմանված կարգով»,- հայտնել է Թագուհի Կարապետյանը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ «Հետք»-ի հարցմանը առավել մանրամասն կպատասխանեն հաջորդ շաբաթվա ընթացքում:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել